Երեկ Չեխիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների չորրորդ հանդիպումը: Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության, Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպմանը մասնակցել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներ Սթիվեն Մանը, Յուր Մերզլյակովը, Անրի Ժակոլենը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Ինչպես նախորդ երեք դեպքերում, Օսկանյան-Մամեդյարով չորրորդ հանդիպումը նույնպես հատուկ օրակարգ չի ունեցել: Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարները քննարկել են հակամարտության կարգավորման տարբեր ասպեկտները եւ կարգավորման հեռանկարի հետ կապված հարցեր:
Ի դեպ, արտգործնախարարությունում չեն հաստատել օրերս թուրքական «Անատոլու» գործակալության տարածած տեղեկությունը, թե սեպտեմբերի 17-ին Նյու Յորքում նախատեսված է Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը: «Ռեգնումի» թղթակցին արտգործնախարարությունից ասել են, որ Օսկանյանը նախատեսում է Նյու Յորք մեկնել եւ ելույթ ունենալ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում սեպտեմբերի վերջերին: