«Ազգի» օգոստոսի 31-ի համարում տպագրված «Ծաղկաձորի անտառները հայտնվել են դղյակների պաշարման մեջ» հրապարակմանն ի պատասխան խմբագրություն զանգահարեց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը եւ խնդրեց ընթերցողին փոխանցել իր անվան հիշատակման հետ կապված ճշտումը: Հիշեցնենք, որ Ծաղկաձորի անտառները կանաչ տարածքների հաշվին դղյակների վերածած պաշտոնյաների թվում էր նաեւ նրա անունը:
Պարոն Շահգելդյանի հավաստմամբ, նախկին առողջարանի տեղում կառուցվող ամառանոցը պատկանում է «Արմավտո» ԲԲԸ-ի 830 սեփականատերերին: Այն ոչ իր, ոչ էլ եղբոր` Սամվել Շահգելդյանի սեփականությունը չէ (թերթերի հրապարակումներում իբրեւ սեփականատեր նշվել է Սամվել Շահգելդյանի անունը), կառուցվում է եւ առեւտրային, եւ սեփականատերերի համար առողջարան ծառայելու համար: Իր բաժնեմասը 21 տոկոս է, եղբորըՙ ընդամենը 1 տոկոս:
Մարզպետն ընդգծեց, որ ինքը ապրում է Չարենցավանում, բազմահարկ շենքի 5-րդ հարկում, եղբայրը` Երեւանում, 1 սենյականոց բնակարանում: Առանձնատուն կառուցելու ոչ հնարավորություն, ոչ էլ ցանկություն չի ունեցել:
Ինչ վերաբերում է կանաչի ոչնչացման հաշվին դեպի առողջարան ձգվող 0,5 կմ ճանապարհին, ապա, ըստ մարզպետի, այն կառուցվել է Ծաղկաձորի քաղաքապետարանի որոշմամբ: Հիմնավորումը հետեւյալն է. «Սարերով շրջապատված Ծաղկաձորը ընդամենը 1 մուտք ունի, տարերային աղետների եւ հրդեհների դեպքում իշխանությունների համար շատ դժվար կլինի ճիշտ գործողություններ ձեռնարկել: Պարզապես այդ նպատակին ծառայելիք ճանապարհը համընկել է պանսիոնատի տարածքի հետ»:
***
Զարմանալի զուգադիպությամբ, մարզպետի զանգից անմիջապես հետո ԼՂՀ Մարտակերտի շրջկենտրոնից խմբագրություն զանգահարեց մի բնակիչ` ներկայանալով իբրեւ բժշկուհի, եւ Մարտակերտի կանանց անունից շնորհակալություն հայտնեց թերթին` Ծաղկաձորի պրոբլեմին անդրադառնալու եւ համերաշխության այն աննախադեպ արտահայտության համար, որ հանուն բնապահպանության ու լրագրողի իրավունքների ցուցաբերեց լրագրողական համայնքը:
Կ.Դ.