«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2004-09-04 | #155, 2004-09-07 | #156, 2004-09-08


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂՆ ԻՐԱՔՈՒՄ ԼԵՀԱՍՏԱՆԻ ԿՈՂՔԻՆ Է...

Ազգային ժողովը դժվար թե խոչընդոտի հայկական ուժեր ուղարկելու կառավարության ցանկությանը

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Մինչ Իրաքում շարունակվում են մահապարտ ապստամբների գործողությունները, մարդկանց պատանդ վերցնելու եւ գլխատելու սահմռկեցուցիչ տեսարանները, իսկ Մ. Նահանգները եւ դաշնակից ուժերն Իրաքի դրածո կառավարության հետ փորձում են կարգ ու կանոն հաստատել պատերազմից բզկտված եւ նավթով հարուստ արաբական այս երկրում, Հայաստանը նախապատրաստվում է Իրաքի վերականգնմանն ու վերակառուցմանը մասնակցելու նպատակով այնտեղ ուղարկել բժիշկների, վարորդների եւ ականազերծողների:

Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ մոտակա օրերին հայկական մի պատվիրակություն է ուղեւորվելու Իրաքՙ տեղում ծանոթանալու իրավիճակին: Եթե Հայաստանի խորհրդարանը կողմ քվեարկի Իրաք հայ մասնագետներ ուղարկելու կառավարության առաջարկին, այս տարվա վերջերին կամ եկող տարվա սկզբին հայ մասնագետները կուղեւորվեն Իրաք: Աղաբեկյանն ասել է, որ հայկական խմբավորումը կտեղաբաշխվի երկրի կենտրոնական հարավային շրջանում, որը գտնվում է լեհական ուժերի վարչական վերահսկողության տակ: Ի դեպ, այս օրերին Լեհաստանում էր նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Լեհաստանն Իրաք է ուղարկել 6.500 զինվորականի, սակայն, ինչպես հաղորդում է Ֆրանսպրեսը, Վարշավան զորքերի մեծ մասը դուրս կբերիՙ այնտեղ թողնելով 2.500-անոց անձնակազմ: Ըստ Ռոյթեր գործակալության, Հայաստանն Իրաք է ուղարկելու 50 հոգանոց անձնակազմ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Հովսեփ Խուրշուդյանը կարծում է, որ Իրաք հայկական խմբավորում ուղարկելու հարցն անհրաժեշտ է դիտարկել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցությունների համատեքստում, քանի որ Հայաստանի մասնակցությունն ԱՄՆ-ի հայտարարած եւ նախաձեռնած հակաահաբեկչական պայքարին ուժեղացնում է ՀՀ արտաքին քաղաքական դիրքերը։ «Թեեւ այս հարցում առանձնահատուկ ջանասիրության կարիք չկա, քանի որ ի վերջո վտանգվում են Իրաք ուղարկվող հայ զինվորականների կյանքն ու առողջությունը, սակայն Ադրբեջանից հետ ընկնելն էլ կարող է վտանգել մեր դիրքերը ղարաբաղյան բանակցություններում», ասաց Խուրշուդյանը:

Ադրբեջանը Վրաստանի հետ, ի տարբերություն Հայաստանի, միացավ ԱՄՆ նախաձեռնած հակաիրաքյան պայքարին եւ այնտեղ ուղարկեց խաղաղարար ուժեր: Ադրբեջանը եւ Վրաստանը ռազմական ներկայություն ունեն նաեւ Աֆղանստանում եւ Կոսովոյում: Մինչ այժմ ամերիկյան պատասխանատվության գոտում Հայաստանի 34 հոգանոց ջոկատը մասնակցում էր Կոսովոյի խաղաղարար գործողություններին եւ երեկ վերադարձավ հայրենիք:

Քանի դեռ Ազգային ժողովը հավանություն չի տվել Իրաք հայկական ուժեր ուղարկելուն, հարցը մնում է բաց: Ի՞նչ տրամադրություններ են տիրում խորհրդարանում: ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն ասում է, որ ՀՀԿ խմբակցությունում հարցը չի քննարկվել եւ կքննարկվի այն ժամանակ, երբ բերվի խորհրդարան: «Հայաստանն ի սկզբանե մտադրություն է ունեցել մարդասիրական օգնություն ցուցաբերել, ոչ թե մարտական գործողություններին մասնակցել: Ես հասկանում եմ մտահոգությունը, որ առաջացել է վերջին շրջանում տարբեր երկրների ներկայացուցիչների Իրաքում պատանդ վերցնելուց: Սա, անշուշտ, մտահոգիչ է, բայց երբ (Իրաք հայկական ուժեր ուղարկելու) խնդիրը գա խորհրդարան, համապատասխան, համարժեք լուծում կգտնվի»:

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը կարծում է, որ Իրաք հայկական խմբավորում ուղարկելու որեւէ նպատակահարմարություն չկա: «Ես չեմ տեսնում դրա օգուտները ահաբեկչության դեմ պայքարում: Հաշվի առնենք, որ Իրաքում մենք ունենք հայկական համայնք», ասաց Մանուկյանըՙ ակնարկելով, որ հայկական զինուժի մուտքն Իրաք կարող է դժվար կացություն ստեղծել մեր հայրենակիցների համար:

Ազգային ժողովի ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի անդամ Գրիգոր Հարությունյանն ասաց, որ Իրաք հայկական ուժեր ուղարկելու հարցը դաշինքում չի քննարկվել: «Իմ կարծիքով, հարցը լուրջ քննարկման առարկա է, եւ չեմ կարծում, որ Իրաք գնալը ճիշտ է», ասաց Հարությունյանը:

Կոալիցիայի մաս կազմող «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Արտակ Առաքելյանի ասելով, իրենք նույնպես չեն քննարկել այդ հարցը: «Իրաքում պատերազմն ավարտված չէ: Հաշվի առնելով, որ մենք այնտեղ ունենք ստվար հայկական համայնք, Հայաստանի ակտիվ մասնակցությունը իրաքյան գործողություններին շահեկան չէ ազգային տեսակետից, եւ լրացուցիչ բարդությունների տեղիք կտա: Կարծում եմ, մեր մասնակցությունը մեծ նշանակություն չի ունենա այնտեղ: Ավելինՙ կարող է բարդություններ ստեղծել իրաքահայության համար», ասաց Առաքելյանը:

Կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ-ի տեսակետին հնարավոր չեղավ տեղեկանալ, քանի որ դաշնակցական պատգամավորների հեռախոսահամարները չէին պատասխանում:

Ամենայն հավանականությամբ խորհրդարանը կողմ կլինի Իրաք հայկական ուժեր ուղարկելուն, քանի որ ակնհայտ է խորհրդարանի կախվածությունը Սերժ Սարգսյանից, Անդրանիկ Մարգարյանից եւ Ռոբերտ Քոչարյանից: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա որոշել է ընդհանրապես չմասնակցել խորհրդարանի աշխատանքներին:

Ի դեպ, իրաքահայերը մի շարք առիթներով ակնարկել են, որ Հայաստանի մասնակցությունը կոալիցիային կարող է դժվար կացության մեջ դնել իրենց: Նախքան իշխանությունից Սադդամ Հուսեյնին հեռացնելը, Իրաքում բնակվում էր շուրջ 20 հազար հայ: Թե նրանցից որքանն է մնացել այսօր Իրաքում, հստակ հայտնի չէ: Պատերազմի նախօրեին Հայաստանը ժամանակավորապես փակեց իր դեսպանությունը Բաղդադում եւ այնտեղից դուրս բերեց դիվանագիտական անձնակազմը: Երեւանը դեռեւս չի պատրաստվում վերաբացել դեսպանատունը, քանի որ չկան դիվանագետների անվտանգության տարրական պայմաններ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4