«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2004-09-04 | #155, 2004-09-07 | #156, 2004-09-08


131 ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԾԱՌԵՐԸ 10 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎԵՐԱՑԱՆ

Կամ մի ձեւական ծառատունկի վախճանը

Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակի հայոց կաթողիկոսների հիշատակին նվիրված ծառուղին գոյություն չունի: Հայ առաքելական եկեղեցու 131 կաթողիկոսների անվանածառերը 10 օրվա ընթացքում վերացել են:

Կաթողիկոսների հիշատակը հավերժացնող ծառատունկ կազմակերպելն ի սկզբանե եղել է երգահան Արա Գեւորգյանի մտահղացումը: «Ուզում էի` ստեղծվեր կաթողիկոսների հիշատակը հավերժացնող այգի: Վեհափառին ոգեւորեց իմ այս գաղափարը, եւ նա տվեց իր օրհնությունը: Հարմար տեղ համարեցինք Ս. Գր. Լուսավորիչ եկեղեցու շրջակայքը: Ես սկսեցի թաղապետարանի հետ պայմանավորվել, թե ինչ ծառ է նպատակահարմար տնկել եւ թե հետագայում ով պետք է խնամի: Այս հարցերը լուծելու պատճառով ծառատունկը ձգձգվում էր: Հետո մի կազմակերպություն հանձն առավ իրականացնել: Ինքս էլ տնկել եմ մեր երջանկահիշատակ կաթողիկոսներից մեկի անվանածառը», պատմեց Արա Գեւորգյանը:

Ծառատունկն իրականացրել է «Նոյան Արգ» էկոլոգիական բարեգործական ընկերությունը: Ապրիլի 17-ին Ս. Գր. Լուսավորիչ եկեղեցու մուտքին հարող աջ եւ ձախ մասերում տնկվել են 131 արծաթափայլ եղեւնիներ: Ծառատունկը կազմակերպվել է ըստ արժանվույն. հոգեւոր դասի ներկայացուցիչները օրհնել են եղեւնիները եւ ժողովրդի հետ տնկել դրանք, հետո էլ ստացել «Մասնակցի վկայական», ուր նշված է, թե որ կաթողիկոսի անվանածառն է տնկել տվյալ մասնակիցը: Լրատվամիջոցներն էլ նկարահանել են հատկապես բնապահպանության նախարարի ծառ տնկելը:

«Ծառատունկն իրականացվել է բնապահպանության նախարարության հետ` անմիջապես նախարարի աջակցությամբ: Նրա կամոք իրենց պահեստներից տրվել են արծաթափայլ եղեւնիներ, եւ մենք էլ հիմնադրել ենք հայոց կաթողիկոսների հիաշատակին նվիրված ծառուղին», ասում է «Նոյան Արգ» էկոլոգիական բարեգործական ընկերության նախագահ Ղազար Միրզոյանը: Ծառատունկից հետո թե ով պետք է խնամեր ծառուղին, պարզ չէ: Ինչպես ասաց պրն Միրզոյանը, ընդամենը 10-15 օրվա ընթացքում ծառուղին վերացել է, քանի որ թանկարժեք եղեւնիների 80 տոկոսը գողացել են, իսկ մնացածը չորացել է: «Մենք չէինք կարծում, թե եկեղեցու բակից գողություն կանեն: Եթե պատկերացնեինք, ապա անպայման ծառերի պահպանության հարցն էլ կլուծեինք», ասում է Ղ. Միրզոյանը:

Ի պատասխան Ղ. Միրզոյանի մեկնաբանության` Ս. Գր. Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հայր Սահակ աբեղա Շաքարյանը պնդեց. «Ոչ մի ծառ էլ չի գողացվել, մենք ունենք պահակային ծառայություն: Եղեւնիները չորացել են: Կաթողիկոսների անուններով ծառ տնկելու պատասխանատվությունն այդ կազմակերպությունը չզգաց: Մենք նախապես զգուշացրել էինք, որ ունենք ջրամատակարարման խնդիր, որ դա 1-2 ծառ չէ, այլ` 131, եւ ջրելը խնդիր է դառնալու: Նրանք ասացին, որ իրենք այդ հարցերը կլուծեն, դրա համար էլ ծառատունկ եղավ: Ես էլ եմ մասնակցել այդ ծառատունկին ու հիմա անհարմար եմ զգում, որ ոչ մի եղեւնի չկա: Մենք շուտով կունենանք մեր ջրամատակարարման ցանցը եւ անպայման կվերականգնենք ծառաշարքը»:

Սովորաբար, ծառատունկ կազմակերպելիս ծառերի խնամքն ապահովելու համար նախապես պայմանավորվածություն է ձեռք բերվում տվյալ համայնքում կանաչապատման աշխատանքներ իրականացնող ընկերության հետ: Կաթողիկոսների հիշատակի ծառուղին ստեղծելիս «Նոյան Արգ» ընկերությունը պայմանավորվածություն չի ունեցել ո՛չ քաղաքապետարանի «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի, ո՛չ էլ Կենտրոն թաղապետարանի «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի հետ: Ղ. Միրզոյանը նշեց, որ սկզբնական շրջանում իրենք պատրաստ են եղել խնամել եղեւնիները մինչեւ թաղապետարանի հետ պայմանավորվելը: Այդ «սկզբնական շրջանում» էլ ծառուղին վերացել է: Իսկ բարեգործական ընկերության նախագահն ընդամենը ափսոսանք է հայտնում. «Մենք շատ վատ ենք զգում, որ հիմա չկա այդ ծառուղին, բայց անպայման նորից կտնկենք եղեւնիներ ու կվերականգնենք կորուստը»:

ԱՂԱՎՆԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, www.hetq.am


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4