«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2004-08-28 | #150, 2004-08-31 | #151, 2004-09-01


ԱՊՍՏԱՄԲ ԻՐԱՔՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅ ՊԱՏԱՆԴՆԵ՞Ր

Հայաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստվում է Իրաք ուղարկել բժիշկների, վարորդների եւ ականազերծողների

Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախապատրաստական, կազմակերպչական աշխատանքներ է տանում Իրաքի վերականգնմանն ու վերակառուցմանը մասնակցելու նպատակով այդ երկիր բժիշկների, վարորդների եւ ականազերծողների ուղարկելու համար: Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը «Ազգին» ասաց, որ հայ մասնագետների Իրաք գործուղելու վերջնական որոշումը կյանքի կկոչվի այն բանից հետո միայն, երբ հաստատի Հայաստանի Ազգային ժողովը:

Պաշտոնական Երեւանը, ի թիվս տասնյակ պետությունների, այդ թվումՙ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի, չմիացավ շուրջ 3 տասնյակ այլ պետություններին, որոնք Մ. Նահանգների գլխավորությամբ, առանց ՄԱԿ-ի համապատասխան որոշման, պատերազմ սկսեցին, իշխանությունից հեռացրին նախագահ Սադդամ Հուսեյնին եւ օկուպացրին Իրաքը: Հայաստանը, սակայն, պատրաստակամություն հայտնեց իր նպաստը բերելու պատերազմից ավերված Իրաքի վերակառուցման եւ վերականգնման աշխատանքներին:

Այս տարվա ապրիլի վերջերին Երեւան էր ժամանել ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ Չառլզ Վալդը: Ամերիկյան բարձրաստիճան զինվորականի եւ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանի համատեղ մամուլի ասուլիսում վերջինս նշեց, որ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը Իրաք հայկական դասակ ուղարկելու որոշում է ընդունել, սակայն այդ որոշումը չի կարող լինել վերջնական, քանի դեռ չի քննարկվել խորհրդարանում եւ չի վավերացրել հանրապետության նախագահը:

Գլխավոր շտաբի պետը նկատեց, որ Իրաքում կա հայկական համայնք, եւ Հայաստանն անում է հնարավորըՙ իր նպաստը բերելու հետպատերազմյան վերականգնման աշխատանքներին, սակայն դա չի նշանակում, որ «հայկական ռազմական ստորաբաժանումը հենց վաղն Իրաք է մեկնելու»: Սա նշանակում է, որ Հայաստանն, այնուամենայնիվ, որոշակի մտահոգություններ ունի Իրաք թեկուզ քաղաքացիական մասնագետներ ուղարկելու առնչությամբ: Մյուս կողմից, Մ. Նահանգները ակնկալում է, որ Հայաստանը հնարավորինս շուտ կմիանա Իրաքի բազմազգ ուժերին: Մասնավորապես իր հրաժեշտի ասուլիսում Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդուեյը հույս հայտնեց. «Մենք շատ արագ տեսնում ենք Հայաստանի մասնակցությունն Իրաքումՙ կոալիցիոն ուժերի շարքում»:

Մ. Նահանգները ցանկանում է հնարավորինս շատ երկրներ ներգրավել կոալիցիայի կազմում, առաջին հերթինՙ քաղաքական նկատառումներով. որքան շատ երկրներ լինեն կոալիցիայի կազմում, այնքան ԱՄՆ-ն արդարացված կհամարի իր ռազմական ինտերվենցիան Իրաքում: Այսօր կոալիցիայի կազմում 32 պետություններ են, մի քանիսը, այդ թվում ԱՄՆ-ից լուրջ կախվածություն ունեցող Ֆիլիպիններն ու Իսպանիան, զորքերը դուրս են բերել Իրաքիցՙ պատանդությունից եւ գլխատումից փրկելով իրենց քաղաքացիներին: Կոալիցիային մաս չեն կազմում ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիան եւ Կանադան, ամերիկացիների եվրոպական դաշնակիցներ Գերմանիան ու Ֆրանսիան, Ռուսաստանը, ինչպես նաեւ ասիական ծանրքաշայիններից Չինաստանն ու Հնդկաստանը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունն արդեն իսկ Իրաք հայ մասնագետների ուղարկելու որոշում է ընդունել: Մի քանի օր առաջ կառավարությունը հաստատել է այդ որոշումը: Աշնանը սպասվում են քննարկումներ խորհրդարանում: Ազգային ժողովի «այո»-ն կամ «ոչ»-ը մեծապես կախված կլինի Հայաստանի իշխանությունների կամքից. եթե իրավամբ Երեւանը ցանկություն ունի հայ մասնագետների ուղարկելու Իրաք, ապա խորհրդարանը դժվար թե խնդիրներ առաջացնիՙ հաշվի առնելով օրենսդիր մարմնի կախվածությունը նախագահականից:

Հայ հասարակությունը Իրաք հայ մասնագետների ուղարկելու խնդիրը լայն քննարկման առարկա չի դարձրել: Ժամանակ առ ժամանակ այդ հարցին անդրադառնում են հայաստանյան լրատվամիջոցներըՙ հիմնականում թերթերը: Հեռուստաընկերությունները, որոնք հասարակական կարծիքի ձեւավորման վրա կարող են ունենալ լուրջ ազդեցություն, այս հարցի մասին գրեթե չեն խոսում: Սակայն, մյուս կողմից, հենց հեռուստաընկերություններից է հայ հասարակությունը տեղեկանում այն սահմռկեցուցիչ տեսարանների մասին, երբ քաթարյան «Ալ Ջազիրան» ցուցադրում է տեսահոլովակ, թե ինչպես են իրաքցի ապստամբները գլխատում կոալիցիային մաս կազմող պետությունների ներկայացուցիչներին:

Իրաքում բնակվում են շուրջ 20 հազար հայեր: Օգոստոսի 1-ին միանգամից 5 քրիստոնեական եկեղեցիների (այդ թվումՙ հայ կաթոլիկների) մոտ տեղի ունեցած պայթյունները ցույց տվեցին, որ Իրաքի քրիստոնյաները, ինչպես ողջ երկրի բնակչությունը, ապահովագրված չեն ինքնասպան մահապարտների ահաբեկչություններից: Ի դեպ, իրաքահայերը մի շարք առիթներով ակնարկել են, որ Հայաստանի մասնակցությունը կոալիցիային կարող է դժվար կացության մեջ դնել իրենց: Եվ յուրաքանչյուր երկիր ստիպված է նախ իր ժողովրդի անվտանգության մասին մտածել:

Կառավարությունում իրաքահայության այս մտահոգությունները, ըստ ամենայնի, խորությամբ չեն ընկալվել: Ընդհանրապես Իրաք որեւէ հայի ուղարկելուց առաջ (իրադարձությունները ցույց են տալիս, որ իրաքցի ապստամբների համար կարեւոր չէՙ կոալիցիայի կազմում ընդգրկված երկրի ներկայացուցիչը բժիշկ է, թե ձեռքին հրազեն ունի) անհրաժեշտ է հաշվի առնել անվտանգության խնդիրները: Այսպես, Իրաքը ռմբահարելու նախօրեին Հայաստանը փակել է Բաղդադի իր դեսպանությունը եւ դեռեւս չի պատրաստվում վերաբացել, քանի որ դեռեւս ապահովված չէ հայ դիվանագետների անվտանգությունը:

Հայկական մամուլում հայտնվում են հրապարակումներ, թե իբր Հայաստանը Իրաք մասնագետների ուղարկելու հարցում բռնել է երկիմաստ դիրք, ավելի կոնկրետՙ ակնարկվում է, որ Ռուսաստանի «դաբրոյից» հետո միայն Երեւանը կկատարի ԱՄՆ-ին տվածՙ Իրաք մասնագետների գործուղելու խոստումը: Այս կարծիքը հիմնավորված չէ այն առումով, որ Հայաստանը Կոսովոյի խաղաղարար ուժերի մաս է կազմում, ընդ որում 34 հոգանոց հայկական գումարտակը տեղաբաշխված է Կոսովոյի ամերիկյան պատասխանատվության գոտում: Նկատենք, որ Ռուսաստանը մաս չի կազմում այդ երկրամասի խաղաղարար ուժերին:

Հայաստանի մասնակցությունը Իրաքի վերականգնմանն ու վերակառուցմանը քաղաքական տեսանկյունից թերեւս անհրաժեշտություն է: Այսօր, սակայն, պետք է փաստել, որ կոալիցիայի բազմազգ ուժերը դեռեւս շարունակում են ավերակների վերածել Իրաքը, ըստ էության շարունակվում է Իրաքի ամերիկյան օկուպացիան:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4