Համոզված է Անկարայի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն, դոկտ. Հասան Օքթայը
Այս օրերին Հայաստանում է Անկարայի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն, դոկտ. Հասան Օքթայը նույն ինստիտուտի աշխատակցուհի օր. Բանուի հետ: Սեպտեմբերի 3-ին պրն Օքթայը ցանկություն հայտնեց այցելելու «Ազգի» խմբագրություն, որտեղ առանձնազրույց ունեցավ մեր թերթի գլխավոր խմբագրի հետ: Ըստ երեւույթին Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրենին մեծապես հուզում էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, հայ-թուրքական հարաբերությունների, Թուրքիայի հայկական քաղաքականության եւ երկու երկրների միջեւ սահմանի բացման հարցերում «Ազգի» դիրքորոշումը, որ նրա առանձնազրույցը գլխավոր խմբագրի հետ ընթացավ դրանց շուրջ:
Առանձնազրույցի բովանդակությանը հավանաբար Անկարա վերադառնալուց հետո կանդրադառնա պրն Օքթայը: Այդ իսկ պատճառով ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում այն հարցազրույցը, որն անցկացրել ենքՙ օգտվելով նրա խմբագրություն այցելելու հնարավորությունից: Անկախ վերոհիշյալ հարցերի նկատմամբ դիրքորոշումների հակադրությունից, Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրենի հետ հարցազրույցը հետաքրքրական է:
Հ. Չ.
- Ո՞րն է Հայաստան այցելելու Ձեր նպատակը:
- Մեր անմիջական հարեւան Հայաստանը ճանաչելն է, տեսարժան վայրերում լինելը: Երբ ամեն ինչ քո աչքով ես տեսնում, սկսում ես տվյալ երկիրը համակրել:
- Որպես ինստիտուտի տնօրենի Ձեզ չեն կարող չհետաքրքրել Հայաստանի գիտական հաստատությունները: Այդ հաստատություններից ո՞րն եք այցելելու:
- Լինելու եմ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում, մասնավորապես արեւելագիտության եւ պատմության ինստիտուտներում, Երեւանի պետհամալսարանում, արեւելագիտության ֆակուլտետը ներառյալ եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
- Բացի Երեւանից որտե՞ղ եք եղել:
- Հայաստան նոր ենք ժամանել, եղել ենք միայն Էջմիածնում: Երեք օրով մեկնում ենք Գյումրի, այնուհետեւ կլինենք Արմավիրում եւ կայցելենք Սարդարապատի ազգագրական թանգարան:
- Ի՞նչ տպավորություն գործեց Հայաստանը:
- Ես ավելի լավն էի ակնկալում: Հայաստանը կարող էր համեմատաբար լավ վիճակում լինել, իսկ Երեւանըՙ ավելի բարեկարգ: Լավ ասելով ես նկատի ունեմ տնտեսության անդրադարձը քաղաքի վրա:
- Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը հայ-թուրքական հարաբերությունների մասին:
- Կարծում եմ, այդ հարաբերություններն առաջիկա օրերին ավելի լավ կլինեն, քան ներկայումս են:
- Ձեր կարծիքով, ո՞րն է հայ-թուրքական հարաբերությունների զարգացման գլխավոր խոչընդոտը:
- Իմ խորին համոզմամբՙ ո՛չ թուրքերն են, ո՛չ էլ հայերը, հարաբերությունների գլխավոր խոչընդոտը իմպերիալիզմն է:
- Դուք իմպերիալիզմից եք դժգոհում, սակայն Թուրքիան մշտապես սերտորեն համագործակցում է իմպերիալիստական պետությունների հետ, էլ չենք խոսում ԱՄՆ-ի հետ նրա համագործակցության մասին:
- Ներկայումս ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններն այդքան էլ առողջ հիմքերի վրա չեն:
- Եթե մեղավորն իմպերիալիստներն են, ապա ինչո՞ւ եք ձգտում Եվրոմիությանն անդամակցել, չէ՞ որ եվրոպական այդ կառույցում առանցքային տեղ ունեն Ֆրանսիայի, Գերմանիայի պես իմպերիալիստները:
- Որքան էլ Թուրքիան ձգտի, միեւնույն է, չի կարողանում ԵՄ-ին անդամակցել: Կարծես նրան մոլորեցնում են: Դուք ինձ հետ համամիտ չե՞ք:
- Ի՞նչ կարծիքի եք «Ազգի» մասին, հատկապես նկատի ունեմ ինտերնետային տարբերակը:
- «Ազգը», ըստ Թուրքիայում տիրող կարծիքի, Հայաստանում հրատարակվող միակ թերթն է, որի ինտերնետային էջը կանոնավոր կերպով նորոգվում է եւ հագեցվում ամենօրյա նոր նյութերով: Թուրքիան ուշի-ուշով հետեւում է «Ազգին»: Նաեւ գիտենք, որ «Ազգն» իր հերթին ուշադրության կենտրոնում է պահում Թուրքիային:
- Որպես տնօրեն ի՞նչ կասեք Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի մասին:
- Մեր ինստիտուտը հիմնադրվել է 2001 թ. մայիսին, գործում է Եվրասիական ռազմավարական հետազոտությունների շրջանակում: Հրատարակում ենք թուրքերենով եւ անգլերենով եռամսյա երկու պարբերականներ: Ինստիտուտն ունի 9 գիտաշխատող:
- Ի՞նչ աշխատանքներ եք կատարում:
- Մենք աշխատում ենք նպաստել Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների զարգացմանը: Ջանում ենք, որ Թուրքիայում եւ աշխարհում ճիշտ ընկալվի թուրքահայությունը: Միաժամանակ փորձում ենք գիտական ուսումնասիրությունների միջոցով պատասխանել նրանց, ովքեր փորձում են պղտորել թուրք-հայկական հարաբերությունները: Մեր ուսումնասիրություններն ընդգրկում են հայերի պատմությունը հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը: Մենք պատմության հարցերին մոտենում ենք նաեւ սոցիալ-հոգեբանական եւ միջազգայի հարաբերությունների տեսանկյունից:
- Որեւէ ուղերձ ունե՞ք հղելու:
- Ես հայ ժողովրդին եւ նրա մտավորականությանը կոչ եմ անում համատեղ ջանքերով նպաստել թուրք-հայկական հարաբերությունների բարձրացմանը այն մակարդակի վրա, ինչ եղել են երանելի հին ժամանակներում: