«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#145, 2004-08-24 | #146, 2004-08-25 | #147, 2004-08-26


ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԴԵՄ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԲՌՆԱՐԱՐՔԸ

Հայաստանի գրողների միության նախագահությունը խորապես վրդովված է լրագրողների, որ նույնն է թեՙ ազատ խոսքի ու հանրային կարծիքի նկատմամբ դրսեւորված եւս մի լկտի վերաբերմունքից, որը ցուցաբերել են օրենքն ու հասարակական կարգը խորապես արհամարհող անձինք, այս անգամ իրենց անպատկառ վարքագծի համար իբրեւ տարածք ընտրելով Հայաստանի գրողների միությանը պատկանող Ծաղկաձորի ստեղծագործական տունը:

Հիշեցնենք, որ ըստ ականատեսների եւ մամուլի հրապարակումների, ստեղծագործական տուն է ներխուժել ոմն մի սափրագլուխ եւ բռնություն գործադրել տան աշխատակիցների, այնտեղ գտնվող լրագրողների նկատմամբ, որովհետեւ վերջիններս եկել էին ռեպորտաժ պատրաստելու ծաղկաձորյան անտառների անխնա ոչնչացման եւ, ի հաշիվ այդ ավերմունքի, սեփական պալատները կառուցող «մովրովների» մասին:

Բավական չէ արդեն, որ մեր ժողովրդի ընդհանուր հարստությունըՙ բնությունը, դարձել է հայրենիքը սեփական գրպանի հետ շփոթած կալվածատերերի պատանդ ու զոհ, բավական չէ, որ նրանք իրենց բարեկեցությունը կառուցում են այլոց կյանքը օրըստօրե դժվարացնելու հաշվին, դեռ հետն էլ փորձում են վախի եւ անպատժելիության մթնոլորտ սերմանել երկրում:

ՀԳՄ նախագահությունը բոլոր հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ պատկան մարմինների եւ իշխանությունների ուշադրությունը հրավիրում է չափն անցած «ինքնակալների» եւ նրանց խամաճիկների այս խայտառակ վարքագծի վրա եւ պահանջում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներըՙ կասեցնելու Ծաղկաձորի անտառների ոչնչացումը եւ հակաէկոլոգիական կառուցապատումը:

ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4