«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2004-08-28 | #150, 2004-08-31 | #151, 2004-09-01


«ՎՐԱՑԱԿԱՆ» ՆՈՐ ՈՒՍՏԱՐՈՒՄ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԱԳՐՔԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ

Այսօր աշխարհի տարբեր երկրներում, հատկապես նախկին խորհրդային տարածքի հանրապետություններում սկսվում է ուսումնական տարին: Վրաստանում, սակայն, ուսումնական տարին հետաձգվել է ու կսկսվի սեպտեմբերի 20-ին: Ինչպես մոտ 15 օր առաջ տեղեկացրել էին վրացական լրատվամիջոցները, նման որոշում է կայացրել երկրի կրթության նախարարությունը:

Որոշումը հրապարակելու պահին կրթության նախարար Ալեքսանդր Լոմայան նման նորամուծությունը բացատրել է նրանով, որ այդ կերպ Վրաստանը կհեռանա կրթության խորհրդային համակարգից եւ «կանցնի եվրոպականին»:

Նախարարը տվել էր հետեւյալ պարզաբանումը. «Յուրաքանչյուր նորամուծություն սկզբում միշտ էլ ցավագին է ընդունվում: Բայց տվյալ դեպքում նորամուծությունը նաեւ հաշվի է առնում, որ երեխաների ֆիզիկական ու կրթական ծանրաբեռնվածությունը հավասարապես բաշխվի ողջ տարում»:

Տասնամյակներ ուսումնական տարին սեպտեմբերի մեկին սկսելուց հետո Վրաստանն ի վերջո որոշել է, որ, ըստ նախարարի խոսքերի, «պետք է հաշվի առնել նաեւ Վրաստանի կլիմայական պայմանները, բնակչության այն մասի շահերը, որը ցանկանում է երկարաձգել իր արձակուրդը սեպտեմբերին»:

Ինչեւէ, սա արդեն որոշում է, որ իրականություն է դարձել: Այնուամենայնիվ, առավել հուսադրող է այն, որ, ըստ «Ռեգնում» գործակալության, նախագահական ծրագրի շրջանակներում նոր ուսումնական տարում նախատեսվել է բոլոր առաջին դասարանցիներին անվճար ապահովել պայուսակներով, իսկ ոչ վրացական դպրոցներին տրամադրել վրացերենի դասագրքեր:

Վրացական հեռուստաընկերությունների վերջին օրերի տեղեկատվությամբ, Վրաստանի կրթության նախարարությունը այս ուսումնական տարվա համար պատրաստել է եւս մեկ նորություն: Այս դեպքում դա վերաբերում է դասագրքերինՙ հայկական եւ ադրբեջանական դպրոցների համար: Առաջին անգամ կրթության նախարարությունը հայկական եւ ադրբեջանական դպրոցներին կփոխանցի Վրաստանի պատմության եւ աշխարհագրության անվճար դասագրքեր մայրենի լեզվով:

Նշված դպրոցներին կհանձնվեն նաեւ վրացերեն լեզվի հարմարեցված դասագրքեր` դարձյալ անվճար:

Նախկինում հայկական եւ ադրբեջանական դպրոցները դասագրքեր գնում էին Հայաստանից եւ Ադրբեջանից:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4