«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2004-09-02 | #153, 2004-09-03 | #154, 2004-09-04


PEINTRE MAUDIT - «ԱՆԻԾՅԱԼ ՆԿԱՐԻՉԸ»

Ժիրայր Օրագյանի (Ժիրարդո) դիմանկարը

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

Եթե վիճակս մեկ բառով նկարագրեմՙ շփոթված, անորոշության մեջ խարխափող, կորած մոլորած մի երիտասարդ էի, երբ Հռոմում համդիպեցի եւ մի քանի օր միասին անցուցինք Ժիրայր Օրագյանի հետ: Որեւէ արտակարգ բան չեմ պատմելու, եթե արդեն իսկ արտակարգ չէ երիտասարդի մը համար հազարավոր կիլոմետրեր հեռու ապրող իրենից տարեց նշանավոր նկարչի հետ հանդիպումը:

Երբեմն, խոսակցությունների ժամանակ, հիշողություններ պատմել եմ Իտալիայի մասին. հետո որոշեցի հուշեր գրի առնել: Բայց քանի որ գրող չեմ, չի ստացվում, որ սկսեմ գրել եւ գիրս սկզբից մինչեւ վերջ առանց շեղումների գնա: Անսպասելի միտքեր, բաներ գալիս են եւ խառնվում ու խցկվում գրությանս մեջ: Համարյա գրել վերջացրել էի, երբ հիշեցի Փիթր Բալաքյանի հոդվածը, որը մեջս մի միտք որոշակիացուց եւ ձեւակերպեց. որ 20-րդ դարու հայ մարդու պատմությունը սկսում է 1915 թվի ցեղասպանությունից, ինչպես 4-րդ դարու հայ մարդու պատմությունը սկսում է քրիստոնեությունից եւ հայոց եկեղեցու հիմնումից: Երեւի ավելի վաղ հայ ժողովրդի պատմությունը սկսում է Վահագնի ծնունդից:

Օրագյանի մասին առաջին անգամ լսել եմ պաշտելի ուսուցիչիցսՙ Օնիկ Ավետիսյանի պատմածներից: Օրագյանից որեւէ ստեղծագործություն չէի տեսել:

Ահավասիկ, ինչ էր պատմում ուսուցիչս. «1921-ին կարճ ժամանակով Հռոմում էինք Արա Սարգսյանի (ավելի վերջՙ անվանի քանդակագործ եւ հասարակական գործիչ) հետ եւ հոն առաջին անգամ հանդիպեցինք Օրագյանին, որ իր ծննդավայրիցՙ Կոստանդնուպոլսից, ճողոպրելով քեմալական դահիճներից ժամանել էր Հռոմ: Գործազուրկ բանվոր էր եւ գոյությունը պահում էր բարեկամներից ստացած ճղճիմ եկամուտով: Ոգեւորված մեր ներկայութենեն եւ տեսնելով մեր կատարած «էտյուդները», գեղեցիկ մի օր ինքն ալ սկսավ գծագրել Pircio այգիի մարմարե կիսանդրիները: Եղածը պարապ վախտի խաղալիք էր: Երբ 1925-ին վերադարձա Հռոմ, զարմանքով իմացա, որ Օրագյանը լրջորեն զբաղվում է նկարչությամբ եւ ցավով նկատեցի, որ սխալ ուղղության վրա էր: Բայց քանի որ ինքը ամեն գնով որոշած էր մնալ ասպարեզում, իրեն խորհուրդ տվի, որ միանա ինծի եւ Ա. Զորյանին (հետագային անվանի նկարիչ Եգիպտոսում եւ ինքն ալ եղեռնի որբերից) եւ արձանագրվի Գեղարվեստից ակադեմիայում, ուր մենք դիմել էինք իբրեւ ուսանող: Բարեբախտաբար, մեզ լսեց: Այդ երկու տարիները, որ մենք սովորում էինք միասին, իր հառաջադիմությունը աննշան էր. մեր ընկերները նրան նայում էին որպես տաղանդազուրկ «բոհեմի» մը: Իրենից բաժանվեցի 1927-ին: Մեկ-մեկ, երբ լուրեր էին հասնում իրենից, իմանում էի, որ զբաղվում է նկարչությամբ եւ ապրում է կարիքի մեջՙ ինչպես միշտ: Երբեմն խղճի խայթ էի ունենում, որ մեր առաջին հանդիպումը պատճառ հանդիսացավ իր ձախողած կյանքին:

Երբ 1951-ին, երկար տարիներ անց, ուսումնասիրության համար Իտալիա ճամփորդեցի, Հռոմում գտա իմ հին ընկերսՙ Օրագյանը, մաշված զրկանքներից, կիսաճաղատ, հիվանդ: Տառապում էր հիվանդ սրտից եւ ստամոքսից, անկարող բուժվելու: Հետաքրքրված էի իմանալ, որ այսքան զոհողություններով ու՞ր էր հասել: Իմ ժամանումիս հաջորդ օրն իսկ ինքն ալ անհամբեր ինձ տարավ իր արվեստանոցը: Անցնելով հին բնակարանի մը մութ նախասենյակիցՙ մտանք բակի վրա նայող միակ պատուհանով կիսալուսավոր սենյակ մը, որ իր արվեստանոցն էր, ննջարանը եւ խոհանոցը: Դիվան մը, որ իր անկողինն էր, սեղան մը, պահարան մը, լվացարան մը, քանի մը ճամպրուկներ եւ ծրարներ, որոնք խճողում էին այդ խուցը: Պատուհանին մոտ տեղավորված կտավակալը, աթոռ մը ու... շարժելու տեղ չկար: Պատին վրաՙ ոչ մեկ նկար կամ իր, բացի վանդակե մը, ուր լույսից եւ օդից զրկված մաքառում էր նիհար սոխակ մը:

- Է՜հ, ահավասիկ, սիրելի բարեկամ, հազվադեպ է, որ որեւէ մեկը բերեմ այստեղ, այս ախոռը: Ինչպես տեսնում ես, սակայն, երջանիկ եմ, որ այստեղ բնակվում եմ: Վարձը ճղճիմ է, բայց հազիվ հասցնում եմ վճարել, դժվարությամբ: Եթե սա էլ կորցնեմ, փողոց պետք է շպրտվիմ: Ինչ կարող եմ անել, գնորդներ չունիմ իմ նկարներուս, արդեն ալ չեմ սիրում վաճառել եւ անկարող եմ ուրիշ գործով զբաղվել: Ունիմ միակ աշակերտ մը, կին մը, որ սիրում է արվեստս եւ որուն շաբաթը մեկ անգամ նկարչության դասեր եմ տալիս, բնական էՙ իր մոտ: Ինձ հարցնում ես, որ ինչպես եմ ապրում: Ահավասիկ այն է, որ ես վարժվել եմ չուտել, գիտես, ինչպես առաջ, երկար ժամանակե ի վեր, պատահում է երկար շաբաթներ ապրում եմ հացով եւ թեյով, միայն այնքան, որ չսատկիմ:

Օրագյանը այս բաները ասում էր զվարթ ծիծաղով: Իրականին մեջ ինքն իրեն դժբախտ չէր զգում: Այնքան ատեն, որ կարող էր աշխատել, նկարել եւ կտավին վրա դրոշմել այն, ինչ որ զգում եւ մտածում էր կյանքի, մանավանդ, մարդկանց մասին, գոհունակ, որ այդքան գործեր էր ստեղծել, որոնք հիմա իմ առաջն էինՙ ծրարներու մեջ, կողպված ճամպրուկներու մեջ: Ահավասիկ, վերջապես, եկել էր պահը, որ Օրագյանը որոշել էր ինձ ցույց տալ իր ստեղծագործությունները, որոնք, բացի մի քանի գծագրություններից եւ յուղաներկերից, ջրանկարներ էին ՙ նախապես մանրամասն նկարված գրիչով կամ ջրով բացված չինական մելանով: Գրեթե բոլորը նույն չափիՙ 38x50 սանտիմետր կատարվածՙ փաթեթավորման հաստ թուղթի վրա եւ վերջում ծածկված սովորական լաքովՙ թանձր եւ շատ փայլուն: Այսպես էին նկարում, ասում էր Օրագյանը, հին վարպետները: Գույնը կցնդի, գծագրությունը կմնա. այսպես պինդ է եւ դիմացկուն: Եվ այսպես դիտեցի աչքերուս առջեւ դանդաղորեն տողանցող ավելի քան 100 կոմպոզիցիաները. ամբողջական զգայուն հոգի մը կը հայտնվեր այս գործերուն ընդմեջեն. իր կյանքը, իր տանջանքները, իր սերերը, իր հիասթափությունները եւ մանավանդ, անհաշտ ծաղր ապականված հասարակության հանդեպՙ բաղկացած չարերից, նախանձներից, «սադիստներից», սպանողներից, իրական զզվանք մըՙ հանդեպ իրենց եսասիրությունը քողարկողներուն եւ ընչաքաղցներուն:

- Ահավասիկ, սիրելի բարեկամ, ո՞նց ուզում ես որ իմ նկարները գնեն, երբ իմ ստեղծագործությունները անեծքի, վիրավորանքի, արհամարհանքի շարք են իրենց թշվառական էության հանդեպ, երբ իրենց զգում են դիմազերծված, ամբաստանված: Ճիշտը ըսելով դա զիս չի զարմացնում, համենայն դեպս, հոգս չէ, մանավանդ, իրենց չեմ նախանձում:

- Օրագյանը ինքզինքը գնահատում է այդ մարդկանցից բարձր, երջանիկ, որ մաս չի կազմում մարդկային այդ դասինՙ նախընտրելով ապրել չքավորության մեջ, ինչպես միայնակ արջ, քան թե մարդՙ այդ մարդկանց նման: Չի հավատում նաեւ կնոջ կեղծավոր սիրուն, որ արհամարհում է. պոռնիկի ազատ մարմնավաճառությունը իրեն թվում է ավելի անկեղծ: Եվ այսպես, մարդկային իրականության վանողական երեսներեն մեկն էր, որ Օրագյանը կարողացել էր արտահայտել զորությամբ, վարպետի ձեռքովՙ իր ստեղծած անհատական եւ յուրահատուկ «տեխնիկայով»:

Հուզված էի եւ հիացմունքով, զարմանքով եւ խանդաղատանքով լցված: Ջերմորեն շնորհավորեցի զինքը եւ մղված ոգեւորութենեսՙ քնքշությամբ զինք համբուրեցի: Հուզված եւ երջանիկՙ Օրագյանը ուրախությունից ժպտում էր իմ անկեղծ գնահատականիս համար: Սկսած էի սակայն ճնշվիլ այդ մութ, խճողված, նեղ տարածության մեջՙ ուժասպառ հոգնութենե եւ զզվելի իրականության տպավորության տակ:

- Հիմա դուրս գանք մաքուր օդին,- ասացի մեղմորեն եւ ինձ հետ դուրս էի բերում օդին եւ արեւին այս իսկական արվեստագետը, այս ամաչկոտ եւ մեծ երեխան:

Հիմա արդեն ես կսկսիմ պատմել Օրագյանի հետ հանդիպումս: Ստիպված եմ մի քանի բաներ ըսել իմ մասին: 1952-54 թվականներուն ապրել եմ Փարիզում, ուր գնացել էի եգիպտահայ գաղութի ինձ հատկացված կրթաթոշակով, որը մեծ գումար մը չէր, բայց կարողանում էի գոյությունս պահել: Հակառակ այն բախտավորության, որ ես բնակվում էի, կարծեմ, բոլոր նկարիչներու երազած քաղաքին մեջ, ապրում էի հոգեկան մեծ ճնշվածությամբ, որովհետեւ տեսնելով ոչ միայն թանգարաններում կուտակված նկարչության սքանչելիքները, այլ նաեւ դիտելով պատկերասրահներում ցուցադրված կենդանի նկարիչներու գործերը եւ, մանավանդ, ցուցահանդեսներում ցուցադրվող ինձի տարեկից նկարիչներու գործերը եւ ինձ համեմատելով նրանց հետ, եկել էի այն եզրակացության, որ իմ ճանչցած բոլոր մարդկանց մեջ ամենաանհաջող եւ ողորմելի էակը ես էի: Ինձ փող էին տալիս, որ ապրիմ եւ նկարեմ եւ նկարում էի, բայց ինչպե՞ս կրնայի համարձակիլ ցույց տալ նկարներս: Այստեղ ես արդեն չէի իմանում ուր պահվտիլ, գժվում էի, որ մի բան ստացվեր, բայց չէր ստացվում: Երկու տարի անցավ, ես պետք է, վերադառնայի տունՙ կնոջս մոտ, երեխայիս մոտ, որը շուտով դառնալու էր 4 տարեկան եւ ձեռներս դատարկ էին: Մի նկար անգամ չունեի, որ առանց ամաչելու կարենայի ցույց տալ ինձ Փարիզ ուղարկողներուն, իմ ընտանիքիս եւ, մանավանդ, չէի իմանում, որ վերադարձիս պիտի կարողանա՞մ մի աշխատանք ճարել, որով գոնե կարողանայի իմ ընտանիքի բեռը մասամբ իմ վրա վերցնել: Մարին աշխատում էր եւ դերձակուհիի ծանր գործով պահում էր ընտանիքը: Ինչո՞ւ այսպես եղավ, որ ես, որ արդեն 21 տարեկանիս առաջին անգամ Կահիրեում ցուցադրվելով պրոֆեսիոնալ տարեց նկարիչներու հետ, հայ նկարիչներու անշուշտ, եսՙ սկսնակս, ուշադրության էի արժանացել, գովել էին արվեստաբանները իմ նկարներս եւ նույնիսկ դրանք վաճառվել էին: Ես շեղված էի այն ճամբեն, որ իմս պետք էր ըլլար եւ քանի տարի չէի նկարում: Հիմա պատիժի, հատուցման ժամանակն էր. ես բոլորովին նպատակ չունիմ կենսագրությունս գրելու եւ բացատրություններ տալու: Ահավասիկ, այս վիճակս երկու տարի Փարիզում ապրելե վերջ ժամանակն էր տուն վերադառնալու: Ինչ որ լինելու էՙ թող լինի: Ես ձախողված էի: Բայց մի կարեւոր բան որոշել էիՙ ինչ էլ որ պատահեր այսուհետեւ, որոշել էի նկարչությունը ոչ մի անգամ չթողնել եւ բոլոր հնարավոր միջոցները օգտագործել նկարելու համար: Ու՞մ էր պետք իմանալ այս որոշումս, դա էլ կարեւոր չէ:

Ուրեմն, Փարիզը թողնելուց քիչ առաջ նամակ ստացա պաշտելի ուսուցիչեսՙ Օննիկ Ավետիսյանեն եւ նամակի մեջ ալ մի փոքր գումար: Բայց, որ այդ գումարը իրեն համար զոհողություն էրՙ գիտեմ, եւ ինձ ասում էր, որ Եգիպտոս վերադառնամ անպայման Իտալիայով: Գոնե մի քանի օր կդիտեմ Իտալիան եւ նաեւ առիթ մըն էր հանդիպելու Հռոմում ապրող Ժիրայր Օրագյանին: Կինս ալ ինծի մի փոքր գումար էր ուղարկում եւ նաեւ նամակ մըՙ եգիպտահայոց հոգեւոր առաջնորդ Մամբրե արքեպիսկոպոս Սիրունյանենՙ հանձնելի Միլանոյում ապրող մեծահարուստ բարերար պրն. Երվանդ Հյուսիսյանին: Չէի գիտեր ինչ անել, բավական չէր մտալլկումներս, իմ ստորացած մարդու ամոթս, բայց ինձ սիրողները, կարծես, ուզում էին ինձ վարձատրել իմ ձախորդություններուս համար: Լավ, ես ի՞նչ անեի, եթե կարողանայի մի տեղ գնալ պահվտիլ, բայց ու՞ր գնալ: Դատապարտված էի վերադառնալ եւ հաշիվ տալ:

Ուզում եմ հակիրճ գրել, բայց չի ստացվում: Պիտի փորձեմ:

Փարիզը թողնելես վերջ Միլանն էր առաջին քաղաքը, ու հաջորդ օրը ներկայացա պրն. Հյուսիսյանին եւ հանձնեցի Սրբազանին նամակը: Կարդաց եւ ինձ հարցուց, թե ինչ եմ ուզում: Ես չէի իմանում ինչ ասել: Վերջը կանչեց իր իրավաբանին եւ կարգադրեց, որ Հռոմում փաստաբանը ինձանով զբաղվի: Շնորհակալություն հայտնեցի եւ դուրս եկա: Մինչեւ Հռոմ հասնելը եղա նաեւ Վենետիկում եւ Ֆլորանսում, բայց եթե այս ճամփորդությանս մասին ալ պատմեմ, կարելի է որ այս գրությունս չվերջանա: Մոտավորապես տասը օր վերջը հասա Հռոմ: Շատ քիչ փող ունեի եւ տասը օր գրեթե մարդու հետ չէի խոսելՙ այնքան ապրումներով հանդերձ: Մեկ բան էի ուզում արդեն, որ Հռոմ հասնիմ եւ հանդիպիմ նկարիչ Ժիրայր Օրագյանին: Այնքան անհամբեր էի դարձել, որ սխալ գնացի, բարձրացա եւ ստիպված հետ վերդարձա Ֆլորանս եւ մի քանի ժամ վերջ նոր նստեցի ճիշտ գնացքը եւ երեք-չորս ժամ հետո, կեսօրե վերջ հասա Հռոմ եւ անմիջապես ներկայացա պրն Հյուսիսյանի իրավաբանին, որ ինձ տարավ մի փոքր ընտանեկան հյուրանոց, ուր ինձ համար սենյակ էր վարձել եւ ինձ հանձնեց 50 հազար լիրՙ ծախսելու համար, որը կրկնակի գումարն էր Փարիզում իմ ստացած կրթաթոշակին: Շնորհակալություն հայտնեցի: Համակրելի, գեղեցիկ երիտասարդ մըն էրՙ իտալացի:

Արդեն մոտենում է Օրագյանին հետ հանդիպման պահը: Սենյակը, որ ինձ համար վարձել է իրավաբանը, զարմացրեց ինձ: 10 օր տարբեր տեսակ ուսանողական անհարմար հանրակացարաններից հետո առաջին անգամ նորմալ անկողինի մը մեջ պետք է գիշերեի: Հակառակ որ հյուրանոցը փոքր ընտանեկան հյուրանոց էրՙ ննջասենյակ մըն էր բոլոր հարմարություններով. մահճակալը եւ կահ կարասին Լյուդովիկոս 16-րդի ոճովՙ ոսկեզոծ: Վերմակը բացի. սավաններու սպիտակությունից աչքերս շաղվեցին, անկողինըՙ փափուկ-փափուկ: Օ՜խ, ասում եմ, վերջապես այս գիշեր խորը կքնեմ: Լողացա եւ վազեցի փողոցՙ գտնելու Օրագյանին: Մի հասցե ունեի. առանց դժվարության գտա հասցեն: Մի ժամագործի խանութ էր, ներկայացա եւ հարցուցի, թե ինչպես կարող եմ Օրագյանին հանդիպել: Իտալացին ժպիտով զիս ընդունեց եւ ուրախ էր, որ Օրագյանը, որ իր պաշտպանյալն էր, հյուր ունիՙ հետաքրքրվող հայրենակից: Ըսավՙ ուր որ է երեւալու է, եթե կուզես, մոտիկ մի սրճարան կա, կարող եմ այնտեղ սպասել իրեն: Ես ալ, որ ծարավ էի, ուրախությամբ գացի սրճարան եւ ընտրեցի մի փոքր սեղան, որտեղից կարող էի հսկել սրճարանի մուտքը, նստեցի եւ մի շիշ լիմոնադ պատվիրեցիՙ սպասելով: Շատ ժամանակ չէր անցել, երեւի մի 15 րոպե, երբ տեսա, որ սրճարան մտավ մի մարդ, մի պահ կանգնեց մուտքի մեջ: Երեւի 50 տարեկան էր, ճաղատ, երիտասարդի կառուցվածքով, պարզ, մուգ կապույտ կոստյումով, որ նոր չէր: Զգացի, որ ինքն է, հիշեցի Կահիրեն, ուր ապրում էր իր մի մոտ ազգականըՙ ճարտարապետ, շինարար Արտաշես Օրագյանըՙ նիհար, բարձրահասակ թուխ մարդՙ երկար դեմքով եւ քիթով, ընդհանրապես կոպիտ մարդու տպավորություն էր թողել իմ վրաՙ կոպիտ ձայնով: Չեմ հիշում զինք տեսած ըլլալ ժպտելիս, համակրելի մարդ չէր ինծի համար: Ուրեմն, այս Օրագյանը ոչ մի բանով նրան չէր հիշեցնում: Շատ արագ վայրկյաններու ընթացքին զգացի այս մարդուն իբրեւ հարազատի: Չեմ կարող ասել, որ հայու կերպար ուներ, բայց զգացի, որ ես եւ ինքը նույն «սորտեն» ենք: Ինձ փնտրում էր եւ գլուխը իմ կողմը դարձուց եւ ուղիղ եկավ ինձ մոտ: Ոտքի կանգնեցի: «Դու՞ն ես», հարցուց հայերեն: «Այո», ըսի: «Հրամեցեք, ըսի, սուրճ մը կառնե՞ք»: Նստեց եւ անմիջապես սկսեցինք խոսել: Ինձ հարցուց, որ ինչպես եմ հայտնվել Հռոմում: Ըսի, որ նկարիչ Օնիկ Ավետիսյանի աշակերտն եմ եւ Փարիզից եմ գալիս, ուր երկու տարի ապրում էի եգիպտահայ գաղութի կրթաթոշակով: «Երկու տարի՞, վա՜յ, այդ տեսակ բան պատահո՞ւմ է տակավին աշխարհում, որ դրամ տան, որ երթաս նկարես»: Գիտեի, որ ինք աղքատ է իսկապես: Ինք տեսնում էր, որ ես բնավ ունեւոր չեմ, մի խեղճուկրակ երիտասարդ, նիհար, թուխ, շատ անշուք հագնված, շատ սովորական, պարզ մարդ մը: Ներքուստ վատ զգացի, հանցավորի պես, որ երկու տարի Փարիզում ապարդյուն մսխել եմ այդ գումարը, երբ ինքը չքավորության մեջ նկարիչ է, որուն երեսը նայող չկա (հայությունը, իր ժողովուրդը): Ըսի, որ այդ պահուն գրպանումս փող կա, որ ինձ նվիրել են եւ որ ես ուրախությամբ այդ փողը կծախսեմ իր հետ: «Գիտե՞ս, ըսի, քանի օր է նորմալ ճաշ մը չեմ կերած»: «Կուզեք, ըսի միասին մի ռեստորան գնալ, բայց, թանկանոց, ես ձեզ հրավիրում եմ սիրով»: «Լավ, ասաց, երթանք»: «Խնդրեմ, ըսի, մի սովորական ռեստորան չըլլա»: «Լավ, ըսավ», եւ գացինք մտանք մի ռեստորան, բավական ընդարձակ, բարձր առաստաղով:

Իրիկուն էր արդեն, լիքը ժողովուրդ, եթե ոչ աղմուկ, բայց ռեստորանը կարծեք փեթակ ըլլար: Բոլորը խոսում էին, բզզոց էր տարածվում, բայց հաճելի էր: Հասկացա, որ իր «ճոխ ռեստորանը» այդ հասարակ ժողովուրդի տեղն էր: Ինչ որ է, սեղան մը գտանք, մատուցողը եկավ: Հիշում եմ, որ լավ էլեկտրական լուսավորում էր: Ճաշացուցակը ներկայացուց, իրմե խնդրեցի, որ ընտրե ճաշը, որը որ կուզեք, որքան որ կուզեք: Հարցուց ինձ, թե գինի կուզե՞մ խմել: Ըսավ, որ ինք կնախընտրե սպիտակ գինի: Ես ալ սպիտակ կխմեմ, ըսի: Խնդրեմ, ըսի սիգառ ալ պատվիրե, ինչ որ կուզես:

Չեմ հիշում ինչ կերանք, բայց «սպագետտի» կար: Մի կողմից զրուցում էինք անկաշկանդ, կարծես երկար բաժանումից հետո իրար գտած հարազատներ ըլլայինք: Հարցուց. ու՞ր եմ մնալու գիշերը եւ ես ալ բնականաբար նկարագրեցի սենյակս եւ ավելցուցի, որ այնքան անսովոր է այդ ճոխ սենյակը, մանավանդ սավաններու սպիտակությունը եւ մաքրությունը: Ըսի, որ վատ եմ զգում, չեմ գիտեր ինչու, որ այդ տեսակ անկողինի մը մեջ պիտի գիշերեմ: Աղքատի հոգեբանություն, անշուշտ: Հարցուց, թե ի՞նչ է սենյակին վարձը գիշերվա համար: Ըսիՙ հազար լիր: «Ուրեմն գիշերը վճարելու ես հազար լիր եւ չես իմանում ինչպե՞ս մտնես անկողին»: Ես չէի գիտեր ի՞նչ էր նշանակում հազար լիրը իրեն համար:

Տակավին ծանոթ չէի իր բնակարանային պայմաններուն, որ տեսա մի քանի օր հետո: Անշուշտ շատ տխուր էր: Ուրեմն, ասաց, կերթաս եւ կոշիկներովդ կմտնես անկողին: Այս էլ, երեւի, ոչ թե աղքատի կյանքի, այլ շատ դառնացած մարդու հոգեբանությունն էր: Ինչ որ է, ես ինձ շատ լավ էի զգում ռեստորանում: Վերջը հարցուց, որ կարո՞ղ է մի շիշ ալ սպիտակ գինի պատվիրել: Անշուշտ, ըսի, քանի շիշ որ կուզես: Գիտե՞ս, ըսավ, արդարանալու պես, ստամոքսի խոց ունիմ եւ սպիտակ գինին օգնում է: Հրաշալի, ըսի:

Ուրեմն մեր ծանոթության առաջին ժամերն էին, եւ ես ուրախ էի: Գիշերը ինձ ճամբու դրավ եւ որոշեցինք, որ մյուս օրը հանդիպինք: Հոգնած էի, հասա սենյակս եւ մտա անկողին, բայց կարծեմ մինչեւ առտու մի կողմից մյուսն էի շուռ գալիս: Երեւի շատ փափուկ էր: Այդպես ալ երազածիս պես չքնացա:

Մյուս օրը նորից միասին էինք: Հռոմին ի՞նչը նկարագրես: Մյուս օրը Օրագյանը զիս տարավ Վատիկան: Դա էլ մի անմոռանալի բան էր: Հիշում եմ, որ կանգնեցինք «Բելվեդերյան» կոչվող հին հռոմեական մարմարյա «տորսի» մը դիմաց: Սա է, ասաց Միքելանջելոյին գժվացրել. սրանից է սկսում:

Իտալիայում հասկացա, որ Լուվրը, այսինքն Լուվրի ֆրանսիացի նկարիչները հետեւել են Իտալիային: Պարզ էր, որ իտալացիներն են ուսուցիչները եվրոպական նկարչության: Անշուշտ, 14-րդ դարի կեսից սկսում է Ֆրանսիայի ժամանակը, որուն լրումը պիտի ըլլար «Փարիզյան» կոչված դպրոցը:

Իրար հետ ման էինք գալիս, խոսում էինք: Իրեն համար հաճախ պատահող բան չէր, որ հայու մը հետ այսպես հարաբերի: Այն ատեն մտասեւեռումս Սովետական Հայաստանն էր: Այդ մասին էի խոսում. որ երազում եմ, մեծ երազս է ապրիլ Հայաստանում: Ինքն ասում էր, որ պիտի ուզենա ապրիլ հայրենիքի մեջ, բայց ու՞ր է: Ո՛չ ինքը, ո՛չ ես այն ժամանակ չէինք կարող մտածել, որ եթե ոչ ինքը, գոնե իր ստեղծագործությունները պիտի գան հայրենիք: Մյուս օրը, կարծեմ, գնացինք ժամանակակից արվեստի թանգարան, ուր «ժամանակակից» բան չտեսա: Ֆրանսիայում, ավելի ճիշտ Փարիզում է Եվրոպայի «ժամանակակիցը»:

Ուրեմն, երրորդ օրը նորից իրեն հանդիպեցի, նորից խնդրեցի որ ինձ ցույց տար իր նկարները: Կարծես շատ ոգեւորված չէր, բայց համաձայնվեց:

Վատիկանը, Հռոմը վերջ չունեցող բան է, բայց ես ուզում էի ի՛ր գործերը տեսնել: Ինչ որ է, համաձայնվեց եւ գնացինք իր տունը: Վերջապես պետք է տեսնեի իրական Օրագյանը, բուն Օրագյանը: Ուսուցիչս, Օնիկ Ավետիսյանը, շատ լավ նկարագրած էր բնակարա՞նը, արվեստանո՞ցը: Դա մի սենյակ էր, ոչ թե սենյակ, դա հին բնակարանի մը խոհանոցն էր, զոր ինքը վարձել էր եւ մեջը կապրեր եւ կաշխատեր: Դա էր իր բնակարան ասածը: Բայց երբ մտանք այդ տունը, իր սենյակը հասնելեն առաջ, պատերուն վրա յուղանկարներ տեսա, որ զիս զարմացուց: Այդ նկարները ինքը վարձի փոխարեն զիջել էր իր տանտիրոջը: Զարմանալին այն էր, որ այդ նկարները ցույց էին տալիս, որ 1935-ին Հռոմում, Գեղարվեստի ակադեմիայում սորված Բյուզանդ Կոճամանյան նկարիչը (Եղեռնի որբերեն) Օրագյանի ուժեղ ազդեցության տակ եղեր էր: Անշուշտ, Բյուզանդ Կոճամանյանը ժամանակի ընթացքին դուրս եկավ Օրագյանի ազդեցութենենՙ զարգացնելով իր սկսած /ազդեցության/ նկարչությունը: Հիշում եմ, որ Բյուզանդ Կոճամանյանը Եգիպտոսում շատ անգամներ մեծ համակրանքով էր խոսում նկարիչ Ժիրայր Օրագյանի մասին:

Ուրեմն, երբ մտանք այդ սենյակ կոչվածը, որ ճիփ ճիշտ նույնն էր, ինչ որ նկարագրել էր ուսուցիչսՙ Օնիկ Ավետիսյանը, կրնամ ավելացնել միայն դիվանի ծածկոցին մասին, որ կարծես ժամանակակից աբստրակտ նկար մըն էրՙ տարբեր կտորներով հավաքված: Խեղճ սոխակը կար: Չեմ գիտեր, ուսուցիչիս տեսա՞ծն էր, թե նոր մըն էր, բայց մտածում էի, թե սրա ուտելիքը ինչպե՞ս է ճարում: Ինչ որ է, դիվանի տակից հանեց մի ծրար եւ սկսեց ցույց տալ իր նկարները, որոնք որքան լավ նկարագրած էր ուսուցիչս, որ վերապատմեցի հոդվածիս սկիզբը: Բայց ես ալ ուզում եմ մի քանի խոսք ըսել իմ տպավորություններուս մասին: Սիրելի ուսուցիչս, երբ պատմում էր իր հուշերը, հատուկ չէր նշում Օրագյանի կյանքի ամենակարեւոր դրվագը, թե նա 1921 թվին Պոլսից ստիպված հեռացել էր` լքելով իր ծննդավայրը եւ հարազատները, դառնալով վտարանդի, խաղալիքՙ բախտի քմահաճույքին, անպաշտպան եւ անօգնական, գրեթե չունենալով ոչ մի միջոց կամ աշխատանք ֆիզիկական գոյությունը պահելու: Արդեն ուսուցիչս, երբ խոսում էր 1921-ին իրենց առաջին հանդիպման մասին, նշում է, որ Օրագյանը անգործ բանվոր էր: Կարծում եմ, որ Օրագյանի կյանքի եւ ճակատագրի վրա, իբրեւ հայու, անջնջելի հետք է թողել թուրքերու կողմեն 1915 թվին կազմակերպված ոճրագործությունը: Եվ ուրեմն, պատահական չէ, որ Օրագյանի նկարչության նյութը մարդն է (հայ)ՙ սկզբից մինչեւ վերջ: Մարդկային մարմնի եւ շրջապատի միջոցավ նա արտահայտում է իր հոգին, իր զգացումները, պատմում է իր կյանքը: Ամեն մարդ էլ, վերջիվերջո, ուզում է, որ իր նմանները իմանան իր մասին, հետաքրքրվեն իրմով, ուշադրություն դարձնեն իր վրա: Դա կարծեմ մարդու ամենամեծ ձգտումն էՙ արվեստագետ ըլլա կամ ոչ: Կարծեք արվեստագետները առավել փնտրում են այդ ուշադրությունը: Կարծեմ այն ինչ որ հաճախ ասում են, թե արվեստագետը ասելիք ունի, կամ չունի, այս է իր ասելիքըՙ ինքը պետք է ըլլա: Իր ապրած կյանքը, իր հարաբերությունները իր նմաններուն հետ, զգացումները, որ մարդ ունենում է, հիշում է, որոնք ծնվել են իրեն նմաններուն հետ շփումենՙ հաճելի կամ տհաճ:

Ի՞նչ է պատմում Օրագյանը իր նկարներուն միջոցով: Թե կան խեղճ, աղքատ, հիվանդ, պայքարելու անկարող, իրենց պարտությունը ընդունած, մի կերպ ապրող, իրենց գոյությունը քարշ տվող մարդիկ: Ճիշտ է, որ մարդիկ չեն սիրում տխուր բաներ տեսնել, տխուր բաներ լսել: Բայց մեր հերոսը հայ է, երիտասարդ տարիքին ստիպված է եղել հեռանալ իր ծննդավայրիցՙ Պոլսից, ճողոպրելով քեմալական բռնատիրությունից: Ակամա բաժանվել է իր հարազատներից, անօգնական, օտարության մեջ, որբ, ճզմված, գոյության պայքարի կռվին մեջ, անընտանիք , կյանքի հարվածներուն դեմ անպաշտպան, հետեւաբար զարմանալի չէ, որ իր նկարները պատմությունը պիտի ըլլային իր դժվարին կյանքին, ինչպես նաեւ պատմությունը հարյուր հազարավոր իր ազգակիցներունՙ նույնպես 1915 թվականի դժոխքից դուրս եկած:

Իր նկարները, գիտակցված կամ ոչ, մարդկության մեջ տիրող դաժան հարաբերություններու դեմ ուղղված բողոքներ ենՙ թույլի եւ ուժեղի, պարտվողի եւ հաղթողի վայրենի հարաբերության դեմ, իր միակ «զենքը» իր նկարչությունն է, իր նկարները, իր արժանապատվությունը, իր գոյության միակ արդարացումը, նաեւ, եթե բախտը բերեց, իր ֆիզիկական գոյությունը պահելու միակ միջոցը: Բայց դյուրին չէ մեկու մը համար, որ սիրում է նկարել, կարողանալ նաեւ ունենալ գնորդներ:

Նկարիչը նաեւ իր ապրած ժամանակի պատմիչն է եւ վկան:

Հիշենք Ժանսեմի ցուցահանդեսըՙ մեծ վարպետի, նվիրված ցեղասպանության, որ բացվեց Եղեռնի պատմության թանգարանումՙ մի քանի տարի առաջ: Իր ինքնանկարը կարծես հոգեհանգիստ ըլլար, տանտերը նստածՙ իր հարազատներու մեջ:

Ճիշտ է, նոր ժամանակներում հայոց մտավորական եւ հոգեկան զարգացման վրա մեծ է արեւմուտքի (Եվրոպա) ներկայությունը: Այս շատ ընդարձակ նյութ է խորհրդածության, ես այստեղ պարզապես մի երեւույթի մասին եմ խոսում: Մինչեւ 19-րդ դարի կեսերը արվեստագետը ունի պատվիրատուՙ պետությունը եւ եկեղեցին: Պատվեր ունենում էին , անշուշտ, ժամանակի լավագույն վարպետները: Եվրոպական սքանչելի դասական կերպարվեստը արդյունքն է պատվիրատուի եւ արվեստագետի գործակցությանՙ կրնանք ըսել Եգիպտոսից, Ասորեստանից սկսած: Բայց ահա 19-րդ դարակեսից երեւան են գալիս նկարիչներ, որոնք բանի տեղ չեն դնում պատվիրատուին եւ ուզում են նկարել կամ ստեղծագործել նախ իրենց փափագին գոհացում տալու համար: Նկարիչը ուզում է նկարել, ինչ որ ինքն է ուզում եւ ինչպես որ ինքն է ուզում: Այս տեսակ երեւույթի մը երեւան գալը հասարակության մեջ, կարծեմ, հիմք ունի: Եվրոպացիներու գիտակցումը, որ ամեն անհատ բացառիկ է եւ անկրկնելի, սկիզբ է դնում հասարակություն-անհատ հարաբերության նոր որակի: Կարծեմ այս վիճակից էլ հեռու չէ հասարակության մեջ մարդու իրավունքներու, անհատի դերի նոր ճշտումները, որոնք այսօր Արեւմտյան Եվրոպայի եւ Միացյալ Նահանգներու օրենքներու, քաղաքակրթության եւ մշակույթի հիմքն են: Բացվում են անհատի զարգացման աննախադեպ հնարավորություններ, անհատի ինքնարտահայտման եւ կարողություններու դրսեւորման նոր հնարավորություններ: Կարողություն չունիմ շատ խորանալու այս նյութին մեջ, բայց, ահավասիկ, «իմպրեսիոնիստներ» կոչված 19-րդ դարի այս սքանչելի նկարիչների խումբը, որ կարծեք, ակամա, դառնում է հասարակության մեջ նոր ժամանակներու, անհատի ազատության, մարդու իրավունքներու պաշտպանության համար մղվող պայքարի օրինակ, սկսում է կերպարվեստի աննախընթաց զարգացում, մարդու գեղարվեստական կարողություններու եւ զգայնություններու անկասելի զարգացում եւ դրսեւորումների այլազանություն: Այլեւս արվեստագետը իր գլխի տերն է, չի ընդունում որեւէ դեր եւ հրահանգ, բայց նաեւ պատասխանատու է իրեն պատահելիքներուն համար: Նույն ատեն երեւան է գալիս արվեստագետի մի տեսակ, որ կոչվեց «անիծյալ նկարիչ», որուն գործըՙ «նորությունը», անմիջապես չընկալվելով հասարակության կողմե իբրեւ իսկական արվեստի, արվեստագետի գործ, ոչ միայն կարող էր անտեսվել, այլեւ նույնիսկ ընդունվել թշնամանքով: Կարծեմ հասարակությունը շատ հեշտությամբ չուզեր հրաժարվել իր վարժված սովորություններեն, այդքան դյուրությամբ չի ենթարկվում արվեստագետի հմայքին: Այստեղ կարելի չէ չանդրադառնալ նույն ժամանակներում երկրագունդի մեկ վեցերորդին վրա կատարվածներուն, որ արվեստի հովանավորության եւ պաշտպանվածության անվան տակ պատվիրատուն ՙ Խորհրդային պետությունը, իր ժողովրդին ծառայելու կեղծ պատվերներով ստրկացնում էր «արվեստագետները» եւ մեկ նպատակ էր հետապնդումՙ անհատի անհատականության (ազատության) ոչնչացումը, խանգարելը ՙ արվեստագետին ստեղծագործական նախաձեռնությանը, որը մահացու մեղք էր, դաժանորեն պատժելի: Եթե երկրի մը մեջ բանտվում է հոգին (արվեստագետը), այդ երկիրը, հասարակությունը դատապարտված են կործանման: Հիմա աշխարհի մեկ վեցերորդը փլատակներու կույտ մըն է:

Դեռեւս շատ է երկարում գրությունս: Կուզեմ վիճակի մը մասին ալ խոսիլ: Չեմ կարծում, որ սխալվում եմ, եթե ասեմ, որ մարդ արարածը ի բնե խորշում է հիվանդից, տխեղծից, տգեղից, մանավանդ երբ երիտասարդ է: Բնությունը կարծեք մեզ մղում է հեռու փախչել ոչ առողջից, ոչ գեղեցիկից, բայց, անշուշտ, հետո մարդ փոխվում է եւ ավելի ըմբռնող է դառնում: Հիշում եմ, երբ պատանի էի եւ առաջին անգամ տեսա նկարի մը վերատպումըՙ Վան Գոգին ինքնանկարը, կտրված ականջով եւ վիրակապված, սոսկում զգացիՙ զզվանքի մոտեցող, կամ երբ 17 տարեկանիս առաջին անգամ իմացա Դոստոեւսկիին մասինՙ կարդալով իր «Խեղճ մարդիկ»-ը, որ չկարողացա կարդալ մինչեւ վերջ, մինչ այդ հոգիս այդպես տակնուվրա չէր եղել: Կրնամ ըսելՙ ուրիշ մարդ դարձա: Անշուշտ, ամեն արվեստագետ ստեղծագործելով բացում է իր հոգին ուրիշներու առաջ, պատմում է իր մասին: Երբեմն, արվեստագետը, իր ուզածը ուրիշներուն հասկցնելու համար չի կարողանում խուսափիլ «այլանդակութենե», կամ սկիզբը դիտողին թվում է այլանդակ, բայց կամաց-կամաց այդ այլանդակությունը դիտվում է իբրեւ ամենագեղեցիկը: Այդ բանը ամենաիսկականը հաջողվել է հանճարներու հանճար Պիկասոյին:

Չմոռնանք, որ արվեստի գործ մը մարդկային միակ արտադրությունն է, որ միայն օգտակար է, արվեստի գործը չի կարող ըլլալ նույն ժամանակ օգտակար եւ վնասակար, ինչպես, կոպիտ օրինակ, նույնիսկ բժիշկին հիվանդին տրված դեղըՙ բուժման համար:

Չմոռնամ, որ ես տակավին Հռոմում եմ եւ իմ նոր բարեկամս ինձ է սպասում: Ուրեմն շարունակեմ հուշերս: Մի քանի օր իրարու հետ Հռոմը ման գալուց եւ զրուցելուց հետո մեկ էլ Օրագյանը ըսավ, թե վաղը քեզ ուզում եմ ծանոթացնել սիրուհիիս (՞) հետ: Անսպասելի էր, բայցՙ «լավ», ըսի, ինձի հանդեպ տեսակ մը վստահության եւ մտերմության ապացույց նկատելով իր խոսքը: Հաջորդ օրը ինձ տարավ մի սրճարան եւ ծանոթացուց այր եւ կնոջ մը: Ըսավ, անշուշտ հայերեն, «ահավասիկ, սիրուհիս եւ տղամարդըՙ իր ամուսինը»: Շատ մտերմիկ սկսան զրուցել: Ես, գրեթե անտեսված, նայում եմ կնոջը: Ինչ ալ ըլլա, երբ տղամարդը ասում է սիրուհիս, չեմ գիտեր ինչու, մարդ մտածում է, որ ֆիզիկապես գեղեցիկ կնոջ մը պիտի հանդիպի: Իսկ Օրագյանին «սիրուհին» պարզապես որոշապես տգեղ էր կամ անհրապույր եւ, անշուշտ, ոչ երիտասարդ: Այդ պահուն ինձ այդպես էր թվում: Իսկ ամուսինը, կարծեմ իրավաբան, «գեղեցկուհի» մի տղամարդ եւ երիտասարդ: Իրար հետ շատ աշխույժ խոսում էին եւ շատ մտերիմ էին երեւում: Օրագյանը որոշ բաներ թարգմանում էր: Չեմ հիշում ինչպես դարձավ խոսակցությունը եւ ես ալ ըսի, որ երկու տարի Փարիզում ոչ մի կնոջ հետ գործ չեմ ունեցել: Ինչո՞ւ: Ըսիՙ «չեմ գիտեր»: Ծիծաղեցին եւ իրարու իտալերեն մի բան ասացին, որ Օրագյանը չթարգմանեց: Ինչ որ է, իմացա, որ այս այն կինն էր, որուն մասին ուսուցիչսՙ Օնիկ Ավետիսյանը պատմում էր: Այսինքն, Օրագյանի աշակերտը, որուն Օրագյան նկարչության դասեր էր տալիս, շաբաթը մեկ անգամ իր բնակարանին մեջ: Պարզ երեւում էր, որ այդ զույգը Օրագյանին սիրում է եւ հավանաբար օգնում:

Ուրեմն, Օրագյանին սիրուհուն ալ ծանոթացա: Հինգ օր էր Հռոմում էի եւ Օրագյանը ըսավ, թե հաջորդ օրը ես իր հյուրը պետք է ըլլայի: Ուզում էր «պատիվ տալ»: Ըսիՙ «կարիք չի կա, փող կա, միասին ծախսում ենք»: «Ոչ», ասաց, պնդեց, որ վաղը իր հյուրը պետք է ըլլայի: Շատ լավ: Մյուս օրը իրիկունը հանդիպեցինք: Օրագյանը ինձ տարավ մի իտալացու տուն: Երբ հասանք մեր հյուրընկալի տունը, որ մի սեփական տուն էրՙ այգիով, տանտերը շատ հիշեցնում էր իտալացի նշանավոր դերասան Ալդո Ֆաբրիցինՙ 50-ական թվականներու իտալական նեոռեալիստական ֆիլմերում շատ հաճախ երեւացող: Տանտերը կարծեմ նպարավաճառ էր: Մեզ առաջնորդեց մի 2 քառակուսի մետրանոց սենյակ, ուր արդեն երկու հյուրեր տեղ էին գրավել: Երբ մենք էլ նրանց միացանք, երաժշտություն միացրինՙ կլասիկ երաժշտություն, Բեթհովե՞ն, չեմ հիշում: Ուրեմն դա մաս էր կազմում հյուրասիրության ծիսակատարության: Ձայնագրիչը ամենաբարձր աստիճանով միացած էր, ես տեղավորված էի ձայնագրիչի կողքին, քանի օր է շատ հոգնած էի, բայց ի՞նչ անեի: Գլուխս առի երկու ափերուս մեջ եւ իբր ուշադրությամբ լսում եմ, կրցածիս չափ ականջներս փակել էի: Մեկ էլ տանտերը ներս խուժեց եւ պահանջեց, որ «պլաստինկան» փոխենք: Իրեն էր վերապահված որոշելու մեր ունկնդրելի կտորը: Անշուշտ, մեղավոր էինք, կարգը խանգարել էինք: Ստիպված հլու հնազանդ ենթարկվեցինք: Թե ոչՙ կրնայինք քիչ հետո դրվելիք ճաշից զրկվել: Ունկնդիրներեն մեկը, կարծեմ ինժեներ էր, իտալացի շատ մելոմանների նման, նույնիսկ ձեռքով չափ էր տալիս:

Վերջը, չերկարեմ, հասավ հյուրասիրության գագաթնակետը: Հրավիրվեցանք այգում բացված սեղանին: Հրաշալի, մեղմ ամառային իրիկուն էր: Սեղանը հրաշալի էր, երեւի մի քսան հոգի ընտանիքի անդամ կարՙ տատիկ, պապիկ, զավակներ, հարսներ, փեսաներ, թոռնիկներ: Տանտերը սեղանի գլխին բազմած սկսեց կերուխումը: Ինձ վրա ուշադրություն դարձնող չկար, բայց իրապես հյուրընկալ եւ սիրո ջերմ մթնոլորտ էրՙ եղբայրական նեոռեալիստական ֆիլմի մի պահ: Օրագյանը եւ մյուս հյուրերը կանոնավորաբար ամեն հինգշաբթի, կարծեմ, հավաքվում էին ճաշկերույթի, բայց երաժշտություն լսելը պարտադիր էր: Երեւի բացակայիլը այդ հավաքույթից, առանց հարգելի պատճառի, կրնար թանկ նստիլ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4