«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#145, 2004-08-24 | #146, 2004-08-25 | #147, 2004-08-26


ԵՆԹԱՏԵՔՍՏԸ ԴԱՐՁԱՎ ԲՈՒՆ ՆՊԱՏԱԿ

Այսօր կամ վաղը «Կիլիկիա» առագաստանավը կհանգրվանի Աթենքում

Երեք օր է նավը դուրս է եկել Ցարեւոյի նավահանգստից, արդեն անցել Լեզբոս կղզին: Քանի որ «Ազգ»-ն արձակուրդում էր, «Կիլիկիայի» ամբողջ ճամփորդությանը չենք անդրադարձել: Սոչի-Նովոռոսիյսկ-Յալթա-Կոնստանցա-Վառնա-Ցարեւո ճանապարհն անցել են մոտ մեկ ամսում: Ինչպես նշեց «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի փոխնախագահ, ափային կոորդինացիոն շտաբի պետ Հմայակ Տարախչյանը, բոլոր քաղաքներում նավի անձնակազմին ընդունել են քաղաքապետները, հանդիպումներ են եղել նավահանգիստների ղեկավարների, հայ համայնքների ներկայացուցիչների հետ: «Նախնական ճանապարհը բավականին մեծ փոփոխությունների է ենթարկվել, ասաց նա, դա պայմանավորված է եղանակով եւ նավագնացության` նոր ձեռք բերած նշանակությամբ: Միջերկրականում սեպտեմբերի 10-15-ից սկսվելու են ուժեղ քամիները, ջերմաստիճանը անկում է ապրելու, ժամանակի սղության պատճառով հավանաբար այս տարվա ծրագրից դուրս կմնա Եգիպտոս-Լիբանան-Սիրիա ճանապարհը:

Եթե սկզբում բուն նպատակը պատմական փորձարկում անցկացնելն էր, ապա այսօր ենթատեքստն է բուն նպատակ դարձել. ժամանակի ընթացքում առաջնային են դարձել ափում կազմակերպվող հասարակական միջոցառումները, որոնք պրոպագանդում են մեր ազգային մշակույթը, նորանոր կապեր են հաստատում երկրների հետ, թարմացնում հայ համայնքների հարաբերությունները: Այս պատճառով երբեմն ստիպված ենք ճանապարհը փոփոխել` հարմարեցնելով վերոհիշյալ նպատակներին»:

Կառուցման առաջին օրերից «Կիլիկիայով» հետաքրքրվողների թիվը մեծ էր: Նրանցից էին Բուլղարիայում Հայաստանի դեսպան Սեւդա Սեւանն ու իր ամուսինը` բուլղարացի գրող, հրապարակախոս Վրբան Ստամատովը: Մի քանի տարի առաջ Վրբան Ստամատովը վախճանվել է, սակայն տիկին Սեւդան այասականների հետ պահպանել է բարեկամական կապերը: Վառնայում դիմավորելով այասականներին` տիկին Սեւդան 2 օր նավաստի է դառնում, «Կիլիկիայով» գնում Ցարեւո, որտեղից, ի նշան Վրբամ Ստամատովի հանդեպ հարգանքի, նավաստիների հետ այցելում Ախտոպոլի իրենց տուն: «Ծովային ավանդույթ է, ասաց պրն Տարախչյանը, ի նշան կյանքին հրաժեշտ տված սիրելիների հանդեպ հարգանքի` նավաստիները հանգուցյալի տան մոտով անցնելիս ծաղկեպսակ են իջեցնում ջուրը: Տղաներն այդպես վարվեցին ինչպես Վրբամ Ստամատովի տան, այնպես էլ Զորավար Անդրանիկի տուն-թանգարանի մոտով անցնելիս»:

Եղանակը գնալով վատանում է: Երբ նավաստիները Ախտոպոլից վերադարձան Ցարեւո` շարունակելու ճամփորդությունը, զգուշացում ստացան, որ փոթորիկ է լինելու: Բնականաբար պետք է սպասեին եղանակի լավացմանը: Չորս օր նավահանգստում սպասելուց հետո «Կիլիկիան» վերսկսեց իր ուղեւորությունը: Նավաստիները պրն Տարախչյանին գրել էին, որ միայն Հայաստանում են այնքան շատ հայի միասին տեսել, որքան Ստամբուլում: Վերջին մի քանի հարյուր տարիների ընթացքում առաջին անգամ Բոսֆորի նավաշատ նեղուցով հայկական դրոշը կրող առագաստանավ անցավ: Նավն այս տարի ձմեռելու է Վենետիկում: Եթե ժամանակը եւ եղանակը նպաստավոր լինեն, գուցե Աթենք հասնելուց հետո «Կիլիկիան» վերադառնա, նավարկի պատմական Կիլիկիո ափերով, ապա Հունաստանի եւ Հարավսլավիայի ափերով կնավարկի եւ կհանգրվանի Մխիթարյանների մոտ:

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4