«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#148, 2004-08-27 | #149, 2004-08-28 | #150, 2004-08-31


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՋԱԿՑԻ

Երեկ ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմին ներկայացրեց նորընտիր քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանին: Տեղական ինքնակառավարման մարմինների օգոստոսին կայացած ընտրությունները որակելով որպես ժողովրդավարացման գործընթացի հերթական դրական քայլ, նա միաժամանակ անդրադարձավ մայրաքաղաքի հիմնախնդիրներին, որոնք վերաբերում են ինչպես կոմունալ, այնպես էլ բնակարանաշինությանը եւ մյուս ոլորտներին առնչվող խնդիրներին: Վարչապետը մասնավորապես անդրադարձավ բնակշենքերի կցակառույցներում գործող ոչ մասնագիտացված առեւտրակետերը վերացնելու հարցին, նշելով, որ դրանք պետք է վերատեղադրվեն շենքերի առաջին հարկերումՙ ապահովելով անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պայմանները:

Ոչ բավարար համարելով քաղաքային տնտեսության այսօրվա վիճակը, Ա. Դանիելյանը հույս հայտնեց, որ նոր քաղաքապետը պատասխանատվությամբ ու իրատեսական մոտեցումներով կվերաբերվի առկա խնդիրների լուծմանը: Այս առնչությամբ նա նշեց, որ կառավարությունն անպայման աջակցելու է մայրաքաղաքի հիմնախնդիրներով շահագրգիռ բոլոր ձեռնարկումներին, միաժամանակ այդ գործընթացում դրսեւորելով պահանջկոտություն:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4