«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2004-09-04 | #155, 2004-09-07 | #156, 2004-09-08


ԵՎՐՈՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀՈՒՍԱԴՐՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցության հնարավորության վերաբերյալ Եվրոհանձնաժողովի զեկույցի հրապարակումից 6 շաբաթ առաջ Բրյուսելը Թուրքիա է գործուղել նրա անդամակցության ամենաջերմ կողմնակիցներից մեկինՙ ԵՄ ընդլայնման գծով հանձնակատար, գերմանացի Գյունտեր Ֆերհոյգենին: Վերջինս երկուշաբթի օրն Անկարա ժամանելով հայտարարել է, թե «ճշմարտության ժամը մոտենում է»:

Ֆրանսպրեսը հաղորդում է, որ Ֆերհոյգենը բանակցել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի եւ վարչապետ Թայիփ Էրդողանի հետ: ԵՀ հանձնակատարի խոսքերով, «ոչինչ չպետք է ուշացնի դեկտեմբերին նախատեսված որոշման ընդունումը»: Նա նկատի ունի դեկտեմբերի 17-ին եվրոպացի ղեկավարների ընդունելիք որոշումն անդամակցության շուրջը Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ:

Մինչ այդՙ հոկտեմբերի 6-ին, հանձնաժողովը պետք է զեկույց հրապարակի Թուրքիայում բարեփոխումների ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ: «Կարող եմ ձեզ խոստանալ, որ զեկույցը կլինի արդարացի, անաչառ ու ազնիվ եւ հաշվի կառնի Թուրքիայում արձանագրված տպավորիչ առաջընթացը», Անկարայում հավաստիացրել է Ֆերհոյգենը:

Նրա խոսքերից կարելի է ենթադրել, թե Եվրոմիության գործադիր մարմինը մինչեւ տարեվերջ որոշում կընդունի Թուրքիայի անդամակցության ժամկետների շուրջը նրա հետ 2005 թ. առաջին իսկ կիսամյակին, բանակցություն սկսելու վերաբերյալ:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4