«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2004-09-02 | #153, 2004-09-03 | #154, 2004-09-04


ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԽԱԹԱՄԻԻ ԱՅՑՆ ԱՌԱՆՁՆԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Դա չի կարող չհետաքրքրել ինչպես անդրկովկասյան հանրապետություններին, այնպես էլ Անդրկովկասում շահեր հետապնդող պետություններին

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Սեպտեմբերի 8-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մոհամմադ Խաթամին: Սա դեռեւս 2001 թ. դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի Իրան կատարած այցի պատասխանն է: Նախագահ Խաթամին օգոստոսի 5-ին այցելել է Ադրբեջան, իսկ սեպտեմբերի վերջերին կայցելի նաեւ Թուրքիա:

ԻԻՀ նախագահի Ադրբեջան կատարած այցի կարեւորությունը Հայաստանի համար ակնհայտ էր ոչ միայն Բաքվում նրա ներկայությամբ ղարաբաղյան հիմնահարցի արծարծմամբ, այլեւ Իրանի «հայամետ» քաղաքականության առնչությամբ ադրբեջանական իշխանությունների դժգոհության առումով: Ամենայն հավանականությամբ վերոհիշյալ հիմնահարցը քննարկման կենթարկվի Թուրքիայի ղեկավարների հետ Մոհամմադ Խաթամիի հանդիպումներում եւ չի բացառվում, որ Հայաստանի նկատմամբ Իրանի որդեգրած քաղաքականությանն առարկեն թուրքական իշխանությունները: Ուրեմն, Հայաստանի համար ոչ պակաս կարեւոր է լինելու ԻԻՀ նախագահի առաջիկա այցը Թուրքիա:

Համենայն դեպս, առ այսօր Իրանից Հայաստան նախագահի մակարդակով որեւէ այց չէր կատարվել: Մինչ այդ ամենաբարձր մակարդակի այցը թերեւս ԻԻՀ առաջին փոխնախագահ Հաբիբիի այցն էր 1996թ.: Հետեւաբար միանգամայն տեղին է նշել, որ նախագահ Խաթամիի այցը Հայաստան վաղուց էր սպասվում: Կարծում եմ, դա մեծապես կնպաստի հայ-իրանական հարաբերությունների զարգացմանն ու երկու բարեկամ երկրների մերձեցմանը:

Այս հանգամանքը առանձնակի նշանակությամբ ընդգծում է ԻԻՀ նախագահի այցի կարեւորությունը Հայաստանի համար: Այցը կարեւոր է նաեւ այն բանով, որ Երեւանում նախատեսվում է գումարել «Երկու երկրների կապերը համակարգող միջկառավարական հանձնաժողովների» համատեղ հերթական նիստը, որտեղ հայկական պատվիրակությունը գլխավորելու է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը, իսկ իրանականըՙ ԻԻՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սաֆրադ Հոսեյնին: Նախագահ Խաթամիի այցի ընթացքում ամենայն հավանականությամբ ի մի կբերվեն Ռոբերտ Քոչարյանի Իրան այցելությունից հետո ձեռք բերված պայմանավորվածություններից բխող ծրագրերի կատարման աշխատանքները:

Ինչ վերաբերում է այցի ծրագրին, ապա դրա շրջանակներում Մոհամմադ Խաթամին, բացի Ռոբերտ Քոչարյանի հետ առանձնազրույցից եւ բանակցություններում իրանական պատվիրակությանը գլխավորելուց, ելույթ կունենա Հայաստանի խորհրդարանում, կայցելի Երեւանի պետական համալսարան եւ կմասնակցի բարձրաստիճան պաշտոնյաների համար ՀՀ արարողակարգով նախատեսվող միջոցառումներին:

Նկատի ունենալով տարածաշրջանում Իրանի Իսլամական Հանրապետության լուրջ ազդեցությունն ու քաղաքական կշիռը, նախագահ Մոհամմադ Խաթամիի այցի կարեւորությունն ու նշանակությունը չպետք է սահմանափակել Հայաստանով միայն: Նրա Հայաստան այցը կարեւոր նշանակություն կունենա ինչպես անդրկովկասյան հանրապետություններից Ադրբեջանի ու Վրաստանի, այնպես էլ Անդրկովկասում ռազմաքաղաքական ներկայություն ունեցող Ռուսաստանի եւ ռազմավարական շահեր հետապնդող Թուրքիայի համար: Քանի որ ԱՄՆ-ը հանուն ազդեցության գոտիների Անդրկովկասում մրցապայքարի մեջ է մտել Ռուսաստանի հետ, ուստի ԻԻՀ նախագահ Խաթամիի Հայաստան այցը չի կարող չհետաքրքրել ամերիկացիներին:

Կասկածից վեր է, որ վերոհիշյալ երկրների հետ հարաբերություններն անխուսափելիորեն անդրադառնում են տարածաշրջանում Հայաստանի միջազգային դրության վրա: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ այցի նկատմամբ վերջիններիս հետաքրքրվածության պայմաններում Հայաստանը, հյուրընկալելով ԻԻՀ նախագահ Մոհամմադ Խաթամիին, Իրանի հետ հարաբերությունների զարգացման հնարավորությունների հետ միաժամանակ ստանում է իր միջազգային դրությունը բարելավելու լայն հնարավորություն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4