Առաջին անգամ Հայաստան է ժամանել Իրանի նախագահը
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
«Հայաստանը լոկ հողակտոր չէ մեզ համար: Սա երկրամաս է, որտեղ ապրում է աշխատասեր ժողովուրդ, որը մեծ դերակատարություն է ունեցել համաշխարհային մշակույթի զարգացման գործում: Իրանը Հայաստանի հետ ունի հատուկ հարաբերություններ: Իրանցի եւ հայ ժողովուրդների հարաբերությունները կարող են լավագույն նմուշը լինել նրանց համար, ովքեր ապրում են կողք-կողքի եւ հարգում միմյանց ինքնիշխանությունը», ասաց Խաթամին Հայաստանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
ԱՊՀ երեք երկրներ պաշտոնական այցերն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը երեկ սկսեց Հայաստանից: 1992 թ. հաստատված հայ-իրանական դիվանագիտական հարաբերություններից հետո սա Իրանի նախագահի առաջին այցն է Հայաստան: Սեյեդ Մոհամմադ Խաթամին պաշտոնական երկօրյա այցի ավարտից հետո կուղեւորվի Բելառուս, ապաՙ Տաջիկստան:
Իրանի նախագահն ընդգծեց, որ Հայաստան-Իրան հարաբերությունները, համագործակցությունը երկու կողմերի օգտին են եւ ոչ մեկին չեն վնասում: «Գերզգայուն Կովկասում անհրաժեշտ է կայունություն, եւ Թեհրանը կովկասյան երկրների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը», ասաց Խաթամին:
Երեկ տեղի են ունեցել Իրանի եւ Հայաստանի նախագահների, ապաՙ ընդլայնված կազմով հայ-իրանական հանդիպումներ, որոնց ավարտին ստորագրվեցին 7 համաձայնագրեր: Ռոբերտ Քոչարյանն ակնհայտորեն գոհ էր բանակցությունների արդյունքներից: «Հայաստանի համար չափազանց կարեւոր է բարեկամ երկրի նախագահի այս այցը: Քննարկվեց երկկողմ հարաբերությունների ամբողջ ծավալը», ասաց Քոչարյանը:
Հայաստանի նախագահն Իրանի հետ հարաբերություններում առաջնային է համարում տնտեսական ոլորտը, եւ «ստորագրված պայմանագրերի զգալի մասն այդ ոլորտին էր վերաբերում»:
«Կարեւորագույն ոլորտն էներգետիկան է, որտեղ մենք համագործակցության մեծ փորձ ենք կուտակել: Այդ փորձի վրա հենվելով մենք ի վիճակի ենք շատ ավելի լուրջ քայլեր ձեռնարկել մեր ենթակառուցվածքների միացման ուղղությամբ եւ այստեղ այլ մակարդակի համագործակցություն ենք ունենալու: Այս ծրագրերի նշանակությունը երկկողմ հարաբերությունների շրջանակից դուրս է եւ ունենալու է տարածաշրջանային նշանակություն: Իրանն իր ներուժով, մշակութային ժառանգությամբ առանցքային երկիր է այս տարածաշրջանում եւ չափազանց կարեւոր է նման երկրի հետ կայուն եւ լայն օրակարգով հարաբերություններ հաստատել», ասաց Քոչարյանը:
Թե ինչպես են միացվելու Հայաստանի եւ Իրանի ենթակառուցվածքները եւ հատկապես ո՞ր ոլորտներում, Հայաստանի նախագահը չմանրամասնեց: Կարելի է ենթադրել, որ այս փուլում խոսքը Իրան-Հայաստան գազատարի մասին է: Ի դեպ, ստորագրված համաձայնագրերից մեկը գազատարի Մեղրի-Քաջարան հատվածի ֆինանսավորմանն էր վերաբերում: Ըստ «Ազգի» ունեցած տեղեկությունների, գազատարի հայկական հատվածը կառուցելու է իրանական «Սանիր» ընկերությունը, որին ֆինանսապես օժանդակելու է Իրանի արտահանման եւ զարգացման բանկը: Թե երբ է սկսվելու հայկական հատվածում շինարարությունը, հստակ չի նշվում: Հայտնի չէ նաեւ, թե իրանական հատվածում սկսվե՞լ է շինարարությունը: Մի քանի ամիս առաջ լրատվական գործակալությունները, մեջբերելով Իրանում Հայաստանի դեսպանին, հաղորդեցին, որ իրանական հատվածում գազատարի շինարարությունն արդեն սկսվել է:
Քոչարյան-Խաթամի զրույցի ընթացքում Հայաստանի նախագահն իրանցի իր գործընկերոջը տեղեկացրել է ղարաբաղյան հարցի շուրջ ընթացող բանակցություններին: Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին պաշտոնական այցով Բաքվում գտնվող Խաթամին հերթական անգամ հայտարարեց, որ Թեհրանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Լեռնային Ղարաբաղը համարում նրա անբաժանելի մասը: Ի դեպ, Խաթամիի այդ հայտարարությունը քննադատվեց իրանական մամուլի որոշ օրգաններում: Բայց այդ քննադատությունն արված չէր Հայաստանին պաշտպանելու նպատակով: Դեռ մի քանի ամիս առաջ Թեհրան էր ժամանել Ադրբեջանի արտգործնախարարը: էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ Իրանում բնակվող ադրբեջանցիներն այդ երկրի ազգային փոքրամասնությունն են, ինչի պատճառով իրանական մամուլում տպագրվեց ընդգծված հակաադրբեջանական հրապարակումների շարք:
Քոչարյանը եւ Խաթամին մամուլի ասուլիսում դատապարտեցին սեպտեմբերի 4-ին Բեսլան քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը: Մասնավորապես Խաթամին նկատեց, որ Իրանը եւս ահաբեկչության զոհ է: «Ահաբեկչությունն արեւմուտք, արեւելք, Իրան, Ամերիկա չի տարբերակում: Ամենացավալին այն է, որ որոշ ահաբեկիչներ ցանկանում են իրենց գործողություններն իրականացնել որոշ կրոնների քողի տակ եւ փաստորեն երկու մեղք են գործում: Ահաբեկչության դեմ պայքարելու համար համաշխարհային միասնականություն է պետք, սակայն առանց ահաբեկչության արմատները հայտնաբերելու, ուսումնասիրելու հնարավոր չէ (այդ չարիքի դեմն առնել): Դրա արմատները կարելի է որոնել նաեւ այն վայրերում, որտեղ խտրական քաղաքականություն է իրականացվում, ժողովուրդները տուժում են ինչ-ինչ ուժերի պատճառով եւ չգտնելով պայքարելու համապատասխան միջոց, իրենք դիմում են դաժան քայլերի: Ահաբեկչության դեմ իսկական պայքարը պետք է իրականացվի արդարության հաստատման միջոցով», ասաց Խաթամին:
Բեսլանի մանկասպանությանը Քոչարյանն այսպես արձագանքեց. «Միջազգային հանրությունը եւ մարդկությունը պետք է համարժեք պատասխան տան: Հասկանալի է, որ կան մարդիկ, որոնք ինչ-ինչ նպատակներով, ինչ-ինչ գաղափարների համար կարող են իրենց զոհաբերել: Հետաքրքրական է, այդ նույն գաղափարների եւ նպատակների համար պատրա՞ստ են զոհաբերել իրենց երեխաներին եւ ընտանիքներին: Չեմ կարծում, որ պատրաստ են: Եթե պատրաստ են, ուրեմն մարդ չեն»:
Այսօր, առավոտյան նախագահ Խաթամին այցելելու է Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան: