Օգոստոսի 6-ին Գլենդեյլի «Հիլթոն» հյուրանոցի հյուրասիրությունների մեծ դահլիճում 350-ից ավելի մասնակիցների ներկայությամբ տեղի ունեցած երրորդ տարեկան խնջույքի ընթացքում 50 հազար դոլար է հանգանակվել ի նպաստ հայկական ոսկրուղեղի հիմնադրամի, տեղեկացնում է այդ առթիվ հրատարակված հաղորդագրությունը: 2000 թ. դեկտեմբերից ավելի քան 8 հազար հայեր են արձանագրվել ոսկրուղեղի հայկական ռեեստրում: Ցարդ փոխպատվաստման կարիք ունեցող 332 հիվանդներից 172-ի համար գտնվել են համապատասխան հնարավոր տարբերակներ, իսկ 4 պատվաստումներ արդեն իսկ կատարվել են Լոս Անջելեսում, Լեհաստանում, Իտալիայում եւ Գերմանիայում: 1999 թ.ՙ իր ստեղծման օրից ոսկրուղեղի ռեեստրըՙ հայկական բարեգործական հիմնադրամը, հիմնել է հյուսվածքների տեսակավորման լաբորատորիաներ Երեւանում եւ Գլենդեյլում (Կալիֆոռնիա), որոնց ղեկավարներն են հիմնադրամի գործադիր տնօրեն Սեւակ Ավագյանը եւ նախագահ Ֆրիդա Ջորդանը համապատասխանաբար: Երկու լաբորատորիաներն էլ կահավորված են արդիական սարքավորումներով եւ համալրված են բարձրորակ աշխատակիցներով: Լոս Անջելեսում հավաքագրման կենտրոնը գտնվում է Գլենդեյլի «Մեմորիալ» հիվանդանոցում:
Վերոհիշյալ հավաքի ընթացքում նախագահ Ֆրիդա Ջորդանի եւ հանդիսավար Մայքլ Մահդեսյանի ձեռամբ 5 մրցանակ է շնորհվել պատվավոր նախագահ եւ Հայաստանի առաջին տիկին Բելլա Քոչարյանինՙ որպես տարվա կնոջ, որն առաջին դոնորն է եղել եւ շարունակում է իր նվիրվածությունը ծրագրին, Դիանա Արթունյանինՙ որպես տարվա կամավորի, «Վարդանի դուստրերին»ՙ որպես տարվա կազմակերպության, Արմեն Ջանյանինՙ որպես տարվա մարդու եւ Դարիո Ֆրոմերինՙ որպես տարվա օրենսդիրի: Բոլոր 5 մրցանակակիրներին ողջունել են Գլենդեյլի քաղաքապետ Բոբ Յուսուֆյանը, ներկա կոնգրեսականներ եւ սենատորներ: