Գնահատելով Իրանի նախագահ Մոհամմադ Խաթամիի այցը Հայաստան, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն «Ազգին» ասաց. «Շատ կարեւոր է, որ մահմեդական ու քրիստոնյա երկրները կարողանում են բարեկամություն անել, ապացուցելով, որ ասպարեզում կրոնների պայքար չէ, եւ եթե մեկը կրոնի հարց է բարձրացնում, ուրեմն հետեւում ուրիշ հարցեր են թաքնված:
Ես կարծում եմ, որ Իրանը քայլ առ քայլ գնում է դեպի ժողովրդավարություն, այսինքն, կարողանալով պահել իր կրոնական ու ժողովրդական ավանդույթները, ոչ թե արեւմտյան երկիր դառնալու քայլ է անում, այլ ընդունում է ժողովրդավարության այն սկզբունքները, որոնք կան եւ իրենց կրոնում, եւ իրենց ավանդույթների մեջ, եւ հիմա ամբողջ աշխարհը հագեցած է դրանցով»:
Թե ռազմավարական տեսանկյունից Հայաստանը ինչպիսի արժեք կարող է ներկայացնել Իրանի համար հարցը Վազգեն Մանուկյանը դիտարկում է տարածաշրջանային կտրվածքով: «Բոլորս էլ հասկանում ենք, որ տարածաշրջանում բնակվող երկրներից ոչ մեկը դրա տերը դառնալ չի կարող: Դրսի ուժերը կարող են տեր դառնալ տարածաշրջանին: Դա ոչ մեկին ձեռնտու չէ: Տարածաշրջանի ժողովուրդները պիտի կարողանան միմյանց հետ լեզու գտնել, որ իրենք իրենց տունը կառուցեն` համագործակցելով մյուս մեծ ուժերի հետ: Այդ առումով Իրանի եւ Հայաստանի երկխոսությունը նշանակություն ունեցող իրողություն է: Տարածաշրջանը շատ լարված վիճակում է, եւ այդ իրավիճակում շատ կարեւոր է, որ կողքի պետությունները եւ ժողովուրդները կարողանան իրար հետ խոսել»:
Կ. Դ.