ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լրագրողների համերաշխության միջազգային օրըՙ սեպտեմբերի 8-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂՀ ժուռնալիստների միության 2-րդ համագումարը, որը միության նախագահ վերընտրեց Կիմ Գաբրիելյանին (Ստեփանակերտում «Ազգի» թղթակից): Համագումարում հնչած ելույթները հիմնականում փաստում են այն մասին, որ 50 անդամներից կազմված միությունը դեռեւս գտնվում է կայացման փուլում եւ հասարակական բավարար ճանաչում չի ստացել: Լրագրողներից շատերի կարծիքով 3 տարի առաջ ստեղծված միությունը ըստ արժանվույն չի նպաստում խոսքի ազատության ընդլայնմանն ու ժողովրդավարության կայացմանը: ԼՂՀ ճանաչված լրագրող Արարատ Բարսեղյանի խոսքերով, առկա են բազմաթիվ հրատապ խնդիրներ, որոնք չեն լուսաբանվում լրագրողների կողմից վերջիններիս զգուշավորության պատճառով:
Ապագա ծրագրերի շարքում Կիմ Գաբրիելյանը հիմնականում խոսեց լրագրողների սոցիալական պաշտպանվածության խնդիրների մասին:
Լրագրողների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ Արցախի ժուռնալիստների միությունը ընդունեց հայտարարություն, մասնավորապես մեծ կարեւորություն է տրվել ահաբեկչական գործողությունների եւ դրանց դեմ պայքարի լուսաբանման ընթացքում լրագրողների իրավունքների պաշտպանությանը: