ուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը
Թեեւ որոշ ուշացումով, ֆուտբոլի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Մակեդոնիայում մեր ազգային եւ երիտասարդական հավաքականների անփառունակ ելույթներին: Նա իր դժգոհությունն արտահայտեց ոչ միայն ֆուտբոլիստների ցուցադրած խաղից, այլեւ հավաքականի հանդիպումների նկատմամբ նրանց ցուցաբերած վերաբերմունքից: Ըստ նախագահի, ոմանք հավաքականը դիտում են որպես պարզապես ճանապարհորդելու միջոց, պատասխանատվությամբ չեն մոտենում խաղերին, ուշացումով են ներկայանում ուսումնամարզական հավաքներին: Եվ այս ամենի տխուր հետեւանքը մակեդոնացիների հետ խաղում կրած խայտառակ պարտությունն էր: Այս առնչությամբ լուրջ խոսակցություն է տարվել ֆուտբոլիստների հետ եւ խստորեն զգուշացվել է, որ նրանք պարտավոր են ժամանակին ներկայանալ ուսումնամարզական հավաքին: Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 8-ին ՀՀ ազգային հավաքականը Երեւանում ընտրական մրցաշարի շրջանակներում հյուրընկալելու է Ֆինլանդիայի հավաքականին: Գլխավոր մարզիչ Բեռնար Կազոնին ուսումնամարզական հավաքը սկսելու է սեպտեմբերի 3-ից: Այն ֆուտբոլիստները, ովքեր այդ ժամկետին չեն ներկայանա Երեւան, այլեւս հավաքական չեն հրավիրվի:
Ռուբեն Հայրապետյանն անդրադարձավ նաեւ հայկական թիմերում հանդես եկող ֆուտբոլիստների թույլ պատրաստվածությանը, որոնք չեն դիմանում մարզումների ծանրաբեռնվածությանըՙ օրինակ բերելով «Բանանցի» պաշտպան Արարատ Առաքելյանին, «Միկայի» կիսապաշտպան Դավիթ Գրիգորյանին: Միաժամանակ նա տեղեկացրեց, որ հաճախակի ակումբներից բողոքներ են լսվում կապված հավաքականներում մարզումային գերբեռնվածության հետ: Իհարկե, նման պայմաններում դժվարանում է հավաքականների մարզիչների աշխատանքը:
Ինչ վերաբերում է հավաքականի համար ընկերական մրցախաղերի կազմակերպմանը, ապա Ֆրանսիայի հավաքականի հետ Երեւանում հանդիպում անցկացնելու աշխատանքներ են տարվում: Նախագահը հավաստիացրեց, որ 2006 թ. հավաքականը կունենա ընկերական խաղերի հստակ խաղացանկ: Ընտրական այս մրցաշարում հավաքականի առջեւ խնդիր է դրվել խմբում պատվավոր տեղ զբաղեցնել, պայքարել 3-4-րդ տեղերի համար:
Վատ հանդես եկան նաեւ երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստները, որոնք հիմնականում 18-19 տարեկան պատանիներ են: Ռուբեն Հայրապետյանը լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրեց երիտասարդական հավաքականի խաղում Լեւոն Փաչաջյանի եւ Ժորա Հովհաննիսյանի միջեւ տեղի ունեցած ընդհարմանը: Երկու ֆուտբոլիստների վարքագիծը լուրջ քննարկման թեմա է դարձել: Ժորա Հովհաննիսյանը հեռացվել է «Փյունիկից» ու երիտասարդական հավաքականից, իսկ Լեւոն Փաչաջյանը չի հրավիրվի ֆինների հետ ընտրական մրցախաղին:
Ֆինների հետ առաջիկա խաղում մարզիչները, հնարավոր է, կազմում փոփոխություններ կատարեն: Ֆեդերացիայի միջնորդությամբ այսօր Ֆրանսիայից պետք է Երեւան ժամանի Մարսելի «Օլիմպիկի» բժիշկը, որը կհետազոտի վնասվածքներ ունեցող մեր մի խումբ ֆուտբոլիստների, կհամագործակցի թիմերի բժիշկների հետ: Այս մասին տեղեկացված են բոլոր ակումբները, որոնք կարող են օգտվել բժշկական ծառայությունից: Նախատեսվում է հետագայում էլ հավաքականի հանդիպումներից առաջ կազմակերպել նման միջոցառումներ: