«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2004-09-07 | #156, 2004-09-08 | #157, 2004-09-09


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԿԱՆԽԻՉ ՀԱՐՎԱԾՆԵՐ ՀԱՍՑՆԵԼ

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Բալուեւսկին հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ահաբեկիչների ճամբարներին կանխարգելիչ հարվածներ հասցնել աշխարհի բոլոր անկյուններում: Նա չի մանրամասնել, թե կանխարգելիչ հարվածների դեպքում հատկապես ի՞նչ զենք է օգտագործվելու, սակայն նշել է, որ խոսքը միջուկային զենքի մասին չէ: Սա Բալուեւսկին հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար Ջեյմս Ջոնսի հետ հանդիպման ընթացքում:

Ռուս բարձրաստիճան զինվորականը չի նշել նաեւ երկրի անուն: Նախկին տարիներին Ռուսաստանը տարբեր առիթներով իր հարեւան երկրներին մեղադրել է չեչեն ահաբեկիչներինՙ Միջին Արեւելքի երկրներից եւ Աֆղանստանից Չեչնիա անցնելու համար օժանդակելու մեջ: Մասնավորապես 2001 թ. ռուսական զինուժը ռմբահարեց Վրաստանի Պանկիսի կիրճըՙ մեղադրելով Թբիլիսիի իշխանություններին չեչեն ահաբեկիչներին ապաստան տալու մեջ:

Լոնդոնում ապաստան գտած չեչեն անջատողականների էմիսար Ահմեդ Զաքաեւը «Ռոյթերին» ասել է. «Ես չեմ բացառում, որ նրանք (ռուսները) կփորձեն դա անել որեւէ եվրոպական երկրում, ինչն արեցին Քաթարում»: Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ ռուսական հատուկ ծառայությունները Քաթարում կազմակերպեցին Չեչնիայի նախկին նախագահ Զելիմխան Յանդարբիեւի սպանությունը:

Նախօրեին Կրեմլը Լոնդոնից եւ Վաշինգտոնից պահանջել էր ռուսական արդարադատությանը հանձնել Ահմեդ Զաքաեւին եւ ԱՄՆ-ում քաղաքական ապաստան գտած Չեչնիայի նախկին արտգործնախարար Իլյաս Ահմեդովին: Մյուս կողմիցՙ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ռիչարդ Բաուչերն ասել է, որ ԱՄՆ արտաքին քաղաքականության ներկայացուցիչները հետագայում եւս շփվելու են չեչեն չափավոր անջատողականների հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4