ԲԱՔՈՒ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը անհրաժեշտ է համարում շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: «Այսօր բանակցությունների անհրաժեշտությունը կա, եւ բանակցությունները շարունակվում են կոնկրետ թեմաների շուրջ», հինգշաբթի օրը լրագրողներին ասել է Ի. Ալիեւը Նախիջեւանում, որտեղ նա գտնվում է մեկօրյա ուղեւորությամբ: Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, պետության ղեկավարը ընդգծել է, որ մտադիր չէ բանակցություններին մասնակցել հանուն բանակցային գործընթացի իմիտացիայի, եւ եթե տեսնի, որ բանակցությունները հարկ եղած արդյունքը չեն տալիս, ապա ադրբեջանական կողմը առաջինը կհրաժարվի դրանից: «Նովոստի» գործակալության համաձայն, Ալիեւն այն համոզմունքն է հայտնել, որ հայկական կողմի հետ բանակցությունների արդյունքում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի: