«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2004-09-07 | #156, 2004-09-08 | #157, 2004-09-09


ԱՄՆ-Ն ԻՐԱՆԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՈՎ

Մ. Նահանգների բարձրաստիճան երկու պաշտոնյաներ Իրանի հասցեին լուրջ սպառնալիքներ են հնչեցրել: Նախ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Արմիթեյջը «Բիզնես ուիք» շաբաթահանդեսի հարցազրույցում ասել է, որ Իրանում իրավիճակի փոփոխությանը հնարավոր է հասնել օգտագործելով «ադրբեջանցիների այս իսլամական պետությունում» էթնիկ ադրբեջանցիների գործոնը: Զուգահեռներ անցկացնելով Իրանի եւ Հյուսիսային Կորեայի միջեւՙ Արմիթեյջն ասել է. «Իրանի պարագան շատ դժվար է: Իրանում կան որոշ բաներ, որոնց անհրաժեշտ է ուշադրություն դարձնել: Խոսքը ժողովրդագրական տվյալների մասին է: Պարսիկներն արդեն գրեթե փոքրամասնություն են իրենց երկրում: Նրանց թիվը շուրջ 52 տոկոս է: Մինչդեռ միայն Թավրիզում ադրբեջանցիների քանակը շատ ավելին է, քան Ադրբեջանում: Այդ պատճառով առկա է ժամանակի ազդեցությունը, ինչը կբերի իրադրության փոփոխության»:

Ամերիկյան «Վաշինգտոն թայմսը» իր հերթին մեջբերում է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆելդի խոսքերը: Վերջինս ասել է, թե Իրանը օգնում է Իրաքի ապստամբներինՙ այնտեղ ուղարկելով փող եւ մարդկանց: «Ես չեմ կարող ասել, թե Իրանի կառավարությունում խմբավորումներից ո՞րն է դրանով զբաղվում եւ ընդհանրապես կառավարությանը հայտնի՞ է Իրաքին օգնելու փաստը», ասել է Ռամսֆելդըՙ հավելելով, որ Մ. Նահանգների հնարավորությունն Իրանի դեմ ազդելու հարցում սահմանափակ է, քանի որ շատ երկրներ շահագրգիռ չեն իրանական իշխանությունների նկատմամբ ճնշումներ բանեցնելու:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4