Նշում է պետգույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը
Ի տարբերություն 90-ական թվականների, սեփականաշնորհման գործընթացը վերջին տարիներին որոշակի փոփոխություններ կրեց: Մասնավորեցման ներկա ընթացքի, ձեւերի եւ առաջացած խնդիրների մասին է մեր հարցազրույցը պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանի հետ:
- Տկն Կիրակոսյան, սեփականաշնորհման վերջին ծրագրում ընդգրկված որքա՞ն օբյեկտներ են փոխանցվել հաջորդ տարիներին եւ ո՞ր օբյեկտներն են դժվարությամբ սեփականաշնորհվել:
- Այս խնդիրը կանոնակարգված է: Երբ նշված ժամանակահատվածում ծրագիրը չի ավարտվում, շարունակվում է հաջորդ տարի, մինչեւ նոր ծրագրի ընդունումը: Դժվարությամբ են սեփականաշնորհվում ոչ գրավիչ օբյեկտները, որոնք մեծ պարտքեր ունեն: Օրինակՙ որոշ ընկերությունների գնահատված արժեքի 50 տոկոսը միայն պարտքերն են կազմում: Մենք էլ աշխատում ենք ավելի ցածր գնով, օրինակՙ գնահատված արժեքի 25 տոկոսի չափով սեփականաշնորհել: Ընկերություններ կան, որոնք երեք-չորս անգամ ներկայացրել ենք սեփականաշնորհման: Երբ, ի վերջո, գնորդը չի հայտնվում, ընկերությունը լուծարվում է:
- Իսկ անավարտ շինարարության օբյեկտնե՞րը...
- Անավարտ շինարարության օբյեկտները հաշվառման խնդիր ունեն: Մենք հստակ չգիտենք, թե որ մարզում կամ Երեւան քաղաքում քանի՞ այդպիսի օբյեկտ կա: Այդ տեղեկատվությունը վարչությանը պետք է տրամադրեն քաղաքապետն ու մարզպետները:
- Չե՞ն տրամադրում:
- Կառավարությունը որոշում կայացրել է այս առթիվ: Ուղղակի հետեւողական չենք եղել դրա կատարման գործում: Հիմա պահանջում ենք բոլորից, որ տվյալներ ներկայացնեն իրենց տնօրինության տակ եղած անավարտ շինարարության օբյեկտների մասին: Օրինակՙ աղետի գոտու օբյեկտները չունեն հաշվեկշռային արժեք: Երկրաշարժից հետո նախկին խորհրդային հանրապետությունների շինարարական ընկերությունները սկսել են շինարարությունը, բայց հայտնի պատճառներով թողել են անավարտ եւ մեզ ոչ մի փաստաթուղթ չեն փոխանցել: Դրանք պետք է գնահատվեն եւ ունենան ելակետային տվյալներ, որ կարողանանք ներկայացնել վաճառքի:
- Մասնավորեցման ո՞ր ձեւն է առավել արդյունավետՙ բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը, թե՞ ուղղակի վաճառքը կամ մրցույթը:
- Նախ ասեմ, որ մինչ օրս սեփականաշնորհվել է 1890 ձեռնարկություն, որից 570-ը ուղղակի վաճառքի ձեւով, իսկ 136-ըՙ մրցույթով: Ընդ որում 2004 թ-ին մասնավորեցված 38 ընկերություններից միայն 3-ն է մասնավորեցվել աճուրդով, իսկ մնացածըՙ ուղղակի վաճառքով եւ մրցույթով: Այսինքն, ներկայումս հիմնականում կիրառվում են վերջին նշածս ձեւերը: Ամփոփելով անցած 12 տարվա փորձը, կարող եմ ասել, որ բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության դեպքում հնարավորություն չենք ունենում գնորդին պայմաններ առաջադրելու: Ճիշտ է, այս ձեւն իր առավելություններն ունի: Դա առավել հրապարակային է: Ամեն մի քաղաքացի երկու ամսվա ընթացքում կարող է մասնակցել մասնավորեցման գործընթացին: Այն նաեւ ուղղված է բաժնետիրական ընկերությունների ստեղծմանը եւ կորպորատիվ հարաբերությունների ձեւավորմանը: Մրցույթի կամ ուղղակի վաճառքի ժամանակ գնորդի առջեւ նախապայմաններ ենք դնումՙ ներդրումների, աշխատատեղերի եւ աշխատավարձերի նվազագույն չափի վերաբերյալ: Սրանով ինչ-որ ձեւով փորձում ենք մեղմացնել սոցիալական խնդիրը, ներդրումներ ներգրավել, ձեռնարկության մասնագիտական ուղղվածությունը պահպանել: Բացի այդ, այս ձեւերով պետությունը իր սեփականությունը հանդիսացող գույքի վաճառքը զուգակցում է նպատակաուղղված ներդրումային քաղաքականության հետ, որն ինքնին տնտեսական աճի գրավականներից է: Նշեմ նման ձեւով մասնավորեցված մի քանի հաջող օրինակներ:
«Հրազդանցեմենտը» 2001-ին մասնավորեցվել է «Միկա Լիմիտեդ» ընկերությանը, որն արդեն հաջորդ տարի գերակատարել է իր ստանձնած ներդրումային եւ աշխատատեղերի ապահովման պարտավորություններըՙ ներդնելով մոտ 6,2 մլն դոլար եւ ստեղծելով 673 աշխատատեղեր: 2004 թ.-ին աշխատատեղերի թիվն այստեղ արդեն 900 էր:
Թալինի լուծարվող «Արտին» ընկերության գույքը մասնավորեցրեց «Դայմոթեք» ընկերությունը: Այն նույնպես հաջողությամբ իրականացնում է իր պարտավորություններըՙ անցյալ տարվա ցուցանիշներով ներդնելով 419 հազար դրամ եւ 436 աշխատատեղ ապահովելով: Չարենցավանի «Հոլանին» մասնավորեցվել է կոլեկտիվին: Մինչ այժմ ներդրվել է 153 հազար դոլար եւ աշխատանքով ապահովվել 172 մարդ:
Ընդհանուր առմամբ պայմանագրային պարտավորություններ են ստանձնել շուրջ 340 գնորդներ, որոնցից 100 կատարել են իրենց ստանձնած պարտավորությունները, իսկ մյուսների պարտավորությունների կատարումն ընթացքի մեջ է:
- Մի՞թե բոլորը կատարում են իրենց պարտավորությունները: Կա՞ն դեպքեր, երբ դրանք չեն կատարվում եւ այդ դեպքում ի՞նչ պատասխանատվություն են կրում նոր սեփականատերերը:
- Ներդրումները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վերահսկող մարմինը դիմում է դատարան: Դատարանի վճռի հիման վրա բռնագանձվում է ընկերության գույքը: Նման հայցեր ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը ներկայացրել է, օրինակՙ «Իջեւանյան գորգեր» եւ Գյումրու «Արցախ» ընկերությունների նկատմամբ:
Մենք ընդհանրապես աշխատում ենք աջակցել նոր գնորդներին փաստաթղթերի ձեւակերպման հարցում, որովհետեւ երբեմն ներդրումը կատարում են, բայց փաստաթղթային ձեւակերպում չեն տալիս:
- Ի՞նչ կասեիք Աշտարակի «Տրանզիստորի» սեփականաշնորհման եւ գնորդի կողմից ներդրումային պարտավորությունների չկատարելու շրջանառվող տեղեկությունների մասին:
- Ձեռնարկությունը ձեռք է բերել «Սին կրիստալ» ընկերությունը: Այստեղ խնդիրն այլ է: Մենք չունենք մտավոր սեփականության գնահատման մասին օրենք, չենք կարող նոր տեխնոլոգիաները, գյուտերն ու հայտնագործությունները գնահատել: Դիմել ենք դատարան ներդրումները չկատարելու պատճառով այս ընկերության գույքի վրա բռնագանձում տարածելու հայցով: Դատարանում վեճ է առաջացել: Ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ իրենք ներդնում են մտավոր սեփականություն եւ առաջարկում գնահատել այն: Նրանց հավաստիացմամբ, իրենք այդկերպ ավելի մեծ ներդրում են կատարում , քան նախատեսված է պայմանագրով: Մենք էլ առաջարկում ենք բերել գոնե միջազգայնորեն ընդունված գնահատման չափանիշ: Եթե դա բերվի եւ դատարանն էլ որոշի, որ իսկապես ներդրում է, մենք կհաշտվենք այդ մտքի հետ:
Նշեմ նաեւ, որ գնորդների պայմանագրային պարտավորությունների ամրագրման եւ կատարման վերահսկման կանոնակարգման նպատակով մեր վարչությունը մշակել էր «Պետական գույքի մասնավորեցման պայմանագրերում պարտավորությունների ամրագրման եւ դրանց կատարման վերահսկման գործընթացը կարգավորելու մասին» որոշման նախագիծը, որն արդեն հաստատել է կառավարությունը: Այդ փաստաթղթով հստակեցվում են կատարվելիք ներդրումների ուղղությունների եւ բնույթի սոցիալական երաշխիքները, պարտավորությունների կատարման հաշվետվությունների եւ անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրման, այդ պարտավորությունների չկատարման կամ թերի կատարման դեպքերում տույժերի կիրառման կարգը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ