«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2004-09-01 | #152, 2004-09-02 | #153, 2004-09-03


ԲԱՂԴԱԴՈՒՄ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐԸ ՀԱԼԱԾՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՀԱՅԵՐԻՆ

Գեւորգ Ղուրբանյանին զգուշացրել են չաշխատել ամերիկացիների մոտ, եթե աշխատի` կսպանեն

Բաղդադից հետո Բասրան Իրաքի ամենահայաշատ բնակավայրն է: Հայաստան փախած իրաքահայերի պատմելով, մի շաբաթ առաջ Բասրայում մտել են մի հայի տուն, սպանել նրան, վիրավորել կնոջը եւ թալանել ողջ տունը: Եվ եթե Բաղդադում դեռ հայ ընտանիքներ կան, ապա Բասրան լիովին հայաթափ է եղել:

Արդեն 3 ամիս Գեւորգ Ղուրբանյան-Ֆահրադյանը Երեւանում է կնոջ` Զաբել Մարտիրոսյանի ու 4 զավակների հետ:

Ինչպես իրեն, այնպես էլ աշխարհի բոլոր անկյուններում սփռված հայերին Ժամանակ առ ժամանակ գաղթի կերպարանքով այցի է գալիս ճակատագրի այս անակնկալը: Դրանից հնարավոր չէ խուսափել, ապահովագրված չէ հայի ոչ մի սերունդ: Իրաք-ամերիկյան պատերազմը Բաղդադում ու Բասրայում ապրող հարյուրավոր հայ ընտանիքների ճակատագրական նույն սցենարով գցել է դռնեդուռ:

- 7 ամիս առաջ 20 տարեկան տղայիս քիչ էր մնում սպանեին: Մեր հարեւան թաղամաս հացի էինք ուղարկել: Ճանապարհին 3 դիմակավորված մարդիկ հարձակվել էին վրան, փող պահանջել: Նյարդային ցնցումների մեջ էր մեկ ամիս, աստված սիրեց մեզ, որ չսպանեցին նրան: Ստիպված եղանք դուրս գալ երկրից, այսպիսի նախապատմությամբ է Գեւորգը սկսում Բաղդադում մնացած հայերի մասին տեղեկությունները: Պատերազմող ամեն մի երկրի նման Իրաքի քաղաքներում եւ մեծ ու փոքր բնակավայրերում էլ տարածված են գողությունն ու թալանը, առեւանգումները, սովը: Շուկա կամ խանութ գնալիս երբեք համոզված չեսՙ կվերադառնա՞ս: Հենց երեկ Բաղդադից զանգահարեց եղբայրն ու հայտնեց, որ ռմբակոծել են իրենց թաղամասը, նրա տունը հրաշքով չի վնասվել: Եղբայրը չի կարողանում Հայաստան գալ, քանի որ մի քանի տներ ունի, եւ պարզապես չի կարողանում հանուն անվտանգության ունեցվածքը թողնել ու գալ:

Ինչպես ամենուր, Բաղդադում շատ են նաեւ խեղճ, աղքատ ընտանիքները, որոնք Հայաստան չեն գալիս պարզապես միջոց չունենալու պատճառով: Վախը սրտներում ապրում են: Ոչ միայն աղքատները, այլեւ ապահով ընտանիքները հայտնվել են կարիքի մեջ: Մեր զրուցակիցը պատմում է ԱՄՆ-ի ու Սիրիայի հայ հարուստների ու բարեգործական կազմակերպությունների մասին, որոնք պարբերաբար օգնություն են ուղարկում Իրաքի իրենց հայրենակիցներին: «Բայց մեր թաղականները կամ սրբազանը իրենց քեֆով են բաշխում այդ օգնությունները»: Մի ժամանակ եկեղեցին լավ հոգում էր համայնքի մասին, հիմա եկած օգնությունները կտոր-կտոր են արվում` մինչեւ վերջ հասցեատիրոջը չհասնելով:

«Ժամը 6-ից, 7-ից հետո Բաղդադում փողոց դուրս գալ չես կարող, եթե մեկը հիվանդանա, պետք է մեռնի տան մեջ, հիվանդանոց հասցնել չի լինի: Տղաներ ու աղջիկներ առեւանգելը եւս սովորական երեւույթ է, ես շատ ապահով եմ, որ իմ աղջիկը այստեղ կարող է հանգիստ փողոց դուրս գալ»: Սակայն ապահովության զգացումը «փոխհատուցվել» է նույնպես կենսական հիմնախնդրով` օրվա դժվար ապրուստով ու վաղվա օրվա հեռանկարի անհուսությամբ: Վարձակալած բնակարանի վարձը դրսի բարեկամներն են տալիս, չնայած գործադրած բոլոր ջանքերին ու փնտրտուքինՙ աշխատանք չեն գտնում ոչ ինքը, ոչ տղան, ոչ կինը:

Բաղդադում Գեւորգն իբրեւ մենեջեր աշխատել է հոլանդական ու իտալական ընկերություններում, լավ էլ աշխատավարձ է ստացել` 1300-1800 դոլար: Հակամարտության սրմանը զուգընթաց աշխատելն էլ անհնարին դարձավ: Իրաքում հայերին միշտ էլ լավ են վերաբերվել, սակայն վերջին տարում, ինչպես մյուս քրիստոնյաների, այնպես էլ հայերի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունք են ցուցաբերում ծայրահեղ իսլամականները: «Ջուր մը խմես, ասում են` աղտոտեց մեր ջուրը»: Այդպիսի բան իրենք չեն տեսել Սադդամի ժամանակ:

Հատկապես քրիստոնյա եկեղեցիների վրա կատարված վերջին ահաբեկչությունից հետո քրիստոնյաները տեղ չունեն Իրաքում: Շատերը փախչում են երկրից: Ինքն էլ երկրորդ անգամ ստիպված է եղել ծախծխել տունն ու ունեցվածքը (առաջին անգամ` պատերազմի սկզբին եկավ Երեւան, հետո աշխատանք չգտնելով կրկին վերադարձավ Բաղդադ) եւ գաղթել Հայասատան: Հայերին նույնիսկ սպառնում են, արգելում աշխատել ոչ միայն ամերիկյան կազմակերպություններում, այլեւ ընդհանրապես որեւէ տեղ: Ինչո՞ւ: Գեւորգ Ղուրբանյանի դիտարկմամբ` որովհետեւ ամեն ձեւով փորձում են խոչընդոտել Իրաքի ոտքի կանգնելուն: Անձամբ իրեն էլ զգուշացրել են չաշխատել ամերիկացիների մոտ, եթե աշխատի` կսպանեն: Իրեն ծանոթ մի հայի, մի ասորու իսկապես սպանել են, որովհետեւ համարձակվել էին չհնազանդվել:

Սակայն Հայաստան գալով էլ անդորր չգտան: Իրենց համար խիստ վիրավորական է, որ տեղի հայերը ամենեւին «չեն քաջալերում իրենց գալուստը հայրենիք, ինչո՞ւ եք եկել, -ասում են,-այստեղ գործ չկա, գնացեք»:

Շատ բան է Հայաստանում զարմացրել իրաքահայերին: Այն, որ առաջացած տարիքը կարող է արգելք դառնալ աշխատանք գտնելու համար, որ փողոցում կանաչի կամ միրգ վաճառողից ոստիկանն իր բաժինն է ուզում, որ փոքրիկ խանութ կամ կրպակ բացելու համար «փող են առնում: Էնտեղ էդպիսի բաներ չկան, եւ բժիշկ, ինժեներ, շինարար, արհեստավոր հայերը արաբներից լավ էին ապրում: Բայց հիմա էնտեղ էլ ոչ մեկի համար գործ չկա»:

Մինչ պատերազմը 20 հզ. հայ կար Բաղդադում: Մեծամասնությունը գաղթեց Սիրիա, Ամերիկա, Հոլանդիա, Գերմանիա: Ինքն էլ դիմել է Իտալիայի, Ֆրանսիայի դեսպանատներին, խնդրելով օգնել այդ երկրներ գնալու համար, փորձել է նաեւ Հունգարիայի ճանապարհը, բայց ոչինչ չի հաջողվել: Հայաստան գալուց հետո պետական կառույցներից որեւէ էական աջակցություն չեն ստացել ոչ ինքը, ոչ էլ Երեւան եկած մյուս ընտանիքները: Իր տեսած միակ օգնությունը Կարմիր խաչից ստացած բրինձը, շաքարն ու թեյն են, որ բազմանդամ ընտանիքին հազիվ 10 օր է հերիքել, եւ 23 հզ. դրամը:

Իրենց խնդրանքը Հայաստանի իշխանություններից այս է` մի քիչ օգնեն, որ ոտքի կանգնեն, օգնեն` աշխատանք ունենալու, քանի որ տեղացիները նույնիսկ հնարավորության դեպքում խուսափում են աշխատանք տալ իրենց:

Չնայած ոչ բարեհամբույր ընդունելությանը, դիմել է իր եւ իր ընտանիքի համար Հայաստանի քաղաքացիություն ստանալու: Սպասում է:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4