Սեւանա լճի մակարդակի բարձրացումը ոգեւորել է հայ հանրությանը: Գաղտնիք չէ, որ այն ձեռք է բերվում լճից ջրառի նվազեցման շնորհիվ: 2003 թվականի սեպտեմբերի 1-ի օրը ջրառը կազմել էր 89 մլն խորանարդ մետր, տարվա համար ՀՀ կառավարության նախատեսած 120 մլն խորանարդ մետրից: Նախորդ տարիներին ջրառի ցուցանիշը շատ ավելին էրՙ մոտ 200 մլն խմ: Ինչպիսի՞ն է վիճակն այս տարվա նույն ժամանակահատվածում: Ոչ այնքան նպաստավոր. վերահաստատված 120 մլն խորանարդ մետրից սեպտեմբերի 1-ի դրությամբ վերցվել է 105 մլն խորանարդ մետր: ՀՀ ջրային պետական կոմիտեում, ուր հայտնեցին այս թիվը, նշեցին, որ ջրառը իրականացվում է ՀՀ բնապահպանության նախարարության հայտով: Թող ներվի ասել, բայց այս խնդրում տարօրինակ իրողություն է արձանագրվում: Հայտը տալիս են բնապահպանները, ջրից օգտվում են էներգետիկներն ու գյուղատնտեսությունը: Հանրահայտ է, որ առավել արդյունավետ օգտագործման նպատակով ջուրը բաց է թողնվում Սեւան-Հրազդան հիդրոհամալիրի կայաններով, որի լրիվ հզորությունը հաշվարկված է վայրկյանում 70 խորանարդ մետր ջրօգտագործման համար: Քանի որ այս օրերին Երեւան ՀԷԿ-ն աշխատում է ունեցած 2 տուրբիններից մեկի հզորությամբ, պարզ է, որ լճից ջրառը վայրկյանում կազմում է մոտ 35 խմ: Այստեղից ջուրը բաց է թողնվում Էջմիածնի ու Արտաշատի ջրանցքներ: Ասված թվերից կարելի է եզրակացնել, որ սեպտեմբերի 6-ին 120 մլն խմ ջրառը լրացվել է:
Թե ինչով է պայմանավորված այս տարվա ջրառի առաջանցիկ ցուցանիշը եւ կվերցվի՞ արդյոք լրացուցիչ ջուր հարցերի պատասխանները հանրությունը սպասում է ջրօգտագործող 3 նախարարություններից եւ ՀՀ ջրպետկոմից: Անշուշտ, 120 մլն խմ ջուրը այն ծավալը չէ, ինչ վերցվում էր տարիներ առաջ: Բայց եւ առաջանցիկության համար չէր տարիներ շարունակ մտահոգություն հայտնում հանրությունը, որ մի օր էլ հերթական անհանգստությունն ապրի:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ