«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#145, 2004-08-24 | #146, 2004-08-25 | #147, 2004-08-26


ԿԱՆԱԴԱՀԱՅ ՊԱՏԱՆԻ ԴԱՇՆԱԿԱՀԱՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ ԱՆՈՒՆ Է

Կանադայի Մքգիլ համալսարանի պրոֆեսոր Դորա Սաքայանի 14-ամյա թոռնիկըՙ Սուրեն Բարին, վերջերս մասնակցելով այս տարվա համականադական երաժշտական մրցույթներին, դաշնամուրային կատարումով գրավել է երրորդ տեղը: Նրա մասին կանադացիներն առաջին անգամ տեղեկացան 2001 թվականի ապրիլինՙ «Օտտավա սիթիզն» օրաթերթի արվեստի բաժնում տպագրված «11-ամյա պատանին փայլում է Քիվանիի երաժշտական փառատոնում» հոդվածից: Հաջորդ երկու տարիներին Բարին մասնակցեց Օնտարիոյի Քիվանի երաժշտական փառատոնինՙ արժանանալով գլխավոր մրցանակների: Նրան բարձր գնահատող մասնագետներից մեկն ասել է. «Երբ փակում ես աչքերդ, չես հավատում, որ նվագողը 12 տարեկան պատանի է, որն ընդամենը մի տարի առաջ է սկսել մասնակցել երաժշտական մրցույթներին: Նա կարծես վիրտուոզ դաշնակահար լինի»:

Սուրենը ծնվել է 1990 թվականի ապրիլի 21-ին, Մոնրեալում, մեծացել Օտտավայում: Փոքր հասակից խոսել է հայերեն եւ անգլերեն, հինգ տարեկանից նաեւ ֆրանսերեն: Հենց այդ տարիքից էլ սկսել է դաշնամուրի դասեր առնել Ռուսաստանից ներգաղթած դասատու Տատյանա Մելեշկոյի մոտ, որն առաջինն էր նկատել Սուրենի երաժշտական բացառիկ ձիրքը: 1995 թվականից սովորում է ֆրանսիական դպրոցում, լավագույն աշակերտներից է, աչքի է ընկնում սպորտային նախասիրություններով, անսպառ հումորով, ինչպես նաեւ նմանակելու ձիրքով:

Նա երազում է այցելել Հայաստան ու նվագել հայաստանցիների համար, որոնց երաժշտասիրության մասին շատ է լսել մորից ու տատիկից: Նրա սիրած կոմպոզիտորներից է Արամ Խաչատրյանը, որի նկարը կախված է դաշնամուրի մոտ: Սիրում է նաեւ Կոմիտաս, ինքնուրույն սովորել է նրա ստեղծագործություններից մի քանիսը եւ համերգների ժամանակ սիրով նվագում է ծրագրից դուրս: Նա հպարտ է մոր կողմից հայ լինելու համար եւ կատակով ուղղում է նրանց, ովքեր իրեն լրիվ հայ չեն համարում. «Ինչպե՞ս թե լրիվ հայ չեմ: Հայերեն խոսում եմ, անունս Սուրեն է, ազգանունսՙ Բարի, դրանից ավելի հայ մարդ կարո՞ղ է լինել»:

ՄԱՐՈ ՄԱՆՈՒԿՅԱՆ, Մոնրեալ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4