Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մոհամմադ Խաթամիի այցի կապակցությամբ մամուլում տպագրվել է ՀՀ նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրությունը հայ-իրանական հարաբերությունների, իրանահայ համայնքի մասին: Տեքստում մասնավորապես ասված է. «Ներկայիս իրանահայ գաղութը 400 տարվա պատմություն ունի: Առաջին բռնագաղթը տեղի է ունեցել Շապուհ 2-րդի օրոք, երբ 700 հազար հայեր բռնի կերպով տեղափոխվեցին Պարսկաստան»:
Այնուհետեւ իմանում ենք, որ շահ Աբասը բռնագաղթեցրել է միայն Արարատյան դաշտավայրի եւ հարակից գավառների հայությանը, այն էլ 1605 թ., որ Նոր Ջուղան հիմնադրել են ոչ թե ջուղայեցիները, այլ... «Երեւանի շրջանից տեղահանվածները»: Ահա այսպիսի զարմանալի տեղեկություններ են տալիս ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:
Այս տարի լրանում է Նոր Ջուղայի հիմնադրման 400 տարին: 1604 թ. շահ Աբասը բռնագաղթեցրեց ոչ միայն Արարատյան դաշտավայրի եւ հարակից տարածքների հայությանը: Իսկ հարուստ, արեւելքի եւ արեւմուտքի առեւտուրն իրականացնող ջուղայեցիներին նա տեղավորեց Սպահանի մոտ, որտեղ եւ ջուղայեցիները հիմնեցին Նոր Ջուղան: Սակայն դա չի նշանակում, թե իրանահայ ներկայիս համայնքը 400 տարվա պատմություն ունի: Հայոց առաջին բռնագաղթն էլ ոչ թե Շապուհ Երկրորդի (IV դար) օրոք է եղել, այլՙ 3-րդ դարում ապրած Սասանյան Արտաշիր թագավորի: Իսկ թե ինչպիսին էր Ջուղան, ինչպիսի գործունեությամբ էին զբաղվում ջուղայեցիները, նախագահականում կարող են կարդալ թեկուզ հանրագիտարանից: Դա կօգնի, որպեսզի մի օր էլ չգրեն եւ ի լուր աշխարհի հայտարարեն, թե այս տարի նշվում է Նոր Ջուղայի հիմնադրման «պանծալի» 400-ամյակը (նկատի ունենք ողբերգությունը տոն դարձնելը): Պետք է հիշել, որ Արեւելյան Հայաստանի (նաեւ Նախիջեւանի) հայաթափման (1604 թ. բռնագաղթի) հետեւանքով այդ տարածքում հայտնվեց թուրքական տարրը եւ այնքան շատացավ, որ 20-րդ դարի սկզբին Նախիջեւանը դարձրեց «վիճելի» տարածք: Հետեւանքները բոլորիս են հայտնի:
Ա. ԱՄԻՐԽԱՆՅԱՆ