«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#146, 2004-08-25 | #147, 2004-08-26 | #148, 2004-08-27


ԱՄԵՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԽՌՈՎՔԻ ԶԱՆՑՈՒՄ Է

Ընկերուհուսՙ Արեւիկ Ավագյանի մոտ էի օրերս: Գրապահարանն էր կարգի բերում: Ինձ պարզեց մեքենագիր մի քանի խունացած էջ: «Քսանչորս տարի է անցել, բայց սրա հետ կապված պատմությունը չեմ մոռանում, անազնիվ մի արարքի ակամա մեղսակիցը լինելու ամոթալի զգացում եմ ապրում», ասաց նա եւ շարունակեց... «1980 թվականի աշունն էր: Զբոսաշրջիկի ուղեգրով Երեւանում էր գտնվում սփյուռքում հեղինակություն վայելող գրականագետ Գրիգոր Շահինյանը: Այդ տարիներին նա Շահան Շահնուրի գրական ժառանգության ուսումնասիրությամբ էր տարված: Հայաստանյան ռադիոյի եւ հեռուստատեսության նախագահի սփյուռքի գծով տեղակալ Շահե Տատուրյանը օգտվելով պատեհ առիթից, Շահինյանին հրավիրեց ռադիոՙ ելույթի. նյութը Շահնուրի ստեղծագործությունն էր: Գրված էր խնամքով, խորը բանիմացությամբ: Երբ ստուդիական ընթերցումը ավարտվեց, հարցրեց, թե ե՞րբ է հաղորդվելու: Ասացի ժամըՙ հաջորդ օրվա գիշերային հատվածում:

- Ափսոս, վաղը լուսաբացին Բեյրութ կմեկնիմ: Ուղեւորությանս տասնհինգ օրը երազ մը եղավ ինծի: Կմեկնիմ փափագս կատարած: Հաջողեցա դստերսՙ Շաղիկին, որը տասներկու տարու է, աղվոր մը պտտցնել Հայաստանի մեջ: Զրուցակցիս դեմքը ողողված էր մեղմ, բարեհոգի ժպիտով:- Հոգ չէ, ինքնաթիռին մեջ մտովի կվայելեմ ձեր հաղորդման քաղցրությունը:

Հաջորդ օրը, երեկոյան, տանը, ռադիոընդունիչի մոտ նստած սպասում եմ: Որոշված ժամին երաժշտություն է հնչում: Սա ի՞նչ բան է: Ինչպես կարգն էՙ ձայնագրված ժապավենը ինքս եմ հանձնել տեխնիկական բաժին. զրույց-հաղորդումը, որ Մոսկվայի օրինակով բյուլետեն ենք անվանումՙ մեքենագրված, կիցՙ հեղինակի ձեռագիրը, լուսանցքում, պարտադիր ստորագրություններովՙ բաժնի աշխատողի, բաժնի վարիչի, նախագահի տեղակալի եւ, իհարկե, գրաքննիչի վիզայով (վերջինիս գոյությունը խորհրդային երկրում չէր հիշատակվումՙ տաբու էր) հանձնված է թողարկման բաժին:

Առավոտյան Տատուրյանի առանձնասենյակում եմ:

- Բարեբախտություն է, որ Շահինյանը Երեւանում չէ,- ներքին խռովքը դժվարությամբ հաղթահարելով ասում է նա: - Խորհրդային Հայաստանի անցանկալիների ցուցակում է եղել,- խոսքում հեգնախառն դառնություն կա: - Չխոսենք այդ մասին,- եզրափակում է նա:

Թողարկման բաժնից, հակառակ ընդունված կարգի, բյուլետենը խմբագրություն չվերադարձավ: Ինձ մոտ մնաց մեքենագրված այս երկրորդ օրինակը: Այո, խորհրդային ժամանակների դիլեմաներից է: Մի օղակում ողջախոհությունը հաղթանակում էր, սփյուռքահայ արժանավոր մտավորականի առջեւ դռները բացվում էին, իսկ ահա այդ նույն համակարգի մի այլՙ զորեղ օղակում գերագույն «աչալրջություն» էր ի հայտ բերվում...»:

Ընկերուհուս պատմածին ավելացնեմ, որ 1996 թվականին գրականագետ Գրիգոր Շահինյանը նորանկախ Հայաստանի պետական համալսարանում պաշտպանեց «Շահան Շահնուրի ստեղծագործությունը» թեզը եւ արժանացավ գիտությունների դոկտորի պատվավոր կոչման:

Ահա 1980 թվականին արգելված այդ հոդվածը:

ԳՈՀԱՐ ԱՃԵՄՅԱՆ

Չորրորդ անգամն է, որ ես կուգամ մայր հայրենիք: Չորրորդ անգամն է, որ իմ սիրտը կը լեցվի անհուն բերկրանքով: Իմ սփյուռքահայ մարդու կարոտը կթեթեւնա մայրենի հողի վրա եւ սրտագին բարեկամներու մոտ: Ատենի մը համար կը մոռնամ ես կրկնակ քաղաքացիի եւ պառակտուած մարդու իմ տագնապս: Հոգիս ու մարմինս կամրանան եւ ես ինքզինքս կզգամ պիրկ եւ միաձույլ:

Նման բախտ չվիճակվեցավ մեր այսօրվան զրույցի հերոսինՙ Շահան Շահնուրին: Ան իր ամբողջ կյանքը անցուց օտար հողի վրա իբրեւ կրկնակ օտարական, օտարականՙ իբրեւ հայ, որ կուզե իր ինքնությունը հաստատել Ֆրանսայի հողին վրա, օտարականՙ նաեւ իբրեւ պառակտված հոգիով ու հիվանդ մարմինով մարդ, որ կփորձե միավորել իր էությունը:

Շահան Շահնուր գրած է երկու լեզվով. հայերեն եւ ֆրանսերեն:

Բայց իր բոլոր գրածներուն աղբյուրը եւ դրդապատճառը մեկ է միշտ. հաղթահարումը աքսորի տագնապին:

Աքսոր բառը հոս պետք է առնել իր կրկնակ իմաստով. գաղթականի նեղ նշանակությամբ, բայց նաեւ մարդկային թշվառության ավելի լայն առումով:

Ֆրանսացի փիլիսոփա Կասթոն Պաշլար կըսե.

«Ստեղծելՙ կնշանակե տագնապ մը հաղթահարել. ամեն ստեղծագործություն խռովքի մը զանցումն է»:

Այս սահմանումին լավագույն կիրարկումը կարելի է նկատել Շահան Շահնուրի լավագույն գրականությունը. ան տեւական ու մշտանորոգ պայքար մըն է աքսորի անդոհանգեն ձերբազատելու համար:

Այս հաստատումը հիմնված է Շահնուրի երկլեզու ստեղծագործության ուսումնասիրության վրա, բայց նաեւ իր իսկ բացահայտ խոստովանության, որ բազմաթիվ ձեւերով արտահայտված է իր գրականության մեջ:

Առաջին վկայություն մը կը գտնենք իր աքսորականի սկզբնական քայլերուն վերաբերող գրության մը մեջ: Ֆրանսերեն լեզվով կարճ գրվածք մըն է, Վենթ-տէօ վերնագրված: Վենթ-տէօ կը նշանակե 22: Անոր մեջ Շահնուրը կպատմե իր անցքը Թուրքիայեն Եվրոպա: Կգտնվի նավու մը վրա, ուրիշ գաղթականներու հետ, որոնք իրեն նման կվախին քեմալական մակընթացության առաջ: Շահնուր կներկայացնե սա անձերը, կվերլուծե անոնց հոգեբանությունը, ապա կավելցնե. «Այն ատեն է, որ զգացի մսուք մը, որմե չկրցա ձերբազատիլ: Հանկարծ զգացի յուրահատուկ պարապ մը, որ մինչ այդ չէի զգացած: Բայց հաջորդ տարին խռովքին հաջորդեց խայտանքը, որովհետեւ երիտասարդ գաղթականը, որ ես էի, փորձեց բան մը իրագործել: Ան ջանաց լուծել վրեժը 1922-ի աղետինՙ զայն վերածելով ֆրանսերեն բարկ ողբերգության մը:

/.../ Ահա թե ինչու,- կշարունակե Շահնուր,- կարճ ահազանգեր կարձակեի, որոնք կը նշանակեին «ուշադի՛ր եղեք», «փախե՛ք»: Կարծես կուզեի շրջել ճակատագիրը եւ վերստեղծել խնդությունը:

Ֆրանսերեն այս ողբերգութենեն հետք չէ մնացած Շահնուրի ստեղծագործության մեջ: Շահնուր հավանորեն փչացուցած է զայն: Բարեբախտություն է սակայն, որ փաստը կուտա իր գրականության ծննդաբանության: Ան անցում է գոյութենական անդոհանգեն ստեղծագործական բերկրանքի: Գործածված բառերը բացահայտ են եւ չեն խաբեր. «մեծ պարապ»-ը, որուն կակնարկե Շահնուրը, անդոհն է, որ պետք է փարատել: Իսկ «խայտանք»-ը, որ կը լեցնե իր հոգին, ստեղծագործի ժամանակավոր երանությունն է պարզապես: Ասիկա միակ երջանկությունն է, որ Շահնուր ճանչցած ըլլա իր դժբախտ կյանքի ընթացքին: Գրականությունն է, որ առիթ կուտա իրեն ասպարեզ կարդալու ճակատագիրին եւ ստեղծագործելու ուրախությունը, որ խույս կուտա իրմե:

Առաջին այս վկայությունը կրնար մասնակի թվիլ եւ պատահական, եթե հիմնավորված չըլլար նաեւ ուրիշ փաստերով, որոնք իր ամբողջ գործին կը վերաբերին, հայերեն ըլլա ան, թե ֆրանսերեն:

Հայերեն իր ստեղծագործությունը, հատկապես «Նահանջ առանց երգի» վեպը եւ «Հարալեզներու դավաճանությունը» պատմվածքաշարը, ծնունդ են կյանքեն վրեժ լուծելու միեւնույն ձգտումեն: Շահնուր միաժամանակ մասնակից եւ վկա հավաքական ողբերգության մը, կդիմե գրականությանՙ այդ ողբերգությունը զանցելու համար: Գրականությունը, այս պարագային, կը կատարե դերը արիստոտելյան Քաթարսիսին:

«Հարալեզներու» առաջին հրատարակության ձոնին մեջ, ուղղված Ֆրենկյանին, Շահնուր կըսեր արդեն.

«Տխուր էի եւ ուզեցի ժպտիլ, բայց վարի շրթունքս խաղի չեկավ: Այն ատեն, ինչպես միշտ, խածի շրթունքս եւ գրեցի»:

Ուրեմն գրեցՙ վերստեղծելու համար խուսափող ժպիտը, վերածելու համար զայն իր գործի դառն զվարթախոհության: Կարեւոր չէ, գոնե այս հանգրվանին, գիտնալ թե կրցա՞վ ան հասնիլ տխրության ու տագնապի վերջնական չքացումին: Կարեւորը փաստն է, թե փորձած է երջանկանալ ստեղծելով, լուծել վրեժը կյանքի մեջ կրած իր պարտություններունՙ գեղարվեստական հաղթանակի միջոցով: Այս գործընթացը ոչ պատահական է, ոչ ալ մանավանդ անգիտակից մղումի արդյունք: Ձոնին մեջ օգտագործված ներգործական բայերը կընդգծեն հեղինակին գիտակից որոշումը, իսկ «ինչպես միշտ» հաստատումը կուգա վկայելու, թե մնայուն է իր ցանկությունը գեղարվեստով հաղթելու կյանքի դառնություններուն:

Հետաքրքրական է նաեւ Շահնուրի այլ մեկ խոստովանությունը, որ կգտնվի իր բարեկամին կնոջըՙ Մադլեն Ֆոլենին ուղղված իր մեկ նամակին մեջ: 1942 թվականն է եւ Շահնուր կգտնվի մահվան ստույգ վտանգի տակ, Ֆրանսայի հարավային քաղաքներեն մեկուն մեջ գտնվող հիվանդանոցի մը մեջ: Հոնկե կգրե, թե կուզե բանաստեղծական հատորիկ մը տպելՙ Ֆույե ավեք ռիէն վերնագրով: Կխոստովանի, թե փառք չի հետապնդեր բնավ, պարզապես կուզե ապահովել պզտիկ համբավ մը, որ զինք ուշադրության առարկա դարձնե եւ բժիշկներու եւ հիվանդապահներու բարյացակամ վերաբերում ապահովե իրեն:

Գրականությամբ, ուրեմն, կրկնակ նպատակ մը կը հետապնդե ան. տիրապետել աքսորականի իր տագնապին, բայց եւ ստեղծել այնպիսի հնարավորություն, որ արվեստի միջոցով ավելի տանելի կյանք ունենա հիվանդանոցին մեջ:

Շահնուրյան երկի ծննդաբանության մասին տրված այս բոլոր մանրամասնությունները կը խտանան «Կրակը կողքիս» հատորի մեկ գրության մեջ, որ կկրե հետեւյալ հատկանշական վերնագիրը. «Բոցը, միայն բոցը»: Հոն, համեմատական պատկերի մը մեջ կխտացնե ան գրականության ամբողջ իր ըմբռնումը:

Շահնուր կխոսի զտարանի մը բոցին մասին, որ բարձր խողովակի մը կատարեն կայրե թունավոր գազերը: Իրական այս պատկերով նմանություն մըն է, որ կթելադրե ան: Զտարանի բոցը կսնանի ստորերկրյա նեխանքե մը եւ կժայթքե երկիրի ընդերքներեն, մինչ գրականությունը, որ կցայտե մարդկային հոգիեն եւ իր սնունդը կծծե այն մյուս նեխանքեն, որ մարդկային հոգիի տագնապն է: Երկուքն ալ կրնան անօգուտ թուիլ, բայց գեղեցկորեն կայրին բարձունքներուն մեջ եւ իրենց գոյությամբն իսկ կրկնակ դեր մը կխաղանՙ հնարավոր վտանգի մը առաջքը կառնին եւ զտումի առաքելություն մը կիրագործեն:

Գրական ստեղծագործությունը, անհատական փրկության միջոց, ազդակ է նաեւ հավաքական փրկության: Գրողը կապրի ազգային ողբերգություն մը, անձնական երանգներով: Սեփական իր տագնապը անհատական տարբերակն է պարզապես հավաքական խռովքին: Ամբողջ ազգ մը, բրտորեն արմատախիլ եղած իր պապենական հողերեն, ինքզինքը կգտնե օտար մայթերու վրա, անտարբեր եւ անկարեկից մարդերու շրջանակի մը մեջ: Ան հակադրված է նաեւ կյանքի առօրյա դժվարություններուն եւ գոյության հիմնական անհեթեթության: Այս պայմաններուն մեջ, կըսե Շահնուր, աքսորական ժողովուրդը կարտադրե յուրահատուկ թույն մը, որ կը զարգացնե զգացումներն ու մտածումները: Հավաքական «նեխանք» մըն է առաջացածը, որուն պետք է դարման մը գտնել արվեստով: Այս հավաքական հոգեվիճակին եւ անոր վերլուծումին է որ հատկացված են Շահնուրի հայերեն գործերը: Զանոնք իրագործելով անձնական լուծում մը կփնտրե ան իր տագնապին, միաժամանակ կփորձե հավաքական ախտահանում մը, որ գրողի ընկերային իր պարտքն ըլլա հասարակության:

Այսպես է, որ իր գործը, ամենեն անձնականը, իր սերնդին, միաժամանակ ամենեն ընդհանրականն է ամենեն ավելի լայն ձեւով արձագանքողը ազգային եւ հրատապ հարցերուն: Եվ Շահնուր, մեկնելով անձնական դրդապատճառներե, կհանգի այնպիսի ընդհանրացումներու, որոնք կը դարձնին զինք լավագույն ներկայացուցիչը իր սերունդին: Կարճ այս վերլուծումը կը ձգտի ցուցնելու ծննդաբանությունը Շահնուրի գրականության եւ ինքնաբերաբար կհանգի աքսորի եւ արվեստի նորահայտ կապերու բացահայտումին: Կարելի է խորացնել զայն եւ մանրամասնել. ժամերով խոսիլ սփյուռքի մեր գրականության անզուգական այս վարպետին մասին, որ միաժամանակ ֆրանսական ժամանակակից գրականության յուրահատուկ դեմքերեն մեկն է: Ձայնասփյուռային կարճ հաղորդում մը չի բավեր անշուշտ նման ընդհանրացումներու: Ես դոկտորական իմ ավարտաճառս հատկացուցած եմ այս նյութին եւ կը խոստովանիմ, թե չեմ կրցած սպառել զայն: Կգոհանամ ուրեմն ուրվագծային այս պատկերացումով ու ներողություն կը խնդրիմ ձեզմե, սիրելի ունկնդիրներ, որ նախաճաշակ մը միայն կրցա տալ ձեզի Շահնուրյան գրականության խոր նշանակության մասին:

Կուզեմ նաեւ, հրաժեշտ առնելե առաջ ձեզմե, շնորհակալություն հայտնել հայրենի ձայնասփյուռի վարչության եւ հատկապես ընկեր Շահե Տատուրյանին, որոնք հրավիրեցին զիս խոսելու Շահնուրի մասին, հնարավորություն տվին ինձի բաժնելու ձեզի հետ իմ խոր սերս այս հեղինակին հանդեպ, միաժամանակ հաղորդելու ձեզի հայտնի ոլորտի մեջ սավառնող անտեսանելի ալիքներով, որոնք պատկերն են իմ հոգիս ձերիններուն կապող անհամար, անհամար թելերուն:

ԳՐԻԳՈՐ ՇԱՀԻՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4