Ստեփանավանի շուրջ 300 աշակերտներ, մանկավարժական մի ողջ կոլեկտիվ սեպտեմբերի 1-ին հպարտության զգացումով էին համակվածՙ նորակառույց հոյակերտ շենքի մուտքի մոտ, ուր տեղի էր ունենում բացման արարողությունը:
Շնորհավորանքի ու ջերմ մաղթանքի խոսքերով հանդես եկան Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը, Սոցիալական հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը, ծնողներ, մանկավարժներ:
Հայաստանի Թեքեյան մշակութային միության փոխնախագահ Սերգեյ Գալստյանը, շնորհավորելով դպրոցի աշակերտությանը եւ ուսուցիչներինՙ Գիտելիքի օրվա առիթով, մաղթեց ուսման բարձր առաջադիմություն եւ կարեւորեց, որ շուրջ 40 առաջին դասարանցիներ կրկնակի երջանիկ ենՙ ոտք դնելով լուսավոր ու շքեղ այդ օջախ:
Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչության անունից Սերգեյ Գալստյանը եւ ՀԹՄՄ վարչության անդամ Գայանե Մուրադյանը դպրոցին նվիրեցին Վ. Թեքեյանի մեծադիր, հազվագյուտ մի լուսանկար:
Դպրոցի տնօրեն Վլադիմիր Մարտիրոսյանն իր ելույթում նշեց, որ վերջապես եկավ վաղուց սպասված օրը: Նա իր շնորհակալությունը հայտնեց Լոռու մարզպետ Հ. Քոչինյանին, Սոցիալական հիմնադրամի գործադիր տնօրեն Ա. Կիրակոսյանին, Թեքեյան մշակութային միության նախագահ Ռ. Միրզախանյանին, Ստեփանավանի շինարարական կոոպերատիվի տնօրեն Վ. Գեւորգյանին, որոնց ջանքերով եւ անմիջական աջակցությամբ իրականացավ թեքեյանցիների երազանքը, կառուցվեց այս գեղեցիկ դպրոցը...
Վերջ այլեւս ցուրտ, մութ ու անշուք դասասենյակներին: