Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ կաթողիկոսի հրամանով Սբ. Էջմիածնի միաբանության անդամներից Անուշավան ծ. վրդ. Ժամկոչյանը նշանակվել է Երեւանի Սբ. Գր. Լուսավորիչ մայր եկեղեցու հոգեւոր հովիվ: Հայր Անուշավանը վերջերս ավարտել է Բոննի (Գերմանիա) Ուայնիշե Ֆրիդրիխ- Վիլհելմ համալսարանը եւ վերադարձել է Մայր աթոռՙ շարունակելու ծառայությունը Հայ եկեղեցուն:
Նա կրոնական իրավունքի գծով գիտությունների թեկնածու է: Ծնվել է Վաղարշապատում 1971 թ.-ին, 1994 թ. ավարտել է Գեւորգյան ճեմարանը, 1995 թ. կուսակրոն քահանա է ձեռնադրվել Ասողիկ եպս. Արիստակեսյանի ձեռքով: 1998–2000 թթ. եկեղեցական երաժշտություն է ուսումնասիրել Հալլեի (Գերմանիա) բողոքական քոլեջում, իսկ այնուհետեւ գերմաներեն է ուսումնասիրել Մարթին Լութերի անվան համալսարանում: 2001 թ. վարդապետական ավարտաճառ է պաշտպանել «Կոմիտասը եւ հայ երաժշտությունը» թեմայով: 2004 թ. Բոննի վերոհիշյալ համալսարանում պաշտպանել է թեկնածուական ավարտաճառ «Հայ եկեղեցու իրավունքի հիմունքները 4–20-րդ դարերի ընթացքում» թեմայով: