«Արդարություն» դաշինքի երեկվա նիստից ակնկալվում էր, որ ընդդիմադիրները վերջապես կորոշեն իրենց աշնանային սցենարի հիմնական բաղադրամասերը: ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի փոխանցմամբ, սակայն, փաստացի որոշվել է խնդիրը լուծել դաշինքը ներկայացնող կուսակցությունների համաժողովում, որը կկայանա սեպտեմբերի կեսերին: Համաժողովը կքննարկի ամառային հարաբերական անդորրին հաջորդած նոր իրավիճակը, եւ ըստ այդմ նոր որոշումներ կընդունվեն:
Համենայն դեպս, երեկվա նիստում ամրագրվել են տակտիկական արդեն կիրառված միջոցները (հանրահավաքներ, երթեր, ցույցեր, հանդիպումներ բնակչության հետ) նորից օգտագործելու հավանականությունը:
Խմբակցության ղեկավարը հավատացրեց, որ կառավարության վերջինՙ «բնակչության հետ հանդիպումների» տարածքները հնարավորինս սահմանափակելու որոշումը, իրենց ամենեւին չի վհատեցրել:
«Ազգի» դիտողությանը, թե հանրահավաքները սպառել են իրենց եւ նոր մեթոդների պետք է դիմել, Վիկտոր Դալլաքյանը պատասխանեց. «Իշխանափոխության երկու ճանապարհ կա. մեկը ժողովրդի միջոցով, մյուսը` զինված ապստամբության: Երրորդ մեթոդը ես չգիտեմ որն է: Մենք ժողովրդի միջոցով ենք իրականացնելու մեր խնդիրը: Մեր կարծիքով հանրահավաքային ալիքը չի թուլացել»:
Վիկտոր Դալլաքյանը կրկին հաստատեց, որ ընդդիմությունը մտադիր չէ մասնակցել աշնանային նստաշրջանի աշխատանքներին, քանի որ «չի կատարվել այնպիսի փոփոխություն, որի պարագայում մենք պիտի վերադառնանք խորհրդարան»:
Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, ապա, ըստ խմբակցության քարտուղարի, գործող իշխանությունները իրավունք չունեն այդպիսի փաթեթ քննարկելու, քանի որ ներկայացվող նախագիծն ընդամենը կոսմետիկ փոփոխությունների է ենթարկվել: Այդ նախագծին 2003 թ. ժողովուրդն արդեն «ոչ» է ասել:
Եվ բացի այդ, «գործող սահմանադրությունը բազմիցս խախտած իշխանությունները սահմանադրական փոփոխությունների տարբերակ ներկայացնելու բարոյական իրավունք չունեն»:
Կ. Դ.