Ճանաչված պատմաբան, Հայոց մեծ եղեռնի վերաբերյալ բազում գիտական լուրջ հետազոտությունների հեղինակ պրոֆ. Վահագն Տատրյանի գրքերը շարունակում են հետաքրքրություն առաջացնել ակադեմիական շրջանակներում:
Զորյան ինստիտուտից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ Միլանի (Իտալիա) «Էդիցիոնի Գերինի» հանրահռչակ ակադեմիական հրատարակչատունը իտալերենով լույս է ընծայել դոկտ. պրոֆ. Վահագն Տատրյանի դասական գլուխգործոց համարվող «Հայոց ցեղասպանության պատմությունը: Էթնիկական հակամարտությունը Բալկաններից մինչեւ Անատոլիա եւ Կովկաս» ուսումնասիրությունըՙ դոկտ. Ալեսանդրա Ֆլորես Դարկաիսի թարգմանությամբ:
Գիրքը թարգմանվել է 2003-ին «Բերգան բուքս» հրատարակչատան լույս ընծայած անգլերեն վերամշակված տարբերակից, որն արդեն ունեցել է վեց հրատարակություն, ներառյալ փափուկ շապիկով հրատարակությունը, որն առավել մատչելի է դարձնում գիրքը ուսանողներին: Այն պարտադիր գրականություն է համարվում Մինեապոլիսի (ԱՄՆ) եւ Տորոնտոյի (Կանադա) համալսարաններում դասավանդվող «Ցեղասպանությունը եւ մարդու իրավունքները» առարկայի համար: «Տվյալ թեմայի շուրջ գրված ամեն տեսակի հակասական եւ շփոթեցնող գրականության մեջ... Տատրյանի ուսումնասիրությունն իրավական տեսակետից ամենահամոզիչն է եւ ամենամոտիկըՙ պատմական ճշմարտությանը», գրել է այդ գրքի մասին Մարդու իրավունքների միջազգային ինստիտուտի եւ Քրեական օրենքների միջազգային ասոցիացիայի նախագահ պրոֆ. Շերիֆ Բասիունին:
Նույն գրքի ֆրանսերեն տարբերակն արդեն երկրորդ հրատարակության է արժանացել, իսկ Դամասկոսում (Սիրիա) լույս է ընծայվել գրքի արաբերենՙ մի փոքր կրճատված տարբերակը: Երկու տարի առաջ այն լույս էր տեսել նաեւ հունարենով: Վերջերս Բուլղարիայում Պողիկ Մեսրոպը բուլղարերեն է թարգմանել եւ ուղարկել կառավարական մարմիններին եւ լրատվամիջոցներին Տատրյանի «Հայկական ցեղասպանությունը եւ դրանում գերմանացիների ընդգրկվածության ապացույցը» հոդված-ուսումնասիրությունը, որը 1998-ին հրատարակվել էր «Վեսթ Լոս Անջելես Լոու Ռեւյու» իրավագիտական պարբերականում:
Իսկ Թուրքիայից ստացված տեղեկությունների համաձայն, ըստ Զորյան ինստիտուտի հաղորդագրության, Բիլգի Յայինլարիի կողմից այս տարվա սկզբում թուրքերենով հրատարակված Տատրյանի ցեղասպանության թեմայով հոդվածների ժողովածուի առաջին հատորը լավ է վաճառվում ակադեմիական երեքՙ Ստամբուլի «Դոսթ», Իզմիրի «Կաբիլե» եւ Անկարայի «Իմջե» գրախանութներում: Թուրք մտավորականների հետաքրքրություններն այս թեմայի շուրջ առաջացել է մասնավորապես դոկտ. Թաներ Աքչամի գրած գրախոսականի շնորհիվ, որն ամբողջությամբ եւ առանց խմբագրական միջամտությունների տպագրվել է թուրքական «Ռադիկալ» թերթում, զարմանք պատճառելով մասնագետներից շատերին:
Գրախոսականում Աքչամը, մեծապես գնահատելով հեղինակին, գիրքը համարել է «անգին ներդրում», շեշտելով, որ այն թուրք լսարանի համար եզակի հնարավորություն է ընձեռում ծանոթանալու ցարդ «տաբու» համարվող թեմային: Նա նաեւ նկատել էր, որ Եվրոմիության անդամ դառնալու ձգտում ունեցող երկրի համար, ինչպիսին Թուրքիան է, անհարիր էր ժխտել Հայոց ցեղասպանության փաստը:
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ