«1994 թ. փետրվարին Հայաստանը համաձայնություն էր տվել վերադարձնելու վեց շրջան, բացի Շուշիից եւ Լաչինից»
Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար (1993 թ. սեպտեմբեր-1995թ. փետրվար) Մամեդռաֆի Մամեդովը Բաքվի «Զերկալո» թերթին տված հարցազրույցում ասել է, որ 1994 թ. փետրվարին հնարավորություն կար ոչ միայն դադարեցնելու ռազմական գործողությունները, այլեւ կարգավորելու ղարաբաղյան հակամարտությունը:
«Մոսկվայում, Ռուսաստանի պաշտպանության նախարարի մասնակցությամբ տեղի ունեցավ հակամարտության կողմերի պաշտպանության նախարարների հանդիպում: Կազմվեց արձանագրություն, որը ստորագրեց Հայաստանի նախարարը եւ ես: Ըստ այդ փաստաթղթի, հայերը մեկ ամսվա ընթացքում ազատում էին Աղդամն ու Ֆիզուլին, ապա 3 ամիսների ընթացքումՙ եւս չորս շրջան (Զանգելան, Ղուբաթլու, Ջեբրայիլ, Քելբաջար- խմբ.): Կողմերի բանակցությունների առարկա դարձան Շուշին ու Լաչինը եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Հանդիպման արդյունքների մասին ես զեկուցեցի Հեյդար Ալիեւին: Ինձ անհայտ պատճառներով այդ պլանը չիրականացվեց», ասել է Մամեդովը:
«Մի՞թե հայկական բանակն ավելի ուժեղ էր, քան ադրբեջանականը» հարցին Մամեդովը պատասխանել է. «Դուք այդ ձեւով կարող եք դնել հարցը: Բայց ես ձեզ հետ համաձայն չեմ. պատերազմում միշտ ուժեղն է հաղթում: Այն վիճակը, որ տիրում էր ադրբեջանական բանակում այդ ժամանակ, հաղթանակ չէր կարող բերել»:
Մամեդովը հարցականի տակ է դրել ադրբեջանական հասարակության մեջ ձեւավորված առասպելը, իբր ղարաբաղյան պատերազմում հայերը հաղթել են ռուսական զենքի եւ Ռուսաստանի օգնության շնորհիվ: «Ռուս զինվորականներն ինձ մեծ օգնություն են տրամադրել: Միայն մի հարցրեքՙ ի՞նչ ձեւով: Այդ հարցին ես չեմ կարող պատասխանել»: Ի դեպ, Մամեդովը ռուսական բանակից Ադրբեջան էր տեղափոխվել 1993 թ.: Հեյդար Ալիեւը Բորիս Ելցինին խնդրել էր Մամեդովին թույլ տալ տեղափոխվել Ադրբեջան եւ ղեկավարել պաշտպանության նախարարությունը: 1995 թ. Մամեդովը կրկին տեղափոխվեց Մոսկվա:
«Բայց Ռուսաստանը ռազմական օգնություն էր տրամադրում Հայաստանին» հարցին Մամեդովը պատասխանել է. «Դա ավելի շատ քաղաքականություն է, քան ռազմական օգնություն: Ռուսաստանն իր հարաբերությունները կառուցում էր ե՛ւ մեզ, ե՛ւ Հայաստանի հետ»:
Մամեդովը ցավով նշում է, որ ինքը դեմ էր Քելբաջարի ուղղությամբ հակագրոհ սկսելու պլանին, բայց այն ժամանակ գլխավոր դատախազ Ալի Օմարովը կարողացել էր Ալիեւին հավաստիացնել, թե Քելբաջարը վերցնելու դժվարություն չկա: «Ինչքան էին կորուստները, դժվարանում եմ ասել, ճշգրիտ թիվը չեմ հիշում, բայց, հավատացեք, մինչեւ կյանքիս վերջը սիրտս ցավելու է սպանված զինվորների եւ սպաների համար», ասել է նա:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է 1993-94 թթ. ձմռանը Քելբաջարի ուղղությամբ ադրբեջանական կողմի ձեռնարկած լայնածավալ գործողություններին: Ադրբեջանը մի քանի օր տեւած մարտերի ընթացքում կորցրեց ավելի քան երկու հազար զինվոր: Հայկական կողմից կորուստն անցնում էր հինգ հարյուրը:
Մյուս կողմից, Մամեդովը կարծիք է հայտնում, որ «Զանգելանի եւ մյուս շրջանների բնակչությունը չպետք է փախչեր հարազատ վայրերից, այլ մնար եւ պարտիզանական պայքար մղեր»:
Մամեդովն արդարացված է համարում կրակը դադարեցնելու 1994թ. մայիսի 12-ի պայմանավորվածությունը: Մինչ օրս Բաքվում տեսակետ կա, թե չպետք էր դադարեցնել պատերազմը: «Մենք ռազմական գործողություններ էինք մղում, կանգ առանք, ապա անցանք պաշտպանության, հետեւաբար հակառակորդը որոշեց, որ մենք հարձակվելու ուժ այլեւս չունենք եւ կարող է հակահարձակման որոշում ընդունել: Որպեսզի դա տեղի չունենար, անհրաժեշտ էր կրակը դադարեցնելու համաձայնության հասնել», ասել է Մամեդովը:
Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարը նկատել է, որ երկիրը ԱՄՆ ռազմակայանների կարիքը չունի. «Վստահ եմ, եթե հանրապետությունում տեղակայվեն ամերիկյան ռազմակայաններ, ապա զավթած տարածքները վերադարձնելու մասին խոսք լինել չի կարող»:
Թ. Հ.