ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Սլավա Ասրյանի խոսքերովՙ նոր ուսումնական տարվա նախապատրաստման որոշակի աշխատանքներ են իրականացվել: Մասնավորապես դրանք շոշափելի են դպրոցաշենքերի վերանորոգման, գույքի, դասագրքերի ձեռքբերման ոլորտներում:
Փոխնախարարի ներկայացրած տվյալներով, ԱՄՆ «Հայ կրթության հիմնարկությունը» վերանորոգել է Մարտակերտի շրջանի երկու գյուղերիՙ Ծաղկաշենի եւ Ծմակահողի դպրոցները, շինարարական աշխատանքներ են ընթանում Հադրութի շրջանի Ջրակուս, Մարտունու շրջանի Խերխան, Թաղավարդ գյուղերի դպրոցներում: Ֆրանսիական մեկ այլ բարեգործական կազմակերպություն հիմնանորոգում է Մարտունու շրջանի Հաղորտի եւ Մուշկապատ գյուղերի դպրոցները: Իսկ ահա «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստանձնել է Մարտակերտի շրջանի Դրմբոն եւ Ասկերանի շրջանի Շոշ գյուղերում նոր դպրոցական շենքերի կառուցումը: Ստեփանակերտում եւս ընթացքի մեջ է մեկ այլՙ թիվ 7 դպրոցի նոր շենքի կառուցումը, որի հովանավորն է Լուիզ Սիմոն Մանուկյանը:
Ըստ Ս. Ասրյանի, այս ոլորտում անելիքներ դեռ շատ կան, որովհետեւ հանրապետության շատ դպրոցների շենքեր դեռեւս կարիք ունեն վերանորոգման: Այդ նպատակով նախարարությունում մշակվում է դասակարգված ձեւով համապատասխան դպրոցաշենքերի պահպանության եւ վերանորոգման ծրագիր:
Անցած ուսումնական տարում ԼՂՀ կառավարությունը 57 մլն դրամ գումար էր հատկացրել նորակառույց դպրոցները գույքով ապահովելու համար, սակայն այսօրվա դրությամբ դպրոցական գույքի պահանջարկը կրթօջախներում դարձյալ բավականին մեծ է: Առանձնապես զգալի է աշակերտական նստարանների ու աթոռների պակասը, որոնց ձեռքբերման ուղղությամբ ԿՄՍ նախարարությունը միջոցներ է ձեռնարկում:
Նախորդ տարիների համեմատ, այժմ փոքր-ինչ բավարար կարելի է համարել դպրոցներում համակարգչային հագեցվածությունը: Ինչպես նշեց փոխնախարարը, բոլոր միջնակարգ հաստատություններն ունեն համակարգիչներ, որոնց թիվն ավելացնելու միտումը կա, եւ առաջին հերթինՙ բարեգործական խողովակներով: Խնդիր է դրված նաեւ շրջկենտրոններում ստեղծել ինտերնետային կապ:
Ինչ մնում է դասագրքերին, ապա նախարարությունն արդեն ձեռք է բերել Հայաստանի Հանրապետությունում հրատարակված բոլոր անհրաժեշտ դասագրքերը եւ մեթոդական ձեռնարկները:
Չկա նաեւ մանկավարժական կադրերի պակաս, թեպետ ծայրամասային որոշ բնակավայրերում ուսուցիչների պահանջարկ կա:
Որպես դպրոցական ծրագրերում նորամուծությունՙ Ս. Ասրյանը նշեց, որ նոր ուստարվանից 6-8-րդ դասարաններում կմտցվի հայոց եկեղեցու պատմություն: Իսկ անհրաժեշտ դասագրքեր ձեռք բերելու գործում կօգնի ՀԱԵ Արցախի թեմը: Ստեփանակերտի եւ Շուշիի դպրոցներում մտցվել է նոր առարկաՙ առողջության պահպանում, որի նպատակն է աշակերտներին տեսական գիտելիքներ տալ առանձին հիվանդությունների կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ:
Սլավա Ասրյանն անդրադարձավ նաեւ նոր կրթակարգի ծրագրով նախատեսված 12-ամյա միջնակարգ կրթությանն անցնելու խնդրին: Նշելով այս տեսանկյունից նախադպրոցական հիմնարկների դերն ու կարեւորությունը երեխաների ուսուցման եւ դաստիարակության կազմակերպման գործում, փոխնախարարը տեղեկացրեց, որ ի հավելումն նախորդ տարի Արցախի դպրոցներին կից բացված 24 մանկապարտեզների, այս տարի կբացվի եւս 15 մանկապարտեզ: Նպատակ կա նախադպրոցական հիմնարկների ցանցն առավելագույնս ընդարձակել, ինչը հնարավոր կլինի սակայն հովանավորների աջակցությամբ:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ