«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#148, 2004-08-27 | #149, 2004-08-28 | #150, 2004-08-31


ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՔԱՄԱՀՐԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ

Պատերազմով անցած Հայաստանում մինչ այժմ չկա անհետ կորած քաղաքացիների հստակ թիվ (շրջանառվում է 600-700-ը): Ճշտված չեն անհետացման հանգամանքները, չկա անհետ կորածների խնդիրներով զբաղվող ՀԿ-ների եւ պետական մարմինների անհրաժեշտ չափի համագործակցություն: Մինչդեռ մարդիկ տասնամյակով սպասում են իրենց զավակների, ամուսինների մասին հստակ տեղեկությունների եւ մնում մխացող հոգեբանության շրջանակում: Այս խնդիրները երեկՙ օգոստոսի 30-ին, անհայտ կորածների միջազգային օրվա կապակցությամբ ներկայացրեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը գրասենյակի կազմակերպած միջոցառման ընթացքում: Միջոցառմանը ներկա ՀԿ-ների ներկայացուցիչները, կորած անձանց ընտանիքների անդամները, համակարծիք լինելով Սաքունցի հետ, վիճակի շտկման համար կարեւորեցին խնդրին պետական մոտեցումը: Անհայտ կորածների ընտանիքների ներկայացուցիչները անթաքույց խոսեցին այն մասին, որ այժմ իրենք արհամարհական վերաբերմունքից բացի այլ բան չեն ստանում պետական մարմիններից: Սակայն, միեւնույն է, իրենց պահանջները հենց նրանց են ուղղված: Պահանջելուց զատ, ընտանիքների անդամները փորձում են սեփական միջոցներով տվյալներ հայթայթել իրենց զավակների մասին, սակայն շատ հաճախ նույն տեղեկությունն ավելի ու ավելի բարձր գնով մի քանի անգամ վաճառվում է նրանց:

Միջոցառման ընթացքում հնչեցին նաեւ խիստ մեղադրանքներ. «Եթե անընդմեջ հիշեցվում են հանուն հայրենիքի մղումները, ապա պետք է չմոռանալ նաեւ հայրենիքի պարտավորությունների մասին այդ մղումները դրսեւորողների եւ նրանց ընտանիքների անդամների հանդեպ»: Առաջին հայացքից կարելի է կարծել, թե ինչ է մնում անել: Չէ՞ որ ի վերջո հետմահու շքանշաններ են տրվում, նպաստներ նշանակվում: Սակայն մարդիկ առաջին հերթին տեղեկություններ ու սոցիալական վիճակի բարելավում են ակնկալում եւ ո՛չ անհայտ կորածի համար հետմահու տրվող շքանշաններ: Անհայտ կորածների ընտանիքների անդամները փաստեցին նաեւ, որ հոգնել են սպասելուց ու անարդյունք պայքարելուց եւ համարում են, որ իրենց խնդիրների լուծմամբ այսօր պետականորեն եւ անհրաժեշտ չափով չեն զբաղվում:

Հավաքի ավարտին կարեւորվեցին իրավական դաշտի ստեղծումն ու իշխանություններին սեփական գործունեությամբ աշխատանքի մղելը: Ընդգծվեց, որ մինչ օրս չեն հավաքվել անգամ հրամանատարների ունեցած տվյալները, եղել են դեպքեր, որ իրենքՙ հրամանատարները, հրաժարվել են անհետ կորածների ծնողներին տվյալներ տրամադրելուց: Մինչդեռ ծնողներն իրենց զավակների անհետացման հանգամանքները, որոնք երբեմն հանցավոր են, պարզելու պահանջ չեն ներկայացնում, միայն խնդրում են վերադարձնել իրենց զավակին: Քանի որ անհետ կորածների մի զգալի մասը կորել է Ադրբեջանի տարածքում, ռազմական գործողությունների ժամանակ, ապա նրանց վերադարձման հարցը լուծելու համար կարեւորվում է տարածաշրջանային համագործակցությունը հարեւան երկու հանրապետություններում անհայտ կորածների խնդիրներով զբաղվող կազմակերպությունների հետ: Արդեն իսկ այդ ուղղությամբ որոշակի աշխատանք է կատարվում, եւ ՀՔԱ-ն մշակել է անհետ կորածի մասին օրինագիծ, որում հաշվի է առնվել նաեւ ընտանիքների կարգավիճակի խնդիրը:

Գնահատելով արված աշխատանքը, անհետ կորած անձանց ընտանիքների ներկայացուցիչները փաստեցին, որ իրենցից որեւէ մեկն իր զավակին, ամուսնուն, եղբորը, հորը վերաբերող հստակ տեղեկություն չի ստացել, ինչը թերեւս իրենց առաջին ակնկալիքն է: Ի պատասխան, միջոցառմանը մասնակից Փաստաբանների միջազգային միության կոլեգիայի նախագահ Տիգրան Ջանոյանը նշեց, որ այսօր յուրաքանչյուր անհետ կորածի համար առանձին հետաքննություն է անհրաժեշտ, հիմնախնդրին հրապարակայնություն տալ է պետք: Ջանոյանն ընդգծեց, որ անհետ կորած անձանց վերադարձի թերեւս ամենամեծ խոչընդոտը ֆինանսական միջոցների պակասն է, եւ այս խնդրում առուվաճառքն ու անորոշությունը բերում են քաղաքական շահարկումների:

Ինչեւէ, այսօր դեռեւս անհետ կորածի ընտանիքների ներկայացուցիչները մնում են միայնակ իրենց զավակներին վերադարձնելու խնդրին դեմ-հանդիման: Այս կարծիքին են միջոցառման մասնակիցներն ու կազմակերպիչները: Վերջիններս նման իրավիճակի առաջին մեղավորներ համարում են խնդրով զբաղվող հասարակական կազմակերպություններին եւ նշված ընտանիքներինՙ ասելով, որ նրանց կողմից ճիշտ աշխատանք չի տարվում:

Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ու ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանիՙ միջոցառմանը հրավիրված լինելու եւ չմասնակցելու համար նույնպես Արթուր Սաքունցը մեղավոր համարեց խնդրով զբաղվող կազմակերպություններինՙ բերելով նույն պատճառաբանությունը:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4