Միայն երկրի նախագահն է ունակ մեզ փրկելու «սափրած գլուխներից»
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Երեկվա համարում «Հայոց աշխարհ» օրաթերթի մեր գործընկերն ուշագրավ առաջարկություն էր արել. «Արժե բոլոր լրատվամիջոցների թղթակիցներով գնալ Ծաղկաձոր ու նկարահանել թե՛ շքեղ «դաչաները», թե՛ հատվող անտառը»:
Հարց «սափրած գլուխներով» լրագրողներին ահաբեկող Հայաստանի իշխանություններին. եթե բոլոր լրատվամիջոցների թղթակիցներով որոշենք գնալ Ծաղկաձոր ու նկարահանենք ոստիկանության պետի տեղակալ Արմեն Երիցյանի, մաքսատան աշխատակից Կարեն Ջանոյանի, Մաքսային պետական կոմիտեի ղեկավար Արմեն Ավետիսյանի, ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանի, Աթենքում գտնվող Իշխան Զաքարյանի դղյակները, խմբակային ջարդ կուտե՞նք: Ապրիլի 5-ի, ապա եւ 13-ի դեպքերը հուշում են, որ վերոնշյալ հարցը բոլորովին էլ հռետորական չէ:
Հիշեցնենք, որ այդ օրերին բռնություններ գործադրվեցին մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ, օրենքի պաշտպան ոստիկանների ներկայությամբ ջարդուփշուր արվեցին լրագրողների տեսախցիկները, ծեծվեցին մեր գործընկերներից մի քանիսը:
Երեկ հայկական բոլոր օրաթերթերը հաղորդեցին, որ Ծաղկաձորում մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում բռնություն է կիրառվել «Ֆոտոլուրի» լուսանկարիչ Մխիթար Խաչատրյանի եւ «Առավոտի» լրագրող Աննա Իսրայելյանի նկատմամբ: Լրագրողները Ծաղկաձոր էին մեկնել տեղի անտառի վիճակի եւ այդ անտառներում պետական համեստ աշխատավարձերով դղյակներ կառուցող իշխանավորների մասին ֆոտոռեպորտաժ պատրաստելու: Օրաթերթերը մանրամասնորեն արդեն տեղեկացրել են լրագրողներ-«հաստավիզներ» «շփումների» մասին: Բարեբախտաբար, այս անգամ մեր գործընկերները փրկվել են թեթեւ վնասվածքներով եւ հայհոյանքներով: Մեր կողմից կրկին փաստենք. լրագրողի գործը Հայաստանում անվտանգ չէ:
Լրագրողների նկատմամբ ահաբեկչական մթնոլորտի ձեւավորման պատասխանատուն իշխանություններն են եւ մասնավորապես նախագահ Քոչարյանը: Անշուշտ, ուղղակիորեն հենց Քոչարյանը չէ, որ «սափրած գլուխներին» ուղարկում է ծեծելու-ջարդելու լրագրողներին: Սակայն Հայաստանի ղեկավարի լռությունն ուղղակիորեն պարարտ հող է ստեղծում հաջորդ բռնարարքների համար:
«Ազգը» հունիսի 17-ի իր հրապարակումներից մեկում («Հայաստանի երրորդ նախագահի համար ձեւավորվում է լրատվամիջոցների բերանը փակելու գործելակերպ») գրել էր, որ ոչ Հայաստանի գործող եւ ոչ էլ առաջին նախագահը լրատվամիջոցների բարեկամները չեն եղել: Ե՛վ Տեր-Պետրոսյանի, ե՛ւ Քոչարյանի համար նույնն է սկզբունքըՙ փակել նրանց բերանները, ովքեր իրենց մասին լավը չեն գրում, եւ կամ յուրային դարձնել նրանց, հատկապես հեռուստաընկերություններին: Կասկած չկա, որ ծաղկաձորյան բռնարարքի հետ Հայաստանի գործող նախագահն ուղղակի եւ անուղղակի որեւէ կապ չունի: Սակայն նախագահ Քոչարյանը պատասխանատու է առկա մթնոլորտի համար: Ցավոք, երկու նախագահներն էլ, առավել եւս նրանց շրջապատը, չեն գիտակցել, որ երկրի ղեկավարին ոչ մի բան այնքան վնաս չի բերում, որքան լրագրողին ծեծելը: Բոլոր բռնարարքները կուտակվում եւ Հայաստանին են ներկայացվում միջազգային տարբեր կազմակերպությունների տարեկան զեկույցներում:
Այդուհանդերձ, պետք է նկատենք, որ ծաղկաձորյան բռնարարքը հստակ շեշտադրմամբ տարբերվում էր ապրիլյան դեպքերից: Եթե այն ժամանակ լրագրողներին ծեծուջարդի ենթարկեցին ներքաղաքական նպատակներով (այդ օրերին Հայաստանի ընդդիմությունը հրապարակավ խոսում էր Քոչարյանին իշխանությունից հեռացնելու մասին), ապա ծաղկաձորյանն ավելի շատ վերաբերում է կոռուպցիայի ոլորտին: Լրագրողին չեն ահաբեկում նրա համար, որ նա բնապահպանական պրոբլեմի մասին է գրում, տվյալ պարագայումՙ ծառեր հատելու: Պարզապես երկու լրագրողներ իրենց ֆոտոռեպորտաժում հավանաբար հանրությանը եւ «կոռուպցիայի դեմ անողոք պայքար մղող» Հայաստանի իշխանություններին պիտի ցույց տային, թե ինչպես են պետական պաշտոնյաներն իրենց համեստ աշխատավարձով դղյակ կառուցում: Ավելի պարզՙ եթե պաշտոնյան կոռումպացված չէ, ապա նա ուղղակի ի վիճակի չի լինի դղյակ կառուցել, այն էլՙ Ծաղկաձորում: