Բանասիրական ճշտում
Ստորեւ տպագրվող բանասիրական ճշտումը կամ բացահայտումը կատարել եմ 1975-ին, Ավետիք Իսահակյանի ծննդյան 100-ամյակի օրերին, որը, տոնակատարություններից հետո, հայտնի բանասեր ու գրականագետ Պիոն Հակոբյանի խորհրդով, հոդվածի տեսքով ներկայացրի «Գրական թերթ»-ի խմբագրություն: Գիտեի, որ մերժվելու է տպագրությունը: Այդպես էլ եղավ: Ես բնավ չվշտացա: Ո՞ր խմբագիրը կարող էր ասպարեզ հանել խորհրդային տարիների համար արտառոց այս բացահայտումը: Չէ՞ որ 30 հազար հայաստանցիների ընտանիքներում (եւ ոչ միայն հայաստանցի) անմիջապես պիտի բացեին Ավ. Իսահակյանի «Երկեր»-ի առաջին հատորի համապատասխան էջը (գրքի տպաքանակը 30 հազար էր) եւ տեսնեին մանուկ Քրիստափոր Միքայելյանի լուսանկարըՙ նկարված երիտասարդ հոր հետ:
Այս մասին, այդ օրերին, տեղեկացավ ամենազոր Կենտկոմի գաղափարական բաժինը: Կանչվել էր գրականագետ Լեւոն Հախվերդյանը, որն օգտագործել էր այդ լուսանկարը «Ավետիք Իսահակյան» փաստագրական կինոնկարի մեջ:
Այժմ արդեն հանգուցյալ ԳԱԱ թղթակից-անդամ գրականագետը, առանց ծանոթանալու կատարված բացահայտմանը, հերքել էր այն: Սակայն Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի այդ տարիների տնօրեն, ապագա ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանը, իմ ներկայությամբ, «վերեւների» հետ խոսակցության ժամանակ հաստատեց իրողությունը եւ ասաց, որ բացահայտման հեղինակն ինստիտուտի աշխատակից է:
Դրանից հետո ես այլեւս չզբաղվեցի այս խնդրով: Ղարաբաղյան շարժման նախօրյակին, սակայն, գրականության ինստիտուտի մի խումբ աշխատակիցների հետ, այցելելով Լենինական եւ լինելով «Ավետիք Իսահակյան տուն-թանգարան»-ում, տեսանք, որ Քրիստափոր Միքայելյանի մանուկ տարիների լուսանկարըՙ յուղաներկ մեծ պատկերի վերածած, ցուցադրվում է ոչ ճիշտ տակագրությամբ: Ուրեմն, իմ բացահայտումից 10-12 տարի անց, «Ավետիք Իսահակյան» թանգարանների համակարգի համար հասկանալի չէր եղել ոչ մեկ բան:
Հիմա տեղյակ չեմ, թե արդյոք նույն պատկե՞րն է զույգ թանգարաններում մինչ օրս: Ամիսներ առաջ միայն, երբ Երեւանի «Ավետիք Իսահակյան տուն-թանգարան»-ի ցուցասրահից հեռատեսիլային մի հաղորդում տրվեց, ես նշմարեցի Քրիստափոր Միքայելյանի հիշյալ լուսանկարը (փոքրադիր, առնված ապակյա շրջանակի մեջ), դրված դաշնամուրի կամ որեւէ այլ իրի վրա:
Հիմա միայն կարող եմ ասել իմ վարկածը, թե ինչպես այդ լուսանկարը հայտնվեց Ավ. Իսահակյանի «Երկեր»-ի առաջին հատորում:
Ավ. Իսահակյանի ընտանեկան ալբոմում գտնվող այդ նկարը, Վարպետի ողջության օրերին, բոլոր այցելուների համարՙ «Ավետիք Իսահակյանն էր իր պապի հետ»: Դա ապահովության համար էր, քանզի այլ կերպ չէր արդարացվի նրա գոյությունն ալբոմում: Իսկ երբ առիթ ներկայացավ, այն հայտնվեց գրքի մեջՙ գալիք սերունդների համար պահ դնելու նպատակով: Դա, հավանաբար, Վարպետի վերջին իղձն ու նաեւ տուրքն էր ազգային-ազատագրական պայքարի կերտիչներից Քրիստափոր Միքայելյանի հիշատակին, որի եղերական մահը ժամանակին ցնցել էր աշխարհասփյուռ բովանդակ հայությունը:
Ի դեպ, Ավետիք Իսահակյանի «Երկեր»-ի առաջին հատորի մեջ զետեղված Քրիստափոր Միքայելյանի մանուկ տարիների հիշյալ լուսանկարըՙ «Նաւակ» պարբերականի բնագրից կատարված ուղղակի վերատպությունը չէ: Ամենայն հավանականությամբ, Վարպետի ողջության ժամանակ, հայտնի մի գեղանկարչի միջոցով, այդ լուսանկարը յուղաներկով վերարտադրվել էր կտավի վրա եւ պատրաստվել երկու օրինակ, որոնք հետո ցուցադրության դրվեցին Երեւանի եւ Լենինականի «Ավետիք Իսահակյան տուն-թանգարան»-ներում:
Քանի որ մանկան հայրը խոսքով վերածվել էր պապի, գեղանկարիչն աշխատել էր երիտասարդ այր մարդուն օժտել նման գծերով: Եվ դա նրան հաջողվել էր: Ուշադիր աչքը միայն կարող էր նշմարել «Նաւակ»-ի եւ «Երկեր»-ի առաջին հատորի մեջ զետեղված նկարների աննշան զանազանությունը: Այսպես, եթե մանկան դեմքը, նրա եւ հոր տարազը, երկուսի կեցվածքը, դեմքի արտահայտությունները անփոփոխ էին մնացել, սակայն հոր կերպարը մասնակիորեն այլափոխվել էր:
Այս ամենն ավելի նկատելի են յուղաներկով ստեղծված պատկերի վրա, որը ես ուշադրություն էի դարձրել դեռ 1975-ին, սակայն չէի արտահայտվելՙ գործն առավել չբարդացնելու նպատակով:
Ահա, ամբողջ պատմությունը:
Ներկա հրապարակումը կարող էի անել 1985-ից ի վեր, երբ գորբաչովյան «պերեստրոյկան» սկսեց արմատավորվել նաեւ Հայաստանում եւ շուտով վերջ գտավ գրաքննությունը:
Նշեմ նաեւ, որ անձամբ ծանոթ եմ «Բագին»-ի երկարամյա խմբագիր Պողոս Սնապյանի հետ, որ հայ արձակի ամենանուրբ վարպետներից է եւ նրաՙ «Վարպետի վարպետութիւններէն» վերտառությամբ հրապարակումներին, որ գրական բացահայտումների մի շարք է:
Թեեւ այս բացահայտումը նույնպես Վարպետի «վարպետութիւններէն» շարքից է, սակայն վերջինս բոլորովին կապ չունի ուսումնառության տարիների երիտասարդ Ավետիք Իսահակյանի կատարած գրական նախափորձերի հետ, այլ առնչություն ունի գիտակցական ողջ կյանքը հանրագումարի բերող իմաստուն ու զգոն, ակադեմական պատմուճանով անձի հետ:
Նշեմ, որ քառահատոր «Երկեր»-ի առաջին երկու հատորները տպագրության են հանձնվել (արտադրություն իջեցվել) Վարպետի մահվան տարին, ավելի ճիշտՙ մահից 62 օր անցՙ 1957-ի դեկտեմբեր 18-ին:
Ասել է, թե առաջին երկու հատորները, ինչպես նաեւ մյուս երկուսը, տպագրության համար պատրաստվել են դեռ Ավ. Իսահակյանի ողջության: Հետեւաբար, ամեն ինչի պատասխանատուն Ավ. Իսահակյանն էր եւ ոչ թե գրքի բնագրերը պատրաստող (գիրքը կազմող) եւ գիրքը խմբագրող անձինք, որոնք երկուսն էլՙ Արամ Ինճիկյանն ու Սաքո Սարգսյանը, նշանավոր գրականագետներ են:
Այդ պատճառով ոչ 1975-ին եւ ոչ էլ այժմ ամենեւին չեմ նշում երախտավոր այս գրականագետների անունները: Եթե անգամ նրանք որեւէ «բան» նշմարած լինեին (թեեւ բացառվում է սա), չէին առարկի Վարպետին, որովհետեւ, ի վերջո, խրուշչովյան «ձնհալի» շրջան էր, որ տեւեց, իհարկե, շատ կարճ, մինչեւ 1964-65 թթ.:
Իսկ թե ինչ քար լռության արժանացավ կատարածս բացահայտումը բրեժնեւյան երկարամյա շրջանին, ընթերցողն արդեն կռահում է շա՜տ հապաղած այս հրապարակումից:
Եզրափակեմ ասելիքս. Վարպետն իր արտասովոր, բայց խիզախ այս արարքով, անտարակույս, ապավինում էր գալիքին:
Գտնվելով փառքի ու պատվի գագաթնակետին, արժանիորեն կուրծքը զարդարած պետական ամենաբարձր շքանշաններով եւ այլ պարգեւներով, նա պարզ ու մարդկային նման արարքով (որն ամեն մահկանացուի տրված չէ անել) մասամբ վտանգում էր իր անունը:
Արդարեւ, սա ապացույցն է այն բանի, որ կեցցեների ու ծափերի երկարամյա շրջանին, երբ քիչ չէին ազգային ուխտից նահանջներն ու նահանջողները, այդ մթնոլորտում, ահա, Ավ. Իսահակյանը մնաց անեղծ ու միշտ հավատավոր ազգային-ազատագրական պայքարին, նրա իդեալներին եւ այդ ճանապարհին ընկած նահատակների խնկելի հիշատակին:
Գ.Գ.