«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2004-09-07 | #156, 2004-09-08 | #157, 2004-09-09


«Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԿԱԼԿԱԹԱՅՈՒՄ»

Որպես նախապես տպած մեր նյութի արձագանք տպագրվող այս հոդվածի հեղինակը պատկառելի անձնավորություն էՙ գրող, հրապարակագիր եւ հասարակական գործիչ Անդրանիկ Սարյանը: Այժմ 91-ամյա հոդվածագիրը ապրում է Լոս Անջելեսի շրջանի Գլենդեյլ քաղաքում: Բացի բազմաթիվ հոդվածներից նա հրատարակել է մի շարք գրքեր, որոնցից ենՙ «Հայկական վագրը», «Մեր պղնձյա գայլը» եւ «Անլոյս քառուղիներում»: Վերջինը հուշագրական վեպ է, որտեղ հեղինակը պատմում է նաեւ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում անցկացրած դաժան պատանեկությունը: Այդ վիճակը շարունակվում է այսօր, անստույգ ճակատագրի մատնելով մեր ծնողազուրկ երեխաներին եւ հարցականի տակ պահում մեր ազգապատկան կալվածքներն ու հարստությունները:

Խորագիրը երեւանեան «Ազգ» թերթինն է: Ընթերցողներին աւելի յստակ դարձնելու համար ես կբնորոշէի նաեւ, թէ ի՞նչ է կատարւում Հայոց մարդասիրական ճեմարանում եւ հնդկահայոց ստակների խնդրում:

Ճեմարանի հին սերնդի վերջիններից, եթէ ոչ վերջինն եմ իմ 91-ում, որ քաջատեղեակ եմ համարեա բոլոր այն անցուդարձին, որը առհասարակ առնչութիւն ունի թէ ճեմարանին եւ թէ կտակարարական խնդիրներին: Որովհետեւ, տարիներից ի վեր թէ մէկին եւ թէ միւսին վերաբերող խնդիրները յականէ-յանուանէ ինձ են ուղղուած եղել թէ Լոնդոնից, թէ Բաղդադից եւ թէ Սիդնեյից:

Ուղարկուել են փաստագրութիւններՙ զեղծարարութիւնների, գողութիւնների եւ բռնարարութիւնների վերաբերեալ, ճեմարանական տղաների կողմից, որոնք թէ յօդուածների նիւթ եմ դարձրել մամուլում, եւ որ կարեւորն է, դրանք բացատրական նամակով ուղարկել եմ երջանկայիշատակ Գարեգին Ա վեհափառին:

Կտակների եղծանման եւ իւրացման խնդրի վերաբերեալ գրութիւնս լոյս է տեսել «Նոր կեանք» շաբաթաթերթի 1999 թ. յուլիս 15-ի համարում, իսկ ճեմարանին վերաբերող նիւթը, 180-ամեակի առիթով, «Նոր օր» շաբաթաթերթի 21 ապրիլի եւ 26 մայիս 2001-ի համարներում: Առաջինըՙ «Հնդկահայոց հարստութեան մեծ հարցականը» խորագրով, միւսըՙ «Հայոց մարդասիրական ճեմարանը» անուամբ:

Ես նորութիւն ասած չեմ լինի, երբ որպէս վերյիշում նկատել տամ, որ Հայոց մարդասիրական ճեմարանի ազնուահոգի եւ հայրենապաշտ հիմնադիրներըՙ Աստուածատուր Մուրադխանեանը եւ Մնացական Վարդանեանըՙ իրենց ընկերակից բարերարներով, գերագոյն մէկ նպատակի ձգտում ունէին: Այնՙ որ ուսման ծարաւ մեր ժողովրդին ուսեալ սերունդ տալ, միջնադարեան խաւարը փարատել տալով եւ առաջնորդել նրան դէպի Արեւմտեան զարգացեալ ազգութիւնների շարքը: Հարկաւոր է միտ բերել, թէ դա տեղի էր ունենում 1800-ական թուականների առաջին տասնամեակներում, 1821 թ. մեզանում ճանաչում գտած որպէսՙ զարթօնքի դարագլուխ, երբ Լազարեան ճեմարան էր կառուցւում Մոսկուայում 1814-ին, դարձեալ ուսումնատենչ մեծ հայրենասէր, նախկին հնդկահայ Լազարեանների կողմից:

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրութեան ոգեշնչումը ծագում էր նոյնինքն «Լազարեանի» էութիւնից: Մէկ տարբերութեամբ, որ հնդկահայոց իդէալական ձգտումը աւելի բարձր էր կանգնած «Լազարեան»-ից: Նրանց հայրենասիրական ըղձանքն էր, որ իրենց հիմնադրուելիք կրթական օջախը աւելի բարձր մակարդակի հաստատութիւն լինի, որով իրենցը կրելու էր ո՛չ թէ դպրոց, վարժարան, կամ ճեմարան անունը, այլՙ ակադեմիա: Եւ հենց այդ ազնուամիտ առումով էլ իրենց հիմնադրած օջախի անունը կնքեցին Armenian Philantropic Academy:

Իսկ ինչու Philantropic- մարդասիրական, երեւի հարցնողներ կլինեն: Պարզապէս նրա համար, որ ազգասէր խոջաները ուզեցան կրթութեան հետամուտ սերունդները ձրիավարժ լինեն: Ձրիավարժ ամէն բանով: Հագուստ-կապուստ, կօշիկ, մարզական հագուստ, խաղադաշտ, անգամ նամակագրական թուղթ ու փոստատան ծախս:

Այդ նախաձեռնութեանը եկան դրամական ապահովութիւն ստեղծելու ե՛ւ ժամանակի համարեա թէ բոլոր հնդկահայերը ե՛ւ թէ յաջորդող ազգայինները, որով ապահովագրական դրամագլուխը բարձրացաւ միլիոնների: Մեր ժամանակ այդպէս էրՙ 70-80 տարի մեզանից յետոյ էլ, մինչեւ վերջին տասնամեակներում կատարուած դրամաշորթութեան անբարոյ պարագան:

Ազգասէր հիմնադիրների երազը մնաց երազ: Որովհետեւ յաջորդող հոգաբարձու իշխանաւորները ոչ միայն ակադեմիայի ձգտումը մոռացութեան տուին, այլեւ ճեմարանի մակարդակն էլ իջեցնել տուին սովորական վարժարանի: (Շկոլիՙ ջուղայեցիների յորջորջումով):

Դա ունէր իր գլխաւոր պատճառը:

Նախ որ համաձայն կանոնադրութեան, գրաբարի ուսմունքը նկատուեց թէ՛ որպէս առաջնահերթ ուսմունք, եւ թէ՛ որպէս ուսանելիք առաջին լեզուն, անգլերէնի պարագան երկրորդականի ձգտելով: Այդպէսՙ մօտ հարիւր տարի, երբ ուսանողութեան թիւը 1800-ականի վերջերին իջաւ երեքի... Ուսանողութիւնը անգլերէնի պէտք ունէր եւ ոչ գրաբարի, որով ճեմարանը վերածուեց ամայութեան, իրեն վերապահուած անհաշիւ կտակարարական գումարներով:

1900-ականի առաջին օրերից է, որ ճեմարանը աննախընթաց զարթօնք ապրել սկսեց, երբ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանքի առաջնորդարանից իրաւունք տրուեց շրջակայ գաւառների դպրոցականներին, համաձայն իրենց ցանկութեան, ճեմարանի ճամփէն բռնելու, ուսանելու: Այսպիսով, ճեմարանի աշակերտութեան թիւը հինգ ու տասից բարձրացաւ 50-100, իսկ մեր օրերում, 1930-34-ինՙ 160-ի:

Դպրոցականների թիւը բարձրացաւ եւ կարճ ժամանակում ազգութեանը օժտեց միջազգային համբաւի տէր մարզիկներՙ բռնցքամարտի, հոկեյի, երկար վազքի ասպարէզում: Ախոյաններՙ որոնց անունները ոսկի տառերով է արձանագրուած հնդկաց մարզական կեանքի տարեգրութիւններում, սակայն կրթական մակարդակը մնաց յետին աստիճանի վրայ, դպրոցին տրամադրուած ամենացածր ուսման եւ մասնագիտութիւնից զուրկ ուսուցչութեամբ:

Հայրենապաշտ եւ աւանդապաշտ հնդկահայ հին խոջաների կտակած միլիոնների հասնող դրամագլխի պատասխանատու մարմինները, ամենով նորջուղայեցիներ, մի ստորին մտածում ունէին ընդհանրացած, թէ գիւղերից եկած տղաներին գրաճանաչութիւնն էլ կը բաւէ... Թող առնեն եւ տուն վերադառնան... Սա այնպիսի պարագայում, երբ թէ դպրոցի եւ թէ Ս. Նազարեթայ վաղեմի եկեղեցու կտակուած գանձերի չափը կորցրել էր իր չափը, եւ ամենահեղինակաւոր լրագիրը Կալկաթայի, The Statesman-ը, գրում էր, թէ այս եկեղեցուն պահ տրուած դրամագլուխը ոչ միայն Կալկաթայի եւ ողջ Հնդկաստանի հազարաւոր վանք ու եկեղեցիներին վիճակուած դրամագլուխներին գերազանցում է, այլեւ Միջին Արեւելքի բոլոր եկեղեցիները առած միասին:

Այն պարագայում, երբ կալկաթաբնակ հազարաւոր նորջուղայեցի ընտանիքները անխտիր ամսական թոշակներ էին ստանում Ս. Նազարեթայ եկեղեցու գանձարանի վրայ բազմած նորջուղայեցի եկեղեցական եւ խնամակալական անկուշտ մարմիններից...

Նման պարագաներում է, որ Հայոց մարդասիրական ճեմարանը ունեցաւ, ինչպէս նկատել տուի վերեւում, ամենացածր մակարդակի ուսուցչութիւն, հետեւաբար էլ ցածրագոյն կարգի ուսանողութիւն, որոնցից շատերը երկրորդ-երրորդ դասարանը դեռ մուտք չգործած, փախուստ էին տալիս կա՛մ Պարսկաստան, կա՛մ Կալկաթայի գռիհներում աշխատանք որոնելու...

«Ազգի» արդար այն ակնարկը, թէ ճեմարանը նկատւում է «բռնութիւնների եւ ուսման ցածր մակարդակի» կացարան, ինձ չի զարմացնում: Որովհետեւ ես եւ իմ ժամանակակից սերունդը անցել ենք այդ փուլից: Ես յաճախ եմ գրել այս եւ նման նեխածութիւնների մասին, որով դրանց արմատների խօսուն հետքերը կարելի է գտնել իմ պատմուածքներում, առաւելաբար իմ «Անլոյս քառուղիներում» յուշավէպում, որ հրապարակ հանուեց 2002-ին Լոս Անջելեսում:

ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՐԵԱՆ, Գլենդեյլ, ԱՄՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4