«Տարբեր ազգեր են ապրում Ադրբեջանում, հայերը նույնպես կարող են ապրել Լեռնային Ղարաբաղում»
Ադրբեջանի նախագահը, պարզվում է, ոչ միայն խաղամոլ է, կնամոլ ու ռազմատենչ, այլեւ հումանիստ: Ընդ որում, Իլհամ Ալիեւն իր հումանիզմի մասին խոսել է Գերմանիայում եւ, որ անակնկալ էր, նկատի է ունեցել հայերին: «Տարբեր ազգեր են ապրում Ադրբեջանում, հայերը նույնպես կարող են ապրել Լեռնային Ղարաբաղում», ասել է Ալիեւը Բեռլինում, կանցլեր Գերհարդ Շրյոդերի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Ալիեւն ասել է, որ դեմ չէ հայերիՙ Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում բնակվելուն, բայց պայմանով, որ նրանք ենթարկվեն Բաքվին:
Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանի վիճվարչության նախագահ Արիֆ Վելիեւն ասաց, որ 2004 թ. հուլիսի 1-ի դրությամբ երկրում բնակվում է 8,3 մլն մարդ, որից 697-ըՙ հայեր (ըստ 1999 թ. մարդահամարի): Այս տվյալներն ուշագրավ են նրանով, որ մինչեւ 1988 թ. Սումգայիթի հայկական ջարդերը Ադրբեջանում հայերի թիվը մոտ 300 հազար էր (չհաշված արցախահայությանը): Այսինքնՙ եթե Ադրբեջանում նույնիսկ մնացել են 657 հայեր, ապա դա չի խոսում ադրբեջանցիների հայասիրության մասին: Իրականում Ադրբեջանում հայերի թիվը նվազել է մոտ 4.500 անգամ:
Նկատենք, որ Ադրբեջանի ողջ հայ բնակչությունը տեղահանվել է մշտական բնակավայրերից մինչեւ ղարաբաղյան պատերազմը, այսինքնՙ ռազմական գործողությունների պատճառով չէ, որ հայաթափվել են Ադրբեջանի բոլոր բնակավայրերը: Ալիեւը Գերմանիայում սոփեստաբար զգուշացրել է, որ միլիոնավոր հայեր են բնակվում աշխարհի տարբեր երկրներում եւ ինչ կլինի, եթե նրանք էլ ինքնորոշման պահանջ ներկայացնեն: «Միայն պատկերացրեք, թե այդ դեպքում աշխարհի քարտեզի վրա քանի նոր հայկական պետություններ կհայտնվեն», Ալիեւի խոսքերը մեջբերում է «Դոյչ պրես» գործակալությունը:
Իլհամ Ալիեւն առաջին պաշտոնական այցն է կատարել Գերմանիա: Կանցլեր Շրյոդերը, ադրբեջանա-գերմանական փաստաթղթերի ստորագրման արարողության ավարտին ասել է. «Կարող եմ ասել, որ Գերմանիան, ինչպես նախկինում, այսօր էլ Ադրբեջանի գործընկերն է, ճանաչել եւ ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Նախագահ Ալիեւը եւ ես կարծում ենք, որ հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով»:
Ադրբեջանի նախագահը կրկնել է, որ Հայաստանն արդեն ձեռք է բերել անկախություն, եւ Լեռնային Ղարաբաղի հայերը չեն կարող ինքնորոշվել, քանի որ Հայաստան անունով պետություն գոյություն ունի: «Հայաստանը գրավել է Լեռնային Ղարաբաղի շրջանը եւ շրջակա յոթ ադրբեջանական շրջանները: Քանի դեռ Հայաստանի զինված ուժերը դուրս չեն բերվել գրավյալ հողերից, հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել», ասել է Ալիեւը:
Ալիեւի «ղարաբաղյան մարտավարությունը» պարզ է: Դրսում, հատկապես եվրոպական երկրներում, Ադրբեջանի ղեկավարը ներկայանում է խաղաղասերի եւ զոհի կերպարով, իսկ հանրապետության ներսում, հատկապես զինվորական որեւէ արարողության ժամանակ, սպառնում է պատերազմով գրավել Լեռնային Ղարաբաղը, եթե հակամարտության կարգավորման խաղաղ բանակցություններն արդյունքներ չտան: Ավելին, Ադրբեջանի բարձրաստիճան զինվորականները ոչ միայն հրապարակավ հայտարարում են Ղարաբաղը, այլեւ ամբողջ Հայաստանը գրավելու մասին: Այսպես, հենց վերջերս պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Ռամիզ Մելիքովը կարծիք հայտնեց, թե 25–30 տարի հետո Հարավային Կովկասում Հայաստան անունով պետություն չի լինի, քանզի Հայաստանը ձեւավորվել է ադրբեջանական պատմական տարածքներում, եւ վաղ թե ուշ դրանք անցնելու են Ադրբեջանի հսկողության տակ:
Այսօրվա դրությամբ հայկական ուժերը վերահսկում են վարչականորեն Ադրբեջանին պատկանող հինգ շրջաններ ամբողջությամբ եւ երկուսըՙ մասամբ, կամ հարեւան հանրապետության տարածքի մոտ ութ տոկոսը: Իր հերթին, Ադրբեջանը 1991–94 թթ. ռազմական գործողություններով կարողացել է գրավել Լեռնային Ղարաբաղի տարածքի մոտ 15 տոկոսը Շահումյանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջաններում:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ