2004 թ. սեպտեմբերի 5-ին Լեհաստանի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Կվաշնեւսկու հրավերով պաշտոնական այցով Լեհաստան կմեկնի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Լեհաստանի նախագահի, Սեյմի եւ Սենատի ղեկավարության, վարչապետի հետ: Կստորագրվեն երկկողմ համաձայնագրեր` ռազմական համագործակցության եւ կազմակերպված հանցավորության դեմ համատեղ պայքարի մասին, ինչպես նաեւ հուշագիր Լեհաստանի մանր ու միջին ձեռներեցության միության եւ Հայաստանի առեւտրի ու տնտեսական զարգացման նախարարության միջեւ համագործակցության վերաբերյալ:
Այցի հիմնական նպատակն է խթանել միջպետական կապերի զարգացումը, նախանշել երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության առաջնային խնդիրներն ու ուղղությունները, ինչպես նաեւ կարծիքներ փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային հրատապ խնդիրների վերաբերյալ: