Թեեւ ուշացումով, Աթենքից վերադառնալուց հետո սպորտպետկոմի եւ ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանը վերջապես հանդիպեց լրագրողների հետ: Շատերին էր հետաքրքրում, թե օլիմպիադայում մեր մարզիկների ձախողումից հետո արդյոք նա պատրաստվո՞ւմ է հրաժարական տալ: Պատասխանը միանշանակ էրՙ ոչ: Պատճառաբանությունը հետեւյալն էր. սպորտպետկոմը հարյուր տոկոսով կատարել է իր խնդիրըՙ ապահովելով ուսումնամարզական հավաքների անցկացումը, նախապատրաստական այն ծրագրերի իրականացումը, որոնք մարզչական խորհուրդները կազմել էին տարբեր մարզաձեւերից: Երբ բյուջեից հատկացված միջոցները չեն բավականացրել, օգնության են եկել հովանավորները:
Օլիմպիական խաղերում հայ մարզիկների անհաջող ելույթների համար Իշխան Զաքարյանը ներողություն հայցեց ժողովրդից: Նա միաժամանակ դժգոհեց որոշ լրատվամիջոցներից, որոնք հարցը քաղաքականացնում են, անձնական վիրավորանք են հասցնում իրեն եւ մարզիկներին:
Փորձելով գտնել անհաջողության պատճառները, ՀԱՕԿ-ի նախագահը նշեց, որ իրեն էլ մինչեւ վերջ պարզ չեն դրանք: Իհարկե, կարելի է նշել մարզիկների բարոյահոգեբանական վիճակը, մարզական բժշկության բացակայությունը, մարզադպրոցների անմխիթար վիճակը: Պատճառներից մեկն էլ օլիմպիական հավաքականներում մարզիկների միջեւ մրցակցության բացակայությունն է: Օլիմպիական վարկանիշ նվաճած մարզիկները Հայաստանում արժանի հակառակորդներ չունեն, ուստի նրանք իրենց տեղն ապահովված համարելով, ուժերի գերագույն լարումով չեն մարզվում:
Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթվանից սկսվելու են տարբեր մարզաձեւերի մասնագետների կողմից մեր օլիմպիականների ելույթների քննարկումները, որոնք հնարավորություն կտան վեր հանելու անհաջողության պատճառները: Նա հատկապես դժգոհ էր ծանրորդների ելույթներից, որոնք 2 տարի առաջ մեկ մրցաշրջանում նվաճել էին 53 մեդալ: Եվ ընդհանրապես տարօրինակ էր, որ հենակետային մարզաձեւերում օլիմպիական քառամյա ցիկլում աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում մեդալներ նվաճած հայ մարզիկներն օլիմպիական խաղերից ձեռնունայն վերադարձան: Օրինակ, ըմբշամարտիկները 11 մեդալ էին նվաճել, աշխարհի 2 չեմպիոն ենք ունեցել:
Ասուլիսում մեղադրանքներ հնչեցին Իշխան Զաքարյանի կողմից «Հաղթանակ» հասարակական կազմակերպության ստեղծման եւ նախագահական ընտրություններում գործող նախագահին սատարելու, նրա քարոզարշավին մարզիկներին մասնակից դարձնելու առնչությամբ: Ի պատասխան մեղադրանքների, ՀԱՕԿ-ի նախագահը նշեց, որ մարզիկներն էլ այս երկրի քաղաքացի են եւ նրանցից յուրաքանչյուրն իր քաղաքացիական պարտքն է կատարել: Նրանցից շատերը տարբեր կուսակցությունների անդամ են, եւ դա նրանց անձնական գործն է: