Լոս Անջելեսիցՙ «Վարդգես Եղիայան եւ գործընկերներ» փաստաբանական գրասենյակից «Ազգին» հղված մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 31-ին Լոս Անջելեսի դաշնային դատարանում գործ է հարուցվել գերմանական 2 բանկերիՙ հսկա Դոյչե բանկի եւ Ալյանցի ներկա իրավաժառանգորդ Դրեզդներ բանկի դեմ: Վերոհիշյալ փաստաբանական գրասենյակի միջոցով Հայոց ցեղասպանության 5 վերապրողներ եւ նրանց ժառանգորդներն ամբաստանում են հիշյալ բանկերին իրավազրկման բազմաթիվ արարքների համար եւ պահանջում մինչեւ ցեղասպանությունը հանձնված ավանդների վերադարձ:
Այդ 5 հայ ընտանիքները գերմանական բանկերին ամբաստանում են այն բոլոր հայերի անունից, ովքերՙ 1) ավանդներ են ներդրել, 2) սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում եւ 3) որոնց ժառանգորդներին չեն վճարվել պահ տված գումարներն ու դրանց տոկոսները:
Բացի ավանդներից, հարուցված դատական գործում հիշյալ բանկերից պահանջվում է հատուցում ցեղասպանության տարիներին բռնի աշխատանքի ենթարկված հայերի չվճարված ռոճիկների դիմաց:
Դոյչե եւ Դրեզդներ բանկերը (վերջինս 2001 թ. է ձեռք բերել Ալյանց բանկը) մասնավորաբար ամբաստանվում ենՙ
1. Երիտթուրքերի հետ հայ բռնադատվածների աշխատանքի վրա գիտակցաբար առեւտուր անելու մեջ,
2. Որպես երիտթուրքերի գաղտնի դրամատուն հանդես գալու, փաստորեն դրանց թալանին նպաստելու եւ հայերի թալանված ապրանքները իրացնելու գործում մասնակից լինելու մեջ,
3. Հայ գերիների աշխատանքով կառուցված Բաղդադ-Բեռլին երկաթուղագիծն ուղղակիորեն սեփականելու եւ վերահսկելու համար,
4. 100 հազար հայերի այդ երկաթուղով դեպի մահվան ճամբարներ տեղափոխելու համար:
Հիշեցնենք, որ «Վ. Եղիայան եւ գործընկերներ» փաստաբանական գրասենյակն էր, որ վերջերս ամերիկյան դաշնային դատարանում 20 միլիոն դոլարի դատը շահեց ընդդեմ «Նյու Յորք լայֆ» ապահովագրական ընկերության, որտեղ ավելի քան 2000 հայեր 1914 թ.-ից առաջ ապահովագրական գումարներ էին ներդրել: