«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#145, 2004-08-24 | #146, 2004-08-25 | #147, 2004-08-26


ՄԱՍՈՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

Վերոհիշյալ վերնագրի ներքո ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածը պատկանում է դոկտ. Քեթի Բըռնսին, որն աստվածաշնչյան փիլիսոփայության հմուտ մասնագետ է եւ վերջին 20 տարիները նվիրել է «Նոր դար» շարժման եւ հարակից թեմաների մեծածավալ ուսումնասիրություններին: Հեղինակել է բազմաթիվ գրքույկներ: Նրա անունը գրանցված է «Who's who in religion», «Who's who in the East», «Who's who in America», ինչպես նաեւ «20-րդ դարի 2000 ականավոր մտավորականներ», «500 նշանավոր կանայք» եւ այլ հանրագիտարանային տիպի հատորներում:

Մասոնական կազմակերպություններին անդամակցողների մեծամասնությունը գաղափար չունի, թե ինչ է ուսուցանում մասոնականությունը: Շատերն այնտեղ հայտնվում են սոցիալական պատճառներից դրդված, ինչ-որ օգուտ քաղելու կամ ընձեռված հեղինակությունը վայելելու նպատակով: «Մասոնական օթյակ» մուտք գործելովՙ նրանք դեմ-հանդիման են գալիս մի շարք խորհրդանշանների, որոնցից յուրաքանչյուրն ունի իր թաքուն իմաստը: Մասոն ղեկավարները շատ լավ գիտեն, որ մարդիկ անտեղյակ են, թե ինչ է ի վերջո ուսուցանում մասոնականությունը:

Իրականում նրանք դիտավորյալ են մարդկանց, հատկապես նորահավաքներին մոլորեցնում: Մասոնականության արարողություններն ու խորհրդանշաններն ունեն մեկից ավելի նշանակություններ եւ շատ հաճախ առավել խճճում են, քան բացահայտում ճշմարտությունը:

Բոլոր մասոնները հաճախում են իրենց սրբատեղին, խոնարհվում գերագույն էակի առաջ եւ երդվում «սուրբ օրենքների հատորով», լինի դա Ավետարանը, Ղուրանը, Վեդասը թե մի այլ սուրբ գիրք, որն ընդունելի է օթյակի մեծամասնության համար:

Ամերիկայում մասոնական օթյակներում Աստվածաշունչը ցուցադրվում է սկսնակների, նոր անդամակցողների համար, բայց դա այն կրոնական իմաստը չունի, ինչ խորը հավատացյալները հասկանում են: Այլ խոսքով, նույնիսկ Աստվածաշունչը խորհրդանիշ է մի այլ բանի, սակայն նորաթուխը անտեղյակ է այդ փաստից:

Քանի որ քրիստոնեությունը նույնպես կրոն է, տեսնենք, թե արդյոք հակասություններ կա՞ն դրա եւ մասոնականության միջեւ: Մասոնական գրականությունն ուսումնասիրողի համար նման հակասություններ շատ կան:

Մասոնականություն ընդունողները առաջին հերթին անդամ են դառնում այսպես կոչված «կապույտ օթյակի», որը նրանց շնորհում է աշակերտի, արհեստակցի եւ վարպետ մասոնի առաջին երեք աստիճանները: Այդ երեքին տիրանալուց եւ, անշուշտ, դրանց համար վճարելուց հետո անձնավորությունը կարող է Յորքի կամ Շոտլանդական ծիսակատարության հաջորդ աստիճաններին տիրանալ: Յորքի ծիսակատարությունը նախորդներին ավելացնում է եւս տասը աստիճաններ, որոնցից վերջինը հավասար է Շոտլանդական ծիսակատարության 33-րդ աստիճանին: Մասոնականության գաղտնիքները բացահայտողներին ծանր պատիժներ են սպասում: Աստվածաշնչի Հակոբոս առաքյալի թուղթը բաժնում (գլուխ 5, պարբերություն 12) ասված է. «Եւ ամեն բանից առաջ, եղբայրք, երդում մի անէք, ոչ երկնքովը, ոչ երկրովը, եւ ոչ էլ մի ուրիշ երդումով»: Այս եւ հետագա բոլոր մեջբերումները Շտուտգարտում (Գերմանիա) 1989-ին հրատարակված «Աստուածաշունչ մատեան Հին եւ Նոր կտակարանների եբրայական եւ հունական բնագրերից թարգմանուած» գրքից: Բայց առաջին բանը, որ մասոնականությունն ընդունողն անում է, երդվելն է, որը հակասում է Աստծո խոսքին: Սա քրիստոնեության եւ մասոնականության միջեւ գոյություն ունեցող հակասություններից առաջինն է:

Ո՞վ է մասոնների աստվածը

Մասոնները շեշտում են, որ իրենց ծիսակատարություններին մասնակցելու համար «անձը պարտավոր է հավատալ եւ երկրպագել ինչ-որ գերագույն էակի»: Պարզ չէ, թե այդ «գերագույն էակը» քրիստոնեության ճանաչած Աստվա՞ծն է, թե՞ ոչ: Բայց կա նաեւ մի այլ հանգամանք: «Գերագույն էակը» միակ աստվածը չէ, ում նրանք պաշտում են: Ծիսակատարությունների եւ խորհրդանշանների միջոցով նրանք պաշտում են շատ աստվածների եւ աստվածուհիների, որոնցից են Օսիրիսը, Բաքոսը, Ադոնիսը, Դիոնիսիոսը եւ Միթրան (Միհրը): Օսիրիսը հին եգիպտական դիցաբանության մեջ անդրշիրիմյան աշխարհի, ինչպես նաեւ արեւի եւ հառնող բնության աստվածն է, որը նաեւ այլ անուններով է ծանոթ: Հունաստանում, օրինակ, Դիոնիսիոսն էՙ զվարճանքների եւ գինեգործության հովանավորը, Հռոմում Բաքոսն է, Պարսկաստանումՙ Միթրան (Միհրը), Սիրիայումՙ Ադոնիսը: Արեւի պաշտամունքը, քողարկված զանազան խորհրդանշաններով եւ աստվածներով, կարեւոր դեր է խաղում մասոնականության մեջ, անկախ Քրիստոսի այն խոսքերից, որ հավաստում է. «Տիրոջըՙ քո Աստծուն երկրպագիր եւ միայն նորան պաշտիր» (Մատթէոս 4:10):

Մասոնականության աստիճանների եւ Աստվածաշնչի տարբերություններից է նաեւ այն, որ վերջինս զգուշացնում է աստղագուշակությունից, մինչդեռ օթյակը կառուցված է այն հիմունքներով, որ լիուլի համապատասխանում է կենդանակերպի նշաններին, որն աստղագուշակություն է: Ի դեպ, փրկության խորհրդանիշը «բրոնզե օձն» է: Այստեղ եւս Քրիստոսն անտեսված է հանուն մեկ ուրիշ փրկության խորհրդանշանիՙ այն էլ «օձի», որի մասին Աստվածաշունչը հստակ ասում է, որ ներկայացնում է «սատանային»:

Շատերը գիտեն, որ «աբրաքադաբրա» բառը կապ ունի կախարդության հետ: Այդ բառը ծնունդ է առել «աբրաքսաս» բառից, որ «սատանա» է նշանակում: Բայց դա օգտագործվում է միայն փոխարինաբար: Այնուհետեւ 13-րդ աստիճանում (արքայական կամար) նրան տրվում է մասոնականության «կորած» բառը: Բայց նախքան դրա տակ թաքնված իմաստը հասկանալը, տեսնենք, թե ո՞վ է, ըստ նրանց, «առավոտյան պայծառ աստղը»:

«Հայտնություն» գրքի 22-րդ գլխում (պարբերություն 16) Հիսուսը բացատրում է. «Ես եմ Դավթի արմատն ու սերունդը եւ առավոտյան պայծառ աստղը»: Մինչդեռ մասոնականների համար այդ արեւը Քրիստոսը չէ: Ահա թե ինչ է գրում մասոն Արթուր Էդուարդ Ուեյթն այս առնչությամբ. «Նրա (կնոջ) աջ ձեռքում գլոբուսն է, որի վրա մի ոգի է իր հավասարակշռությունը պահում: Նա մի ջահ է պահում ձեռքում, եւ ասում են, որ մասոնականության տեսակետից ներկայացնում է «Առավոտյան արեւը» կամ «Լյուցիֆերին»: Իր ամբողջության մեջ խորհրդանշանը «նվաճող լույսի» առաջացումն է: Այսպիսով, ամեն անգամ, որ մասոնականությունը խոսում է«լույսի» մասին, նկատի ունի «Լյուցիֆերին», որը «լույս բերողն» է կամ «լույս կրողը»: Աստվածաշունչը նույնպես նշում է, որ սատանան (Լյուցիֆերը) «ինքն էլ լույսի, հրեշտակի կերպարանքն իրար վերա է առնում» (Երկրորդ թուղթն առ կորնթացիս 11:14):

Մեկ ուրիշ մասոն գրողՙ Ֆոստեր Բեյլին, ասում է. «Փուլ առ փուլ նրանքՙ իմաստություն կրողները, օգնում են թեկնածուի գիտակցության բացահայտմանը: Մինչեւ որ նա պատրաստ լինի «ընդառաջ գնալու լույսին» եւ իր հերթին դառնա լուսակիրՙ մեկն այն լուսավորիչներից, որոնք բարձրագույն օթյակին են օժանդակում մարդկությանը դեպի լույս առաջնորդելու գործում»:

Այդ «իմաստություն կրողները» ոգեղեն առաջնորդներ են (իրականումՙ սատանաներ), որոնք ենթադրաբար մարդկանց ուղղորդում են դեպի աշխարհի «մեկ միասնական կարգ»: Լուսավորիչների այս կազմակերպությունը ճիզվիտ հոգեւորական Ադամ Վայսհաուպտը հիմնել է 1776 թ. մայիսի 1-ին:

Լուսավորիչ անվանումը Լյուցիֆերից է առաջացել: Այդ կազմակերպության նպատակն է «աշխարհում նոր կարգ» կամ «համաշխարհային մեկ կառավարություն» հիմնել: «1776 թ. մայիսի 1» տարեթիվը կարելի է տեսնել ամերիկյան դոլարի յուրաքանչյուր թղթադրամի վրա: Թղթադրամի հակառակ կողմի ձախ անկյունում բուրգ է նկարվածՙ վրան «ամենատես աչքը»ՙ անկյունաքարի փոխարեն: MDCCLXXVI լատիներեն տառերը նշանակում են 1776, իսկ ժապավենի վրա գրված «NOVUS ORDO SECLORUM» բառերըՙ «աշխարհում նոր կարգ»: Մասոնների նախնիները եռանկյունին օգտագործել են սովորաբար «ամենատես աչքի» հետ: Մասոնականության ամբողջ պատմության մեջ դրանից ավելի կարեւոր խորհրդանիշ չկա: Դա «Տիեզերքի մեկ ճարտարապետի» խորհրդանիշն է: Իր ամբողջության մեջ «նախախնամության (ամենատես) աչքը» անավարտ բուրգի կամ եռանկյունու «անկյունաքարն» է կազմում:

Մինչդեռ Աստվածաշունչը մատնանշում է, որ Հիսուսն է «անկյունաքարը» (այն քարը, որ շինողներն անարգեցին, նա եղաւ անկիւնի գլուխը: Մատթէոս 21:42, առաջին թուղթը Պետրոս Առաքելոյն 2:6-7, գիրք Սաղմոսաց 118:22, Աւետարան ըստ Մարկոսի 12:10, ըստ Ղուկասի 20:17, գործք Առաքելոց 4:11): Պատահական չէ, ուրեմն, որ Աստվածաշունչն զգուշացնում է մեզՙ ասելով. «Արծաթասիրութիւնը ամէն չարիքների արմատն է» (առաջին թուղթն առ Տիմոթէոս 6:10):

Անդրադառնալով Սուրբ երրորդության հարցին, Վինդեքս ծածկագրով գրող անգլիկան մի հոգեւորական հավասարության նշան է փորձում դնել քրիստոնեության եւ մասոնության միջեւՙ ասելով, որ մասոններն էլ են հավատում դրանՙ Սուրբ երրորդությանը: Խորն ուսումնասիրության դեպքում պարզվում է, որ այստեղ եւս նրանք խոսում են խորհրդանշական երրորդության մասին, որը ոչ մի կապ չունի Աստվածաշնչի Աստծո հետ: «Որպես մահմեդական մասոններ, մենք իրավունք ունենք հավասարապես հավատալու, որ Մոհամմեդը «նրա մարգարեն է», գրում է Վինդեքսը հավաստիացնելով, որ մասոնականություն դավանողներին կատարյալ ազատություն է տրվում իրենց ցանկությամբ մեկնաբանելու, թե ով է գլխավոր Աստվածը: «Երկրորդական հավատների հետ մասոնականությունն առնչություն չունի» բառերով ավարտում է պարբերությունըՙ քրիստոնեությունը համարելով «երկրորդական» հավատ, որի հետ մասոնականությունը գործ չունի, քանի որ ստորադաս է: Այսպիսով, մասոններն աստիճանազրկում են իրենց քրիստոնեական հավատնՙ առաջնությունը տալով մասոնականությանը: Բայց Մատթեոս առաքյալը, բացի «Տիրոջըՙ քո Աստծուն երկրպագիր եւ միայն նորան պաշտիր» (4:10) պատգամելուց, նաեւ հիշեցնում է մեզ, որ «ոչ ոք չէ կարող երկու տէրերի ծառայել, որովհետեւ կամ մէկին կ՛ատէ եւ միւսին կ՛սիրէ, կամ մէկին կ՛մեծարէ եւ միւսին կ՛արհամարհէ: Չէք կարող Աստուծուն ծառայել եւ մամոնային» (6:24):

Մասոններն իրենց աղոթքները դարձնում են համընդհանուր: Դրա համար էլ Հիսուս Քրիստոսի անունը չեն տալիս, որպեսզի չվիրավորեն հրեաներին կամ այլ հավատի մարդկանց: Ալբերտ Մակքեյի «Մասոնականության հանրագիտարանում», որը մոտ 1000 էջից է բաղկացած, հեթանոսական աշխարհի մեծ ու փոքր աստվածների վերաբերյալ հոդվածներ կան, բայց ոչ մի տող չկա Աստծո որդուՙ Հիսուս Քրիստոսի մասին: Սա հատկանշական է:

Հպանցիկ մի ակնարկՙ «տաճարաբնակների» կամ «մասունքապահների» (այնտեղ կարող են մուտք գործել միայն 32-րդ աստիճանը վաստակած մասոնները) ծիսակատարությանը, հստակ պատկերացում է տալիս: Ծիսակատարության երդումը ներառում է հետեւյալ բառերը. «Թող Ալլահըՙ արաբների եւ մահմեդականների աստվածը, մեր նախահայրերի աստվածը պաշտպանի ինձ»: Այնտեղ ոչ միայն «Ալլահ» բառն է նշված, այլեւՙ «մեր նախահայրերի աստվածը» բառերը: Ավելինՙ երդումը կատարվում է ձեռքը Ղուրանի վրա դնելով: Մինչդեռ Աստվածաշունչը պատգամում է. «Երդում մի անէք, ոչ երկնքովը, ոչ երկրովը եւ ոչ էլ մի ուրիշ երդումով», եւ ապաՙ «ուրիշ աստուածներուն անունը չյիշէք, ձեր բերնէն անգամ չլսուի» (համապատասխանաբարՙ Հակոբոս առաքյալի թուղթը 5:12 եւ Ելից 23:13):

Պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4