Թբիլիսիում Ռուսաստանի դեսպանատունը երեկ չի աշխատել
Ռուսաստանի արտգործնախարարությունը երեկ տարածել է հայտարարություն, որում Թբիլիսիի իշխանություններից պահանջվում է «վերջ տալ ռուսական դեսպանության մոտ շարունակվող խուլիգանական արարքներին եւ ապահովել անհրաժեշտ պայմաններ դեսպանության բնականոն աշխատանքի համար, դա Վրաստանի ղեկավարության ուղղակի պարտավորությունն է»:
Արդեն մեկ շաբաթ ամեն օր անընդմեջ դեսպանատան շենքի մոտ շարունակվում են աղմկոտ եւ սադրիչ հավաքները, դրա մասնակիցները բարձրացնում են հակառուսական լոզունգներ, վիրավորական արտահայտություններ թույլ տալիս Ռուսաստանի եւ նրա ղեկավարության հասցեին: Երեկ նախատեսված էր բողոքի նոր ակցիա հարյուրավոր մարդկանց մասնակցությամբ, ինչը հաշվի առնելովՙ դեսպանությունը ստիպված է եղել չեղյալ հայտարարել աշխատանքային օրը, դադարեցնել վիզաների տրամադրումը եւ հյուպատոսական մյուս ծառայությունները:
Անշուշտ, ասվում է ՌԴ արտգործնախարարության հայտարարության մեջ, այն պայմաններում, երբ Թբիլիսիում Ռուսաստանի դեսպանության հարեւանությամբ շարունակվում են «անզուսպ խրախճանքներն» ու խուլիգանական արարքները, վրացական կողմի հետ շփումների եւ բանակցությունների անցկացումըՙ դրանք լինեն ռազմական կամ մեծ պայմանագրի հարցերով, հնարավոր չի թվում: Հայտարարության մեջ ասվում է, որ խուլիգանական գործողություններն իրականացվում են ոչ առանց Թբիլիսիի իշխանությունների թողտվության պայմաններում:
Նախօրեին Միխայիլ Սաակաշվիլին Բաթումում հայտարարել էր, որ ռուսական զորքերը պետք է դուրս բերվեն Աջարիայի տարածքիցՙ սպառնալով, որ եթե նրանք ինքնակամ չհեռանան, ապա ռուս զինվորներին կստիպեն հեռանալ: Այս հայտարարությունը նորություն է Սաակաշվիլու «ռուսական քաղաքականության» մեջ այն առումով, որ վարդյա առաջնորդը մի շարք առիթներով, այդ թվում Մոսկվայում, ուր մի քանի ամիս առաջ մեկնել էր, իր խոսքերովՙ բարեկամանալու Վլադիմիր Պուտինի հետ, ռուս-վրացական հարաբերություններում զորքերի դուրսբերման հարցը գլխավորը չէր համարում:
Հիշեցնենք, որ Վրաստանի տարածքում տեղաբաշխված են ռուսական երկու ռազմակայաններ. Բաթումում 12-րդը, Ախալքալաքումՙ 62-րդը: Սաակաշվիլուՙ Ռուսաստանի հասցեին արված սպառնալի հայտարարությունները հետեւանք են Հարավային Օսիայում վրացական զորքերի կրած պարտության: Ռազմական գործողությունների արդյունքում Վրաստանը կորցրել էր 16 զինվոր, տալով տասնյակ վիրավորներ: Թբիլիսիում վերջին օրերին Հարավային Օսիայում տեղի ունեցած բախումների մեղքը բարդում են Մոսկվայի վրա: