«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2004-09-04 | #155, 2004-09-07 | #156, 2004-09-08


ԲԻԶՆԵՍՄԵՆՆ ԱՎԵԼԻ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ Է, ՔԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆ

«Հայաստանը միակ երկիրը չէ, ուր պետական պաշտոնյաների թիկնապահներն իրենց քանակով, վերապատրաստման հնարավորություններով զիջում են մասնավոր հատվածի թիկնապահներին», «Ազգի» հետ զրույցում ասաց Ռուսաստանի թիկնապահների ազգային ընկերակցության եւ Համաշխարհային թիկնապահների լիգայի նախագահ Դմիտրի Ֆոնարյովը: Նա այս խնդիրը հիմնականում կապեց վճարունակության հետ: «Եթե պետական պաշտոնյայի թիկնապահի համար կա սահմանված բյուջե, որի սահմաններից նա դուրս գալ չի կարող, ապա յուրաքանչյուր քաղաքացի կարող է վարձել այնքան թիկնապահ, որքան ցանկանում է», ասաց նա:

Ըստ Հայաստանի ազգային թիկնապահների ընկերակցության նախագահ եւ Համաշխարհային թիկնապահների լիգայի կովկասյան ներկայացուցիչ Ռոբերտ Նազարյանի` այսօր Հայաստանում գործում է 200-300 թիկնապահ: Երեկ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների զարմանքին պրն Նազարյանը պատասխանեց. «Ընդհանրապես չեմ ցանկանում թիկնապահ արտահայտությունը որոշ մարդկանց հետ կապել, ովքեր մասնագետ չեն: Թիկնապահը արտաքնապես չի տարբերվում սովորական քաղաքացուց: Կարեւորը պրոֆեսիոնալ պատրաստվածությունն է»:

Սեպտեմբերի 4-7-ը Երեւանում անցկացված Թիկնապահների համաշխարհային լիգայի կովկասյան մրցույթի արդյունքները Ռոբերտ Նազարյանը գնահատեց միջին, իսկ Դմիտրի Ֆոնարյովը` միջինից ցածր: Սա Հայաստանում կազմակերպված առաջին աուդիտն էր, կային կազմակերպչական որոշ խնդիրներ: Պարոն Ֆոնարյովը նման աուդիտներում կարեւորեց ծայրահեղ պայմաններում թիկնապահների` բժշկության իմացության ստուգումը եւ հույս հայտնեց, որ հաջորդ աուդիտների ժամանակ դա եւս կներառվի ծրագրում:

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4