Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատության աշխարհասփյուռ սաները, Կալիֆոռնիայում «Մելգոնյանի շրջանավարտներ եւ բարեկամներ» անունով իրենց նորաստեղծ ոչ շահութաբեր կազմակերպության միջոցով «Մակ Քարլի եւ Ռոզեն» իրավաբանական ֆիրմայի դատապաշտպանների են վարձել, որոնք պետք է պայքարեն 78-ամյա կրթական հաստատության նախատեսված փակման դեմ, տեղեկացնում է այդ առթիվ խմբագրությանը հասցեագրված մամլո հաղորդագրությունը, որը հիմնված է սեպտեմբերի 1-ին «Սայփրս Մեյլ» կիպրական թերթում լույս տեսած տեղեկատվության վրա:
Կալիֆոռնիայի կազմակերպությունը, ըստ հաղորդագրության, համագործակցում է Հունաստանում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Լիբանանում, Ավստրալիայում եւ այլ երկրներում գործող Մելգոնյանի սանուց միությունների հետ, որոնք պատրաստվում են նույնանման դատական հայցեր հարուցել կրթօջախի փակման դեմ:
Դարձյալ սեպտեմբերի 1-ին «Ֆայնենշլ միրոր» կիպրական թերթը տեղեկացնում է, որ Կիպրոսի սանուց միությունը դիմել է Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասին, պահանջելով, որ ՀԲԸՄ-ն հավատարիմ մնա մարտ ամսին ընդունված խորհրդարանական որոշմանը, որով Մելգոնյանը շարունակում է գործել որպես միջնակարգ վարժարան, կրթօջախի տարածքը համարվում է ազգային ժառանգություն, եւ ՀԲԸՄ-ի ներկայացուցիչ Գորդոն Անդերսոնին կոչ է արվում բանակցություններ վարել տեղի համայնքի ներկայացուցիչներիՙ ծնողների եւ սաների հետ: Կիպրոսի կանաչների կուսակցությունը անցյալ շաբաթ հայտարարություն է հրապարակել, որով պահանջել է կրթական հաստատության ամբողջ տարածքը հռչակել «արգելավայր»ՙ պահպանելու համար 1920-ականներին կառուցված վարժարանի պատմական շենքերն ու Լիմասոլ փողոցին հարող պուրակապատ կանաչ տարածությունը: