Նյութական կուրությամբ բռնված մամոնայի սպասավոր ընչատերեր ակնհայտորեն ամլացնում են հայոց հողըՙ ստրկամտության տանում մարդկանցՙ նրանց դատապարտելով գետնամած ու սողացող կենսակերպի, որում ստեղծագործումի, մտքի, վերլուծումի եւ որեւէ առողջ հունդ արդեն իսկ ծլարձակվելու ընդունակ չի կարող լինել, երբ ամենուրեք վախի ու անկարողության ուրվականն է շրջում: Ծախու հասարակություն, որ ընտրությունից ընտրություն պատրաստ է 2-5 հազար դրամով աճուրդի հանել իր ազատությունը (ընտրության իրավունքը), «միեւնույն է, ոչինչ չենք փոխելու, մենք էլ ապրենք»-ի մտայնությամբ պատեհապաշտ մտավորականություն: Հասարակական հոգեբանական եւ խառնվածքային նմանօրինակ ուրվագծային քարտեզին քաջածանոթ, ամենազոր այդ դղյակատերերն ինչ ուզես կխզբզենՙ Ծաղկաձորի անտառներն էլ կհատեն, Ծիծեռնակաբերդի անտառներն էլ հրո ճարակ կդարձնեն, ջրեր ու գետերն էլ կցամաքեցնեն, որ արտադրեն իրենց «էլիտար» ջրերն ու մածունները:
Քանի դեռ մենք նման մտածողության կրողներ ենք, շարունակվելու է ֆանտաստիկ, «հազարներին խաբելու ու թալանելու հաշվին» կուտակված գումարներով կառուցված դղյակների մասին գրող կամ լուսանկարող որեւէ լրագրողի կամ ֆոտոլրագրողի սպառնալ Մխիթար Խաչատրյանի եւ մյուսների ճակատագիրը: Ծանոթ ձեռագիր: Փորձիր մատդ դնել թարախակալած վերքի ծորանին, որտեղից ժահրոտ փողեր են հոսում, փորձիր երկրիդ բնահարստությունների մասին մտահոգվել, անտառ լինի, ընդերք կամ մշակութային արժեք, այն էլ հրապարակայնորեն, կորած ես, կհայտնվեն հաստավզերը ու սափրած գլուխները: Պատասխանատվություն կրող չկա: Դատապարտումի մի հայտարարություն, մեկ-երկու հրապարակում կամ հաղորդումՙ ու ներկայացումն ավարտվում է: Անպատժելիության մթնոլորտը հասկանալի է այլեւս: Սա խաղ է, մասնակիցները թատերաբեմից չիջնող բոլորին հայտնի քաղաքական ու գործարար աշխարհի մարդիկ են, մյուսներն այլեւս հանդիսատես էլ չեն: Խաղը գնում է իրենց փակ շրջանակում. տալիս են, առնում, միմյանց մեջ երկիրը, հողը մաս-մաս անում, ազարտ է, հարստանալու, փողի մրցավազք: Թքած ունեն մյուսների վրա, գրում են, չեն գրում, բարոյականություն են պահանջում, հայրենիք են ուզում ունենալ, երկիր են ուզում կառուցել, դատարկ բաներ են: Խաղի մեջ խցկվեցիր, գլուխդ կջարդեն:
Ու այս ամենից, օր-օրի շատանում է Հայաստանը լքել ցանկացողների քանակը, որովհետեւ հուսահատվում ու չեն հավատում, թե գալու է քարերը հավաքելու ժամանակը: Բայց, այնուամենայնիվ, նաՙ այդ ժամանակը, գալու է:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ