«Ինտերնեշնլ հերալդ տրիբյուն» հայտնի օրաթերթն իր օգոստոսի 20-ի համարում տպագրել է հրեա հեղինակավոր լրագրող Ջեյ Բուշինսկու «Հայոց ցեղասպանությունը: Դիմագրավեք պատմության սրտաճմլիկ ճշմարտությանը» խորագրով հոդվածը, որտեղ նա մասնավորապես գրում է. «Օսմանյան թուրքերի 89 տարի առաջ իրագործած սպանդը, որի ընթացքում 1,5 մլն հայեր սպանվեցին կամ տեղահանվեցին, դարձավ ողբերգական նախերգանքը նացիստների սանձազերծած Հոլոքոսթի: Եվրոպայի հրեաներին ոչնչացնելու Հիտլերի որոշումը հենվում էր հայոց ողբերգության հանդեպ աշխարհի ցուցաբերած անտարբերության վրա: Հիտլերի հայտնի խոսքերը, թեՙ ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին, արդարացիորեն ամրագրված են Վաշինգտոնում Հոլոքոսթի հուշահամալիրի պատերից մեկի վրա»: Նա այնուհետեւ հիշեցնում է, որ զանազան «շահագրգիռ խմբակցություններ, ներառյալ հրեական, մոլորության մեջ ընկնելով կամ պատեհապաշտական նկրտումներից ելնելով», քարոզչություն էին ծավալել ընդդեմ Հայոց ցեղասպանության կոնգրեսական բանաձեւիՙ պարզապես Թուրքիային չվիրավորելու համար: Մինչդեռ երբ վերջերս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրեաներին մեղադրեց ահաբեկչության մեջ, «ոչ Իսրայելը, ոչ էլ անդրկովկասյան հրեական կազմակերպությունները չհամարձակվեցին Էրդողանին հիշեցնել, որ մարդկության դեմ ոճիրներ գործած երկրի առաջնորդներն ավելի ճիշտ կվարվեին, եթե զերծ մնային ուրիշներին դասեր տալուց», գրում է Բուշինսկին արդարացի զայրույթով:
Նա ցավ է արտահայտում, որ Իսրայելը «ժամանակակից առաջնահերթ խնդիրներին գերակայություն տալով մոռանում է բարոյական պարտավորությունները»: «Երբ Իսրայելում պատրաստվում էին ցուցադրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ վավերագրական մի ֆիլմ, արտգործնախարարությունը միջամտեցՙ թուրքերին չվիրավորելու նկատառումներով», հիշեցնում է նաՙ կծու հեգնանքով ավելացնելով. «Կեղծ բարեպաշտություն է աշխարհի ժողովուրդներից փոխըմբռնում, խղճահարություն եւ կարեկցանք ակնկալել Հոլոքոսթի զոհերի համար, երբ պետության գոյության պատճառաբանությամբ Իսրայելին եւ իսրայելցիներին արգելվում է ցավակցել կամ կարեկցել հայերին»:
Վերջում նա հետեւյալ հանդիմանությամբ է եզրափակում իր ազդու հոդվածը. «Պատմական ճշմարտությանը պետք է դիմագրավել, ինչքան էլ սրտաճմլիկ լինի: Այն չի կարելի ենթարկել, ստորադասել արդի միջազգային հարաբերությունների «տեղատվություններին ու մակընթացություններին»: Ով այցելել է Հայաստանի մայրաքաղաք Երեւանիՙ բիբլիական Արարատ լեռան շվաքի ներքո իրենց զոհված եղբայրների ու քույրերի հիշատակին վեր հառնած հուշահամալիր, չի կարող չողբալ նրանց հետ: Իսրայելցիները, հրեաները եւ սիոնիստները, ինչպես նաեւ նրանց պաշտպանողները պարտավոր են մխիթարել հայերին իրենց ազգային վշտի հարցում: Իսկ թուրքերը պարտավոր են ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ լուսանկարները, փաստաթղթերը եւ առաջին հերթին վկայությունները, փոխանակ պնդելու, որ այն երբեք տեղի չի ունեցել»:
Հայերս պարտավոր ենք գնահատել Ջեյ Բուշինսկու հանդգնությունը եւ հանուն արդարության ու ճշմարտության գրիչ վերցնելը: Առաքինի անհատներ եւ կազմակերպություններ շարունակելու են հետապնդել Իսրայելի եւ Թուրքիայի ղեկավարներին, մինչեւ վերջիններս դադարեն սրբապղծել մեկուկես միլիոն հայ անմեղ զոհերի հիշատակը:
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, «Կալիֆոռնիա կուրիեր»