«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#145, 2004-08-24 | #146, 2004-08-25 | #147, 2004-08-26


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴՈՒՐՍ ՄՆԱԼ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ

Չլինելով եվրոպական ընտանիքի լիարժեք անդամ, Հայաստանը 1997 թվականից կարողացավ համագործակցել Post Europ-ի հետ, որի թույլտվությամբ յուրաքանչյուր տարի Հայաստանը տպագրում է երկու նամականիշ EUROPA խորհրդանիշով, որը մեծ պահանջարկ ունի աշխարհի եւ առանձնապես Եվրոպայի ֆիլատելիստների շրջանում:

2003 թ. Հայաստանի Եվրոպայի թողարկումը արվեց Post Europ-ի մի շարք խախտումներով, որի հետեւանքով այդ կազմակերպությունը Հայաստանի նամականիշները ճանաչեց անօրինական եւ չտեղադրեց իր պաշտոնական ինտերնետային էջում (www.posteurop.org): Դա նշանակում է, որ Հայաստանը դուրս մնաց այդ ոլորտից, մինչդեռ մեր հարեւան պետություններըՙ Վրաստանը եւ Ադրբեջանը շարունակում են հաջող համագործակցել Post Europ-ի հետ:

Անցել է կես տարի, սակայն փոստերում չկա 2004 թ. ոչ մի նամականիշ, մինչդեռ Եվրոպային նվիրված նամականիշները պետք է շրջանառության մեջ դրվեին մայիսին, ինչպես մի շարք այլ երկրներում: Ինչ վերաբերում է անցյալ տարվա վերջի մի քանի նամականիշներին, ապա դրանք չեն ընդունվում փոստում եւ համարվում են անօրինական: Այդպիսի արտառոց իրավիճակ չկա եւ ոչ մի իրեն հարգող պետությունում: Ցավալի կլինի, եթե Հայաստանի այս տարվա EUROPA եւ այլ թողարկումները չկայանան կամ նորից համարվեն անօրինական:

Խնդրում եմ շահագրգիռ մարմիններին, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը, ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի կառավարությանը եւ լայն հանրությանըՙ հետամուտ լինել եւ օգնել դուրս գալու ստեղծված իրավիճակից:

Կ. ԳԱՍՊԱՐՅԱՆ, ֆիլատելիստ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4