Օգոստոսի 26-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության արտաքին հարաբերությունների գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Ցյան Լիխուայի գլխավորած պատվիրակությանը եւ Հայաստանում Չինաստանի դեսպան Ցզո Սյուելյանին:
Եվս մեկ անգամ ընդգծելով, որ Չինաստանն ու Հայաստանը եղբայրական երկրներ են, հատուկ ուշադրություն հատկացվեց մեր երկու երկրների ռազմական համագործակցությանը: Նշվեց, որ այդ համագործակցությունը լավ հիմքերի վրա է դրված եւ օրեցօր խորանում է: Այսօր Չինաստանում ռազմական բարձրագույն հաստատություններ են ավարտել 10 հայ սպաներ, 2004-2005 թթ. ռազմական ուսուցման պլանով Հայաստանի զինված ուժերին հատկացված է եւս 6 տեղ եւ, սպաների թվաքանակն ավելացնելու ցանկության դեպքում, Չինաստանի ռազմական ղեկավարությունը սիրով պատրաստ է այդ հարցի քննարկմանը:
ՀՀ պաշտպանության նախարարն ավելացրեց, որ հայ-չինական հարաբերությունները թեւակոխել են այնպիսի մակարդակ, որ մոտ ապագայում սպասվում են երկկողմ բազմաթիվ հանդիպումներ. սեպտեմբեր ամսին ՀՀ նախագահի այցը Պեկին նոր խթան կհանդիսանա մեր երկու երկրների հետագա համագործակցության համար:
Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը ջերմորեն շնորհավորեց պատվիրակներինՙ Աթենքի օլիմպիական խաղերում Չինաստանի հավաքականի հաջողությունների, չինացի մարզիկների տարած բազմաթիվ ու համոզիչ հաղթանակների առիթով: