«Թաթուլյանը գտած երեւույթ է, որն իր սատիրական մենակատարմամբ «ավտոմանիայով» տառապողներին «ռմբակոծման» է ենթարկում: Մի վիճակից մյուսը անցնելու նրա կարողությունն ուղղակի ապշեցնող է», գրել է «Սան Դիեգո յունիըն տրիբյուն» թերթը գրող-մենակատար Լորի Թաթուլյանի մասին, որը պատրաստվում է սեպտեմբերի 18-ին վերոհիշյալ խորագրով ներկայացնել իր մեկ դերասանի պիեսը Ամերիկայի հայկական գրադարանի եւ թանգարանի դահլիճում: «Կրթաթոշակների հայկական հիմնադրամի» կազմակերպությամբ անցկացվող միջոցառումը առիթ է ընծայելու ներկաներին մի անգամ եւս ըմբոշխնելու Լորիի ամենատարբեր կերպարներըՙ սկսած խարբերդցի խոնարհ տանտիկնոջից մինչեւ իր կամքը թելադրող խիզախ ավտոմոլագարը:
«Ես ուզում եմ, որ մարդիկ իրենք իրենց ճանաչեն մեր այս չափազանց գունազարդ աշխարհում», ասում է Թաթուլյանը:
Ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի, Թաթուլյանը վերջերս է վերադարձել «Ծուռ նստենք, շիտակ խոսենք» ընդհանուր խորագրով անցկացված շրջագայությունից, որի ընթացքում ելույթներ է ունեցել Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Բարքլիում , Բոստոնում, Ֆրեզնոյում, Լաս Վեգասում եւ Սան Դիեգոյում:
Հ. Ծ.